Մենք դեմ ենք հաշվեհարդարներին. Արմեն Ռուստամյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Մենք դեմ ենք հաշվեհարդարներին. Արմեն Ռուստամյան

Մենք դեմ ենք հաշվեհարդարներին. Արմեն Ռուստամյան

ՀՀ Ազգային ժողովի <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Ղարաբաղի ներկա և նախկին պաշտպանության նախարարների միջև սկիզբ առած հեռակա բանավեճին, «Ազատության» հետ զրույցում ընդգծել է՝ դրանով պարզապես խարխլում են Ղարաբաղի պաշտպանության համակարգը:

 

Վերջերս արտերկրից Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանը սուր քննադատության էր ենթարկել Ղարաբաղի ռազմական ղեկավարությանը՝ պնդելով, թե ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը սխալներ է թույլ տվել, ինչի հետևանքով տարածքներ ենք կորցրել և զոհեր տվել: Ղարաբաղի պաշտպանության ներկայիս նախարար Լևոն Մնացականյանն էլ հակադարձել էր, թե 1994-ին Բաբայանը 21 կիլոմետր տարածք է հանձնել Ադրբեջանին:

 

«Մենք դեմ ենք ընդհանրապես, մանավանդ այս օրերին, ինչ-որ ռազբորկաների, գզվռտոցների, նման երևույթների, մանավանդ, երբ տեսանք՝ դա նաև բռնություններով է ուղեկցվում: Սա լավ տեղ չի տանում, որովհետև ես վստահ եմ, որ այս ամենը արձագանք է ունենալու նաև Ադրբեջանում: Եվ սա պարարտ հող է ստեղծելու, որ ևս մեկ անգամ տպավորություն առաջանա, որ մենք մեր մեջ ինչ-որ պառակտման խնդիրներ ունենք: Հիմա ես կոչ կանեի, որ իսկապես հանդարտվեն, սթափ նայեն իրավիճակին, թույլ չտան, որ փոխադարձ այս մեղադրանքները օգտագործվեն թշնամու կողմից», – կարծիք է  հայտնել Ռուստամյանը:

 

Արմեն Ռուստամյանի կարծիքով, ճիշտ կլինի, որպեսզի «ցեխարձակումների փոխարեն» կողմերը ճանապարհներ գտնեն միասին քննարկելու առկա խնդիրները: Ընդ որում, այդ քննարկումները պետք է փակ լինեն, չի կարելի պաշտպանության հարցերը հրապարակավ քննարկել, դա լավ տեղ չի տանելու:

 

Ստեփանակերտում Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե ստիպված է հասարակության հետ քննարկել այդ թեմաները, քանի որ ԼՂ ռազմական ղեկավարությունը իրեն չի ընդունել, որպեսզի քննարկեն այդ հարցերը: «Ազատության» հարցին՝ ինչո՞ւ չեն ընդունում Բաբայանին, Ռուստամյանը պատասխանել է․ «Եթե սկսում ենք ինչ-որ մեղադրանքներով խոսել, բնական է՝ դժվար է լինում կոնտակտը: Դրա համար եմ ասում՝ պետք է զերծ մնան դրանից առաջին հերթին: Երկրորդը՝ իրենք հենց, բոլորը, պաշտպանության ղեկավարությունն են իրականացրել իրենց ժամանակներում և շատ լավ պետք է հասկանան, որ պաշտպանությունը խարխլող որևէ քայլ չի կարելի թույլ տալ, իսկ այն, ինչ կատարվում է, ըստ էության խարխլում է այդ պաշտպանությունը»:

 

 

«Քաղաքական ենթատեքստ տեսնում եմ այն պարզ պատճառով, որ առջևում ընտրություններ կան, և այդ ընտրությունների շեմին ես միշտ նման ակտիվություն նկատել եմ», – ասաց նա:

Դաշնակցական պատգամավորը, սակայն, ընդգծում է՝ այն ուժերը, որոնք նախաձեռնել են այս ծեծը, մեծ վնաս են հասցրել Լեռնային Ղարաբաղի վարկին՝ այդ կերպ օգնելով ադրբեջանական քարոզչամեքենային:

 

«Ով որ նախաձեռնել է այդ ծեծը, իսկապես երևի լավ չի հասկացել, որ առաջին հերթին մեծ հարված է հասցրել հենց Լեռնային Ղարաբաղի վարկին, որն ինձ համար ամենակարևորն է: Որևէ բան չարժեր, որ կարելի լիներ այդ քայլին գնալ և այդ գինը վճարել, և չպիտի թողնենք այն տպավորությունը, որ այնտեղ օրենքից դուրս, ինչ-որ անօրինական իրավիճակ է, չի ղեկավարվում, վերահսկողություն չկա, – ասել է Արմեն Ռուստամյանը, – Որովհետև ամբողջ աշխարհով, գիտեք, որ նույն ադրբեջանցիները հիմնական թեզը որ տանում են, ասում են, որ դա սև գոտի է, որտեղ չեն գործում մարդու իրավունքները, հիմնարար ազատություններն ու իրավունքները: Չի կարելի այդպիսի քայլեր կատարել, հետո ասել, որ գիտեք՝ մենք իսկապես ջատագով ենք մեր երկրի կայացմանը: Մարդիկ պետք է հասկանան, որ դա մենակ խոսքեր չեն»:

1