Մեկնարկեց ԼՂՀ ԱԺ չորրորդ նստաշրջանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական »  Մեկնարկեց ԼՂՀ ԱԺ չորրորդ նստաշրջանը

 Մեկնարկեց ԼՂՀ ԱԺ չորրորդ նստաշրջանը

Սեպտեմբերի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ մեկնարկել են ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ 4-րդ նստաշրջանի աշխատանքները:

 

Խորհրդարանի նախագահը հակիրճ անդրադարձել է նախորդ ամիսներին ԱԺ գործունեությանը:
Կանոնակարգ օրենքի համաձայն՝ նստաշրջանի մեկնարկին խորհրդարանականները հաստատել են ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը՝ վերընտրելով Ռամելա Դադայանին, Լյուդմիլա Բարսեղյանին և Գագիկ Բաղունցին:

 

Այնուհետև պատգամավորները քննարկել են օրակարգում տեղ գտած հարցերը:

 

Խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ԼՂՀ օրենքը, որը միտված է բարձրացնել էկոլոգիական կրթության դերը ԼՂՀ կրթական հաստատություններում, հատկապես նախադպրոցական և հանրակրթական մակարդակներում:

 

Ազգային ժողովը հաստատել է նաև`

 

«Թափոնների մասին ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ընդերքի մասին ԼՂՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, որով կատարելագործվում են նշված օրենքների առանձին բաժինների և հոդվածների դրույթները՝ իրավակիրարկման համար ավելի արդյունավետ դարձնելով դրանք:

 

«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որն ուղղված է նշված օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված արտոնությունից օգտվողների շրջանակի ընդլայնմանը:

 

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքը:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի  կատարման մասին տեղեկատվություն է ներկայացրել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը:

 

Նիստին հնչել է նաև պատգամավորական հայտարարություն. պատգամավոր Ռամելա Դադայանը հանդես է եկել կրթության ոլորտում բարեփոխումների՝ մասնավորապես մանկավարժների սոցիալական ապահովվածության մասին հիմնավորումներով:

 

Ընդմիջումից հետո խորհրդարանը վերսկսել է աշխատանքները և տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

 

Կառավարության անդամները փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ պատասխանել են բյուջեում կատարված փոփոխություններին, Արցախկապ և Ղարաբաղ-տելեկոմ ընկերությունների ծառայություններին, դպրոցների ծանրաբեռնվածությանը, հատուկ կատեգորիայի մարդկանց համար բնակարանաշինությանը, Շահումյանի շրջանի բնակավայրերից երկուսում դպրոցի և հիվանդանոցի շինարարությանը, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող ԱԺ պատգամավորների առաջադրած հարցերին:

 

 

1