Մենք մեր խաղաղությունն ենք կերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մենք մեր խաղաղությունն ենք կերտում

Մենք մեր խաղաղությունն ենք կերտում

Թե երբ ավարտին մոտեցավ 2016 թվականը՝ Արևելյան օրացույցի Կապիկի տարին, դժվարանում եմ ասել։ Ժամանակի հոլովույթը կարծես թե չափից դուրս սրընթաց էր՝ տարվա հետ կապված մեր սպասումների համեմատ։ Դարձյալ առկախ մնաց աշխարհի մայրաքաղաքներում տասնամյակներ ի վեր չարչրկվող Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը։ Եվ, ինչպես նախորդ տարեդարձին էր, այս անգամ ևս, երբ արդեն նոր տարվա այգաբացն իր ծուղրուղույով ազդարարում է նույն այդ օրացույցի մեկ այլ կենդանակերպի խորհրդանիշ՝ Հրեղեն Աքաղաղը, Արցախում վերստին ահագնացած է անընդհատ թարմացվող ավերիչ պատերազմի  վերսկսման  հնարավոր վտանգը։ Մանավանդ, դեռ չենք էլ հասցրել թեկուզ փոքր ինչ մեղմել Կապիկի տարվա Ապրիլյան պատերազմում նոր սերունդների, հայրենյաց քաջարի պաշտպանների նահատակության համար մեր ապրած անանց ցավն ու կսկիծը։

 

Բայց ասում են՝ Հրեղեն Աքաղաղի տարին, յուրահատուկ լինելով բոլորի համար, խոստանում է շատ ավելի վառ և հիշվող լինել։ Տա Աստված։ Բայց թե մեզ համար վառ ու անմոռաց ինչ է նա խոստանում՝ առայժմ հարց է։ Էհ, ասենք՝ Աստված իր հետ։ Արցախցիներիս հույսն ու ապավենը ոչ Արևելյան օրացույցի  խորհրդանիշերն են, ոչ էլ աշխարհի այսօրն ու վաղը սեփական կամեցողությամբ չափուձևող մեծ մայրաքաղաքների կամքը։ Մենք ինքներս՝ առանց աջ ու ահյակ նայելու, մեր խաղաղությունն ենք կերտում և ամրապնդում, ինքներս սպեղանի դնում մեր վերքերին ու շարունակում շենացնել հայրենի եզերքը՝ քառորդ դար առաջ մեր իսկ կամքով հռչակված հայոց զուգապետությունը։  Բայց ու՞մ ապավինելով՝ կարող է օտարները տարակուսած հարցնեն ու հարցնում էլ են։ Ինքներս մեզ, իհարկե։ Մենք ենք մեր ամենահուսալի ապավենը, մեր համազգային միասնությունն ու համախմբվածությունը հայոց սուրբ առաքելության՝ պատմական հայրենիքի ազատագրության առաջամարտիկների՝ ազատ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ։

 

Մենք ուժ ենք, անկոտրում ուժ։ Քանզի առավել, քան գուցե երբևէ, միասնական ենք, իրար թև-թիկունք։ Դիմեք ցանկացած արցախցու, և նա նույնը կասի։ Անհապաղ, անվարան։ Առանց երկար ու բարակ ծանր ու թեթև անելու։ Արցախյան առածն ասում է՝ պառավը գիտկան չէ, գլխին եկած է։ Արցախցին իր ապրած առնվազն վերջին երեք տասնամյա փորձից հստակ գիտե, թե ինչ ասել է ազգովի բռունցքվել, ու թե պետք է՝ նույն այդ բռունցքով չարակամի հոնքամիջին զսպիչ կամ մահացու հարված հասցնել։ Այո, հենց այդպես։ Ինչպես տասնամյակներ առաջ էր՝ 1991-94-ին, և ինչպես ընդամենն ամիսներ առաջ՝ ապրիլին։ Արցախցին, ինչպես որ մեր յուրաքանչյուր արյունակից Հայաստանում, թե Սփյուռքում, քաջ գիտակցում է, որ Աստծո կամոք ազգային գոյատևման ու հարատևման պատմական մեծ հնարավորություն է տրված մեր ժողովրդին: Զլացար օգտագործել այն, գեթ պահ մի վարանեցիր, պահ անց դու դու չես մնա, ու քեզ չի մնա, օտարի ոտքի կոխան կդառնա քո նախնյաց բնօրրանը, քո ժառանգների՝ աշխարհում ամենա-ամենաապահով ապագայի երաշխիքը՝ հող հայրենին։

 

Այս ամենը, կասեք, մենք գիտենք։ Հարկավ, գիտենք։ Մեծից փոքր։ Բոլորս։ Կամ՝ երևի բոլորս։ Բայց ես դա ասում եմ գուցե թե առավելապես նրանց՝ այն  օտարներից, ովքեր չգիտեն և կամ գիտեն, բայց անտարբեր են նախնյաց եզերքում բնավորված ապրելու, արարելու հայի դարավոր երազանքի, պատմական հայրենիքում ի վերջո հաստատված ու կայացած ազգային պետություն-պետություններն աչքի լույսի պես պահել-պահպանելու աննահանջ կամքի, մեր հոգեկան կերտվածքի, առհասարակ՝ հայի էթնիկ տեսակի նկատմամբ։ Ասում եմ, զորօրինակ, Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով միջազգային միջնորդի դեր ստանձնած Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ղեկավարությանը, նրա Մինսկի խմբի համանախագահությանը՝ սկսած համանախագահ երկրների առաջին դեմքերից մինչև նրանց կողմից լիազորված միջնորդ-դեսպանները, ովքեր, այսպես ասեմ՝ բառացիորեն չեն ուզում ընկալել, կամ, եթե ընկալում են, ապա աշխարհաքաղաքական և կամ տարածաշրջանային զարգացումներում  սեփական ազգային-պետական շահերի թելադրանքով համառորեն անտեսում են խնդրո առարկա հիմնախնդրի, այդ գետնի վրա անցած դարավերջին առաջացած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բուն պատմական, քաղաքական, իրավական. սոցիալ-տնտեսական, կրթամշակութային դրդապատճառները։

 

Արդյունքում ի՞նչ ենք տեսնում։ Ինչպես 80-ական թվականների վերջերին էր, այսօր ևս՝ շուրջ երեք տասնամյակ անց, նույն անխաթար Գորդյան հանգույցն է ահավասիկ, որի ծայրերն իրար են ագուցված կարծես թե վերստին անիմանալի ձևով։ Արդյո՞ք միջնորդական առաքելությունն ի զորու է կրկնել Մակեդոնացու դերակատարությունը՝ թրի մեկ հարվածով այն քանդելու համար։ Այո՝ համոզված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում։ Եվ, որպես այդպիսին, մշակել ու, որպես հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների քննարկման խնդիր, ահա տարիներ ի վեր շրջանառության են դրել Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները։

 

Քանիցս լրամշակված այդ փաստաթղթի դրույթներին, ինչպես հայտնի է, վերջին անգամ անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 8-ին, Համբուրգ քաղաքում՝ ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 23-րդ նիստի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության մեջ։ Այն ամբողջությամբ հրապարակվել է մամուլում, ուստի խուսափենք լրիվությամբ վերաշարադրելու անիմաստ գայթակղությունից։ Անդրադառնանք փաստաթղթի միայն առանձին առանցքային շեշտադրումների։

 

Եվ այսպես, նախ՝ կողմերին հիշեցվում է, որ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ազատ ինքնորոշման վրա։ Ապա՝ փաստաթղթի հեղինակները միաժամանակ, որպես համանախագահող երկրների նախագահների կողմից առաջարկված լրացուցիչ տարրեր, շեշտում են, որ Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը, բոլոր տեղահանվածներին և փախստականներին իրավունք վերապահել վերադառնալու իրենց բնակության նախկին վայրեր։ Վերջապես՝ Լեռնային Ղարաբաղն օժտվում է ժամանակավոր կարգավիճակով, որը ՙնրան կտա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ՚, իսկ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը կսահմանվի ՙպարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ՚։

 

Ինչպես ակնհայտ է հայտարարության տեքստից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս այդ երկրների ԱԳ նախարարների, փաստորեն, որպես պարտադրանքի գործոն ամրագրում են Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու հրամայականը և բոլոր տեղահանվածների ու փախստականների իրենց բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունքը։ Ուշագրավ է, որ թեկուզ ենթատեքստային իմաստով ոչ մի ակնարկ չի արվում, նախ,  Ադրբեջանի կողմից բռնազավթված ԼՂՀ տարածքների՝ (Շահումյանի շրջան, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի շարք հատվածներ) վերադարձի, ապա և՝  Ադրբեջանից տեղահանված շուրջ կես միլիոն հայ փախստականների իրավունքների մասին (դժվար չէ կռահել՝ հայտարարության մեջ խոսքը վերաբերում է բացառապես ադրբեջանական ազգության քաղաքացիներին)։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, ապա այդ կապակցությամբ հայտարարության դրույթը, անորոշ ու հեղհեղուկ լինելով, չի դիմանում և ոչ մի քննադատության։

 

Նշենք նաև, որ հայտարարության մեջ խստիվ դատապարտվում են ուժի և դրա սպառնալիքի կիրառումը, ռազմաճակատում ապրիլին տեղի ունեցած վայրագությունները։ Միևնույն ժամանակ, դրանք այն աստիճան անհասցե են ամրագրված, որ բանից անտեղյակ միջազգային հանրության համար անհնար է տարբերակել ագրեսորին և այդ ագրեսիայից պաշտպանվողին, վայրագությունների դիմած և նույն այդ այդ վայրագություններից տուժած կողմերին։ Այլ կերպ ասած՝ փաստաթղթի հեղինակները, կազմելով այն, իրականում առաջնորդվել են խորհրդային իրականությունից բոլորիս քաջ հայտնի համահարթեցման տխրահռչակ սկզբունքով։

 

Նույն այդ համահարթեցման ևս մեկ ուշագրավ դրսևորում.  հայտարարության հեղինակները կոչ են անում ՙԲաքվին և Երևանին՝ հարգելու մայիսի 16-ին Վիեննայի գագաթնաժողովում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովում ընդունված համատեղ հայտարարություններում ամրագրված համաձայնությունները՚: Թեկուզ նրանց իսկ՝  Մինսկի խմբի համանախագահ երկրների  արտգործնախարարների համար վաղուց պարզ ու ակնհայտ է, որ այդ համաձայնություններից ոչ միայն խուսափում, այլև դրանց իրականացմանը բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով խոչընդոտում է բանակցող կողմերից միայն մեկը՝ Ադրբեջանը։ Արդյոք կկարողանա՞ն միջազգային միջնորդները նոր տարում համոզել կամ պարտադրել Բաքվին, որպեսզի համաձայնի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի իր մասում դիտարկման ու հետաքննության մեխանիզմների իրականացմանը։ Կարծում եմ՝ դժվար թե։ Քանզի Ադրբեջանի իշխանություններին համակած անպատժելիության զգացումն այսօրվա դրությամբ, ինչու՞ չէ՝ նաև մոտ ապագայում, ավելի ուժեղ է, քան կարգավորման միջնորդ երկրների կողմից Բաքվին պարտադրելու միասնական կամքը։ Եթե կամքն այդ, իհարկե, գոյություն ունի առհասարակ։

 

Կա՞ այլ ելք։ Անշուշտ։ Բայց դա արդեն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի խնդիրն է։

 

Խոսքիս ավարտին ուզում եմ նշել մեր համազգային միասնության ուժը  խորհրդանշող այսպիսի մի իրողություն։ Օրերս Լոս Անջելեսի բնակչուհի, հալեպցի արմատներով 85-ամյա Վիկտորիա Շաքարյանը, ով օրվա ցերեկային ժամերն անցկացնում է քաղաքի ՙՎիկտորիա՚ առողջապահական կենտրոնում, իմ հասցեով ուղարկել է ծանրոց՝ մեջը իր իսկ ձեռքով հունիսի կեսերից ի վեր գործած 50 զույգ տղամարդու և 8 զույգ կանացի տաք գուլպաներ՝ Արցախի դիրքապահ զինվորներին հանձնելու համար։ Որպեսզի Հրեղեն Աքաղաղի տարվա ձմեռը  տղաները և աղջիկները չմրսեն։ Վիկտորիա մայրիկի խոսքով՝ դա նրա առաջին ուխտն է։ Երկրորդ ուխտն է՝ գալ Հայաստան և համեղ կերակուրներ պատրաստել հայրենյաց պաշտպան զինվորների համար։ Ծանրոցն անհապաղ հանձնելով  Պաշտպանության բանակի շտաբ, իմացա, որ գրեթե նույնատիպ պարունակության ծանրոցներ են վերջերս ստացվել նաև Ֆրանսիայում ու Հայաստանում ապրող հայ մամիկներից։ Վերհիշենք՝ այդպես էր նաև Երկրորդ աշխարհամարտի ահեղ տարիներին։ Այդպես էր նաև քսաներորդ դարավերջի Հայոց ազատամարտի՝  Արցախյան հայրենական պատերազմի ոչ պակաս ահեղ տարիներին։ Համոզված եմ՝ ոք չի կարող անտարբեր մնալ իրենց կյանքի դարավերջին հասած այդ ճերմակահեր հայուհիների հայրենասիրական քայլին։ Ուստի, սիրելի ընթերցողներ, ձեզ հետ միասին որդիաբար խոնարհվում եմ նրանց լուսավոր կերպարների առջև, մաղթելով առողջություն ու արևշատություն, հայոց աշխարհին՝ վերջնական խաղաղություն ու բարօրություն  Հրեղեն Աքաղաղի տարում և գալիք բոլոր ժամանակներում։

Միքայել Հաջյան  

1