Մեր արածը շատ քիչ է զինվորների արածի հետ համեմատած
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մեր արածը շատ քիչ է զինվորների արածի հետ համեմատած

Մեր արածը շատ քիչ է զինվորների արածի հետ համեմատած

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս Արցախում էին գտնվում Իրանում գործող «Թևանիկ» բարեսիրական խմբի անդամներ Նարբե Իսրայելյանը և Րաֆֆի Զարիֆյանը: Օգտվելով առիթից՝ «Ապառաժ»-ը մի քանի հարց է ուղղել երիտասարդներին:

Նարբե Իսրայելյանը արդեն 5-րդ անգամն է Արցախում և Իրանում գործող խմբի հիմնադրման ակունքներում է գտնվում: «4 տարի առաջ Մայիսի 9-ի առիթով կազմակերպված շրջագայության ժամանակ Արցախ այցելած մի խումբ իրանահայեր շատ են տպավորվել ու հուզվել՝ տեսնելով այստեղի ժողովրդի ուժեղ կամքը, և որոշել են ինչ-որ ձևով օգտակար լինել Արցախում ապրողներին»,- տեղեկացրել է Նարբեն:

Սկզբում խումբը սակավամարդ էր, բայց տարիների ընթացքում ավելի շատ մարդիկ են միացել և աշխատանքի ծավալներն էլ են մեծացել: Այժմ խմբի հետ համագործակցողների թիվը 300-ից անցնում է, ունեն գրասենյակ: Որպես խմբի անուն ընտրվել է Ջ. Ավետիսյանի նկարահանած «Թևանիկ» ֆիլմի հերոսի անունը:

Սկզբնական շրջանում դժվարություններ կային՝ հատկապես սահմանային անցակետերում, բայց հիմա արդեն ամեն ինչ կարգավորվել է:

«Թևանիկ»-ի նպատակներից է ոչ միայն բարեսիրական օգնության տրամադրումը, այլ նաև Արցախում և Հայաստանում մանր բիզնեսի զարգացմանն աջակցելը: «Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ այստեղ բնակվողներին՝ աշխատել, մանր բիզնեսով զբաղվել: Դրա համար տեղում արտադրվող մեղրը, չրեղենը, ձեռագործ աշխատանքները ներկայացնում ենք Իրանում և ստացված շահույթն ուղարկում արտադրողներին»,- նշել է Րաֆֆին՝ հավելելով, որ նոր ծրագրերի համար ժամանակ է պետք:

Նախկինում մի քանի անգամ Արցախում շրջագայած, զորամասեր այցելած Նարբեն այժմ դրական շատ փոփոխություններ է տեսնում՝ «Տարիներ առաջ էլ եմ եղել զորամասերում, և, կարող եմ ասել, որ նախկինի հետ համեմատ՝ շատ բան է փոխվել: Հիմա ամեն ինչ ավելի կանոնակարգված, ավելի կազմակերպված է»:

Ամեն անգամ Արցախ գալով՝ երիտասարդները փորձում են շփումների, ուսումնասիրությունների միջոցով հասկանալ, թե ինչով կարող են օգտակար լինել:  ««Թևանիկ»-ի աշխատանքն սկսվեց հագուստներ հավաքելով և ուղարկելով: Քանի որ տեղեկություններ քիչ ունեինք, հեռվից դժվար էր  այստեղի յուրահատկությունները, խնդիրներն իմանալը: Եվ մեր այցերը հիմնականում ճանաչողական, տեղի խնդիրներին ծանոթանալու նպատակ ունեն,- նշել է Րաֆֆին՝ ավելացնելով, որ  իրենք շատ լավ հասկանում են, որ ինչ էլ անեն, իրենց արածը շատ քիչ է զինվորների արածի հետ համեմատած,-  Բայց մեր ուժերի, հնարավորությունների չափով ուզում ենք օգտակար լինել»:

20180126_195838

1