Մենք Արթուր Մկրտչյան կերպարի անհրաժեշտություն ունենք. Դավիթ Իշխանյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մենք Արթուր Մկրտչյան կերպարի անհրաժեշտություն ունենք. Դավիթ Իշխանյան

Մենք Արթուր Մկրտչյան կերպարի անհրաժեշտություն ունենք. Դավիթ Իշխանյան

Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 54 տարեկան: Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին, որն անջնջելի հետք է թողել Արցախյան շարժման պատմության մեջ: ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին եւ ճակատագիրն այնպիսի անջնջելի հետք թողեցին հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, որ անգամ պաշտոնավարած լինելով երեք ամսից քիչ ժամանակահատվածում, նրա անունն առհավետ բուն դրեց ժողովրդի հիշողության մեջ: Իսկ ճակատագրի ողբերգականությունը դարձավ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերեւս, ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականության խորհրդանիշը:

 

 

Քաղաքականության մեջ նրա անփորձությունն ու անվարժությունը, որտեղ նա հայտնվել էր ճակատագրի բերմամբ, լիաչափ կերպով փոխհատուցվում էին նրա բնատուր խելքով, բացարձակ օրինավորությամբ եւ Շարժման նպատակներին ու գաղափարներին հավատարմությամբ. այդ մասին փաստում են այն մարդիկ, ովքեր երբեւէ առիթ են ունեցել շփվելու Արթուր Մկրտչյանի հետ կամ գոնե փոքր ինչ ծանոթ են նրա գործունեությանը:

 

 

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ էին նրա գերեզման-հուշաքարի մոտ: ԼՂՀ ԱԺ նախագահը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Գ. Պետրոսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դ. Իշխանյանը, ՀՅԴ <<Արթուր Մկրտչյան>> քաղաքային կոմիտեության անդամներ, պետական պաշտոնյաներ, պատգամավորներ եւ հարազատներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ա. Մկրտչյանի շիրիմին:

 

 

<<Մենք ամեն տարի գալիս ենք այստեղ` մեր հարգանքի տուրքը մատուցելու Արթուր Մկրտչյանին,- խոսելով Ա. Մկրտչյան գործչի մասին` ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը: — Կարծում եմ, Արթուր Մկրտչյանի հիշատակը հարգելով, մենք նաեւ մեր երախտագիտությունն ու խոնարհումն ենք բերում բոլոր այն մարդկանց, ովքեր 1988 թվականից սկսած հայտնվեցին քաղաքական ասպարեզում, իսկ նրանց հայտնվելը այնքան բնական ու օրինաչափ էր, որ երեւի ուրիշ որեւէ կերպ չէր էլ կարող գալ համաժողովրդական շարժման ալիքով քաղաքական գործիչների այդ նոր սերունդը ու գլխավորել այդ համաժողովրդական շարժումը: Ամեն տարվա այս ավանդույթից զատ, այս տարի Արցախյան շարժման 25-ամյակի տարում մենք փորձում ենք նաեւ ամփոփել, հանրագումարի բերել ազգային ազատագրական շարժման բոլոր այն նվիրյալների գործունեությունը, ովքեր կարողացել են այդ շատ խիստ եւ բախտորոշ ժամանակահատվածում ոչ միայն գլխավորել համաժողովրդական շարժումը, այլեւ ինքնահաղթահարել այն: Կարծում եմ` Արթուր Մկրտչյանի եւ նրա նման մարդկանց գալը եւ գլխավորելը համաժողովրդական շարժումը` իրականում շատ խիստ բարոյական եւ ընդգծված արդարացի պայքարի երանգ տվեց Արցախյան շարժմանը: Հետեւաբար, նրա եւ Արցախյան շարժման բոլոր նվիրյալների գործունեության պսակն է այսօրվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նաեւ այն իրողությունները, որ այսօր կան անկախ Արցախում>>:

 

 

Ամեն տարի` այն երիտասարդները, ովքեր ՀՅԴ կուսակցության շարքերն են համալրում, երդվում են Արթուր Մկրտչյանի շիրիմին:
<<Վերջերս մեր ընկերներից մեկը մի արտահայտություն արեց, որ մենք սրբերի կարիք ունենք,-նշեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դ. Իշխանյանը,- սա խորհրդանշական արտահայտություն էր, բայց, կարծում եմ, Արթուր Մկրտչյանի գերեզմանը հենց այն սրբավայրերից մեկն է, որ ոչ միայն երիտասարդ Դաշնակցականը, այլ ընդհանրապես մերօրյա երիտասարդն իր երդումը տա այնպիսի մի վայրում, որ իրոք սրբագրված եւ սրբագործված է: Արթուր Մկրտչյան անձը, պետական գործիչը այն եզակիներից մեկն էր, որ կարողացավ սրբությամբ կերտել ոչ միայն իր օրերի, այլեւ մեր օրերի նորօրյա պատմությունը: Կարծում եմ` այսօր մենք ոչ միայն Արթուր Մկրտչյան կերպարի, այլեւ նման կերպարների մեծ անհրաժեշտություն ունենք>>:

 

 

Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը` 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին: Այն ժամանակներում չափազանց համարձակ այդ քայլը Արթուրի համար եղել է գիտակցված արարք, քայլ դեպի սեփական անձի եւ սկսվող հեղափոխական գործընթացներում սեփական դերի իմաստավորում: 1988թ. փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից մինչեւ նախագահ ընտրվելը, Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց: 1992թ. հունվարին նորածին հանրապետության գլուխ կանգնեց մի երիտասարդ, ով մարմնավորում էր ազգային-ազատագրական շարժման ոգին` 1988-1990 թվականների` նրա լավագույն, վեհ ու լուսավոր դրսեւորումներով:

 

 

 

<<Կգա մի ժամանակ, որ բոլոր հիշողությունները` կապված Արթուր Մկրտչյանի հետ, գրավոր ձեւով կներկայացնեմ բոլորին,- ասաց Արթուր Մկրտչյանի կինը` Գոհարը,- իսկ հիմա, երբ 25 տարիների հեռավորությունից անդրադարձ ես անում դեպի հետ, բոլորովին չես կարողանում պատկերացնել, որ այն ժամանակվա շարժումը կարող էր այս տեսակ թափ ստանալ եւ հետեւանքը լիներ այն ամենը, ինչ մենք ունենք այսօր: Մենք անմեղ պահանջներ էինք դնում այն ժամանակ ադրբեջանական կառավարողների առջեւ` երեխաները հայկական հեռուստատեսություն լսեն, իրենց մայրենի լեզվով, դպրոցներում հայ ժողովրդի պատմություն առարկան ուսանեն: Այդ ամենն այն ժամանակ անհնարին բան էր թվում: Երեւի թե իրենք հասկանում էին, թե դրա վերջն ուր կտաներ, դրա համար անմիջապես սկսեցին դրա դեմն առնել: Եվ պահանջում էին, որ` ովքեր ուզում են հայ ժողովրդի պատմություն ուսուցանել, կամ մայրենի լեզվով հեռուստահաղորդումներ ունենալ, կարող են գնալ իրենց հայրենիքը եւ այնտեղ այդ ամենը ապահովված կլինի: Մենք էլ պնդեցինք, որ մեր հայրենիքը հենց սա է, որտեղ մենք ապրում ենք: Ժողովրդական մի խոսք կա, ասում են, երբ ձիու սանձը շատ չես ձգում` կառավարելը հեշտ է դառնում: Մեր պարագայում սանձն այնքան ձգեցին, որ արդեն անկառավարելի իրավիճակ էր եւ պետք է դուրս գայինք այդ իրավիճակից: Բայց այն համախմբվածությունը, այն հավաքական միասնությունը, այն ուժը, որ կար փետրվարի 12-ից սկսած, նման բան միայն ֆիլմերում էինք տեսել, եւ չէինք էլ պատկերացնում, որ մեր ժողովուրդը ընդունակ է դրան: Այսօր հպարտության, ցավի եւ ափսոսանիքի զգացում ունեմ: Գտնում եմ, որ պատմությունից պետք է դասեր քաղել:եւ այսօրվա ձեռքբերումը հեշտ ու հանգիստ չի եղել: Եվ այն հողը, որի վրա այդքան շատ արյուն է թափվել, պետք է սրբությամբ պահել ու պահպանել>>:

 

 

Գոհար Մկրտչյանը գտնում էր նաեւ, որ Արթուր Մկրտչյանի եւ նրա ընկերների սկսած Շարժումը դեռ ավարտված չէ. <<Չեմ կարծում, ու Արթուրի ու նրա ընկերների սկսած Շարժումն ավարտվել է, որովհետեւ մեր բոլոր պահանջները դեռ չեն իրականացվել: Դրանք միայն պահանջ չէին, դրանք մեր ցանկությունները, իղձերն ու երազանքներն էին: Այն, ինչ մենք փայփայում էինք մեր հոգու խորքում, դեռեւս այդ ամենին չենք հասել: Դրա համար էլ մեր պայքարը դեռ շարունակվում է, մենք դեռ հարցեր ունենք լուծելու: Եւ, փաստորեն, այդ հարցերը լուծելու խնդիրը մնում է մեր այսօրվա երիտասարդների վրա>>:

 

 

 

Պատրաստեց` Անի ԱԶԱՏՅԱՆԸ

 

 

 

 

 

 

1