Մենք չենք կարող պատասխանատվություն չկրել. Հրանտ Մարգարյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Մենք չենք կարող պատասխանատվություն չկրել. Հրանտ Մարգարյան

Մենք չենք կարող պատասխանատվություն չկրել. Հրանտ Մարգարյան

«Ազատության» հետ հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշել է, որ  երկու օր առաջ բանակացություններ են ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:

 

 

«Մենք մինչև վերջին հանրաքվեն, երբ մեզ ասում էին, մենք երդվում էինք, որ ոչ մի խոսակցություն չկա մեր և իշխանության միջև կոալիցիայի հարցով: Մենք այդ միշտ ասել ենք: Մինչև այս պահը, որ ես Ձեզ հետ խոսում եմ, նման որևէ բան մեր մեջ տեղի չի ունեցել և չի ունենում: Այսօր պիտի ասեմ, որ այսօր տեղի է ունենում, և ես թաքցնելու խնդիր չունեմ: Հարցը նրանումն է, որ, այո՛, մենք պատասխանատվությամբ ենք գնացել նոր Սահմանադրության ընդունմանը: Դաշնակցությունը մեծ բեռ է վերցրել իր վրա, Դաշնակցությունը մեծ պատասխանատվություն է վերցրել՝ համոզումով, հավատքով գնալով սահմանադրական փոփոխություններին: Եվ այսօր մենք չենք կարող պատասխանատվություն չկրենք այդ առումով, այդ Սահմանադրությունն իրագործելու առումով, այդ Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Դրա համար մենք համաձայն ենք համագործակցության», – ասել է Հրանտ Մարգարյանը:

 

 

Մարգարյանի խոսքով՝ առայժմ դժվար է ասել, թե իշխանության հետ համագործակցությունն ինչ ձև կստանա, որովհետև դեռ գտնվում են «բանակցությունների նախնական փուլում»: «Եղել է առաջարկությունը, և մեզ համար դա սկզբունքորեն ընդունվել է, որ պետք է ունենանք համագործակցություն Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Բայց ուրիշ որևէ խոսակցություն առայժմ տեղի չի ունեցել»:

 

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նաև դժվարացել է նշել՝ իշխող կոալիցիայի մաս են կազմելու 2017-ի խորհրդարանական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո․«Ես դեռ չեմ կարող ասել, որովհետև իրականության մեջ իրական կոալիցիա կարող է լինել խորհրդարանական ընտրությունից հետո: Որովհետև կուսակցությունները խորհրդարանի մեջ մեծամասնություն ունենալու համար իրար պետք է պետք ունենան: Դա է իրական կոալիցիան»:

 

 

Թուրքիայի հարցում Սերժ Սարգսյանի քաղաքականության պատճառով իշխող կոալիցիան 2009-ի ապրիլին լքած Դաշնակցությունը հետագայում «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգության» հետ խստորեն քննադատում էր Հանրապետականին, սակայն որոշ ժամանակ անց դուրս եկավ նաև ընդդիմադիր քառյակից՝ պաշտպանելով Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունները:«Ես շատ լավ գիտակցում եմ, որ այսօրվա բարոյահոգեբանական մթնոլորտի մեջ մեզ ձեռնտու չի կոալիցիայի անդամ լինել, որովհետև նոր խոսակցությունների, նոր քննադատության․․․ Թեպետ միշտ եղել է դա: Հիմա էլ կլինի: Գիտեմ, որ քաջություն պետք է այս պայմանների մեջ այդ պատասխանատվության տակ մտնելը: Բայց ես ուրիշ ելք չեմ տեսնում այս երկրի վիճակը փոխելու: Այո, ներսից էլ պետք է փոխենք, դրսից էլ պետք է փոխենք»,- նշել է Հ.Մարգարյանը:

 

 

Անցած տարիների ընթացքում Դաշնակցությունը շարունակաբար պնդում էր, որ իշխող կոալիցիա կմտնի միայն իրենց առաջադրած յոթ կետերի կատարումից հետո: Հրանտ Մարգարյանը մեզ հետ զրույցում չհստակեցրեց՝ արդյո՞ք այդ պահանջները կատարվել են, չմանրամասնեց նաև, թե նոր կառավարությունում ՀՅԴ-ին ի՞նչ պաշտոններ են տրվելու:

 

 

«Ես կարծում եմ, որ ժողովուրդը հուսահատված է քաղաքական ուժերից, բայց ժողովուրդը նաև ճանապարհ է ցույց տալիս: Ժողովուրդը հենց այն ճանապարհն է ցույց տալիս, որի մասին են խոսում մենք արդեն մի քանի տարի․ որ, այո՛, մենք ուրիշ ելք չունենք, բացի այն, որ ընտրությունների միջոցով պետք է իշխանափոխություն տեղի ունենա: Եվ դա հնարավոր է, և դա կարելի է»:

 

 

Երբ դաշնակցակական գործչին հիշեցրինք, որ 1991թվականից ի վեր ընտրությունների միջոցով երբեք իշխանություն չի փոխվել, իսկ ընդդիմադիրներն էլ միշտ պնդել են, որ ընտրությունները կեղծվել են, Մարգարյանը արձագանքել է. «Հիմա ես չեմ կարող ասել, որ 1991 թվականից մինչև այսօր ընտրությունները նույն չափով, նույն մասշտաբով, նույն խորությամբ, նույն մեծությամբ կեղծվում են: Ես հավատացած եմ, որ օր-օրի ժողովրդի մասնակցությունը, ակտիվության չափը մեծանում է: Ընդունում եմ, որ կեղծվում են, բայց ես տեսնում եմ նաև զարգացման պրոցես»:

 

 

Սահմանադրական հանրաքվեից հետո ընդդիամդիր ուժերը հայտարարեցին, որ դրա արդյունքները կեղծվել է, Դաշնակցությունը չբացառեց, որ կեղծիքներ եղել են՝ պնդելով, սակայն, որ հանրաքվեն կայացած է:

 

 

«Որ բոլոր ընտրություններում կեղծիք է եղել՝ անշուշտ այդպես է: Բայց կեղծվել բառը շատ բացարձակ հասկացողություն է և վտանգավոր հասկացողություն է: Իսկապես, երբ որ մենք այս ընտրություններին ասում ենք, որ, այո՛, մենք ընդունում ենք, որ կեղծիք եղել է, բայց կեղծիքը ո՞ր չափով է եղել․․․ Մենք ի վիճակի չենք այդ գնահատականը տալ, սա փաստ է: Հեշտ է ասել՝ կեղծվել է․․․ 90 տոկոսո՞վ, 95 տոկոսո՞վ, թե՞ 51 տոկոսով, թե՞ 48 տոկոսով․․․ Ոչ ոք չափման միավոր չունի: Սա ոչ թե այս ընտրությունների պարագայում էր: Նախորդ ընտրությունների պարագայում էր, երբ Դաշնակցությունն ասում էր, որ կեղծված է եղել, հայտարարություն է տվել, բայց արդյունքները ընդունել է, որովհետև այլ ելք չի եղել»:

 

 

Սարգիս Հարությունյան

azatutyun.am

1