Մեծ պապս գաղթել է Վանից՝ ճանապարհին կորցնելով հորը, իսկ մայրը, քույրն ու եղբայրը սովամահ են եղել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մեծ պապս գաղթել է Վանից՝ ճանապարհին կորցնելով հորը, իսկ մայրը, քույրն ու եղբայրը սովամահ են եղել

Մեծ պապս գաղթել է Վանից՝ ճանապարհին կորցնելով հորը, իսկ մայրը, քույրն ու եղբայրը սովամահ են եղել

Սիմոն Ղարիբյանի պատմությունը

1907 թ., Վան

Լուսինե Ղարիբյանը ներկայացնում է Ցեղասպանությունը վերապրած իր հոր պապի գերդաստանի պատմությունը: Նրանք ապրել են Վանի գավառի Արճեշ քաղաքում, սակայն երբ սկսվել է կոտորածը, ստիպված բռնել են գաղթի ճամփան: Ճանապարհին կորցրել են մեծ պապի հորը, իսկ մայրը, փոքր եղբայն ու քույրը մահացել են սովից:

 

«Իմ մեծ պապի գերդաստանը շատ մեծ է եղել, իսկ իր ընտանիքը բաղկացած է եղել 6 անդամից. հայրը`Մելքոն Ղարիբյան, մայրը`Մանուշակ Վարդանյան, մեծ պապիկս, եղբայրը` Գուրգեն Ղարիբյան, մյուս եղբայրը`Արսեն Ղարիբյան և քույրը` Երանուհի Ղարիբյանը։ Նրանք ապրել են Վանի գավառի Արճեշ քաղաքում։ Արդեն սկսված է եղել կոտորածը թուրքերի կողմից և նրանց ամբողջ գերդաստանը բռնել է գաղթի ճանապարհը։ Հայրը եղել է զինվոր։ Նա սայլով վիրավոր զինվորներ է տեղափոխելիս եղել հիվանդանոց։ Նա ասել է, որ ընտանիքը գնա, իսկ ինքը կհասնի նրանց հետևից և այդպես էլ կորցրել են միմյանց։ Նրանց գերդաստանը ճանապարհին շատ կորուստներ է ունեցել։ Անցել են Արաքս գետը և հասել Էջմիածին։ Նրա ընտանիքը և մյուս ողջ մնացածները պատսպարվել են եկեղեցու բակում վրանների մեջ։

 

Այստեղ էլ փոքր եղբայրն ու քույրը սովից և հիվանդությունից հյուծված մահանում են։ Որոշ ժամանակ անց մահանում է նաև մայրը։ Իմ մեծ պապիկին տանում են որբանոց, իսկ եղբորը պահում է հորաքույրը։ Պապիկը երկար չի մնում որբանոցում և փախչում է, որպեսզի լինի եղբոր հետ… Իմ մեծ պապիկի երազանքն է եղել գոնե մեկ անգամ գնալ արևմտյան Հայաստան և տեսնել իր հայրական տունը։ Սակայն 1997 թվականին պապիկը մահացել է։ Իմ մեծ հորեղբայրը գործի բերումով եղել է արևմտյան Հայաստանում և այնտեղից հող է բերել և լցրել պապիկի գերեզմանին, որը գտնվում է Զվարթնոցի գերեզմանատանը։ Այս ամենն ինձ պատմել է իմ տատիկը`Գայանե Դերձյանը»։

1