Մեծ Թաղեր․ Արտագաղթը շրջանցած եւ օրեցօր զարգացող գյուղը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մեծ Թաղեր․ Արտագաղթը շրջանցած եւ օրեցօր զարգացող գյուղը

Մեծ Թաղեր․ Արտագաղթը շրջանցած եւ օրեցօր զարգացող գյուղը

Մսի խանութ, վարսավիրանոց, տնտեսական խանութ, դարբնոց, հյուրատուն, էթնոկոմպլեքս, թանգարաններ… Արցախի ամենամեծ գյուղի՝ Մեծ Թաղեր գյուղի յուրահատուկ հնարավորությունների մասին կարելի է երկար թվարկել։ Շուրջ 1500 բնակիչ ունեցող գյուղն ունի էկոտուրիզմի զարգացման բոլոր հնարավորությունները։

Արտագաղթի թեման Մեծ Թաղերում ակտուալ չէ․ բնակչության թիվը վերջին տասնամյակում տատանվում է 1500-1505-ի սահմաններում։ Համատարած արտագաղթը շրջանցել է Հադրութի շրջանի այս գյուղը՝ ի շնորհիվ օրեցօր ստեղծվող աշխատատեղերի։ Գյուղապետ Վլադիկ Դանիելյանի հաղորդմամբ՝ Մեծ Թաղերի համայնքային հաստատություններում աշխատում է շուրջ 100 մարդ: Մոտ 70 հոգու համար էլ եկամտի աղբյուր է պայմանագրային զինծառայությունը։ Նաեւ՝ թվարկված եւ օր օրի վրա մեծացող «սեփականությունը»։

Արտերկրում ապրող թաղլարցիներին համախմբելու նպատակով 2005 թվականի մայիսին հիմնված «Մեծ Թաղլարի սոցիալական աջակցության բարեգործական աջակցության հիմնադրամ» հիմնադրամի միջոցներով գյուղում լուծվել են մի շարք խնդիրներ։ Աշխատատեղերի հիմնման եւ գյուղի բարգավաճման գործին լծված է նաեւ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, պետական եւ ռազմական գործիչ Արթուր Աղաբեկյանը։

Վերջինիս նախաձեռնությամբ 2006-ին գյուղի տներից մեկը վերածել են թեյարան-գորգագործարանի՝ «Կաժ» անունով: Տարիներ անց՝ 2013-ին, գաղափարը զարգացել եւ վեր է ածվել էթնոկոմպլեքսի՝ գործող դարբնոցով, օղու թորման արտադրամասով, թոնիրով, թեյարանով, չրեղենի արտադրամասով եւ հյուրատնով՝ պահպանելով գյուղի հին անունը՝ Կաժ՝ մանած թելի կծիկ:

Էթնոկոմպլեքսի տնօրեն Գարիկ Ոսկանյանն ասում է, որ «Կաժ»-ը եկամուտի աղբյուր չի հանդիսանում, այն ավելի շատ ավանդություններն եւ սովորույթները պահպանելու նպատակ ունի։

«Ավարտել ենք ղարաբաղյան ավանդական ոճով կառուցվող հյուրատան շինարարությունը։ Զբոսաշրջիկներն այսուհետ հնարավորություն կունենան գիշերելու մեր գյուղում եւ վայելելու պատմական գյուղի տեղական ուտեստները,- ասել է Գ․Ոսկանյանը եւ նշել, որ առաջիկայում ծրագրում են նաեւ ջրաղաց կառուցել, որով կաղան տեղական ցորենն ու կվաճառեն ցանկացողներին:

Արհեստագործությամբ, իր պատմությամբ եւ բնությամբ հայտնի գյուղի դարբնոցում աշխատում է տեղացի դարբին Արթուր Աբաղյանը, որը տարբեր տեսակի իրեր է պատրաստում գյուղացիների համար, թեյարանում խոհարարն է՝ իր ամուսնու հետ, իսկ թոնրատանը՝ հացթուխը: Օղու արտադրամասում, որը նախկինում բնակելի տուն է եղել եւ հին պատմությունի ունի, այսօր տեղական հումքով թթի, հոնի, ծիրանի, վայրի տանձի օղի են թորում, որն առաջարկվում է այցելուներին, երբեմն էլ հանվում է վաճառքի տարբեր ցուցահանդես-փառատոների ժամանակ:

Մեծ Թաղերի բնակչության հիմնական զբաղմունքը բուսաբուծությունն է, բանջարաբոստանային կուլտուրաների աճեցումը: Բնակավայրը շրջապատված է լեռներով ու անտառներով, ինչը բարենպաստ չէ անասնապահության համար: 70-80 հա տարածք ունեցող բնակավայրն ապահովված է ոռոգման ջրով, ինչն էլ կարեւոր գործոն է դարձել տնամերձ հողատարածքների մշակման համար: Գյուղի հողահանդակները 20-25 կմ հեռու են, եւ ճանապարհածախսի պատճառով դրանց մշակումը խնդիր է:

«Այս պահին, երբ լուծված են գյուղ մտնող ճանապարհի ու ոռոգման ջրի հարցերը, կարեւորվում է մշակույթի տան, դպրոցի ու թանգարանի խնդիրը: Սրանք շենքեր ունեն, բայց բավական հին են: Օրինակ, 1970-ականների դպրոցը կարիք ունի ոչ թե պարբերական կոսմետիկ նորոգումների, այլ կապիտալ վերանորոգման: Նույնատիպ վիճակում է նաեւ թանգարանը, որտեղ պահվում են ոչ միայն հնագիտական իրեր, այլեւ Մեծ Թաղերում ծնված ԽՍՀՄ հերոս, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցին (Սերգեյ Խուդյակով) ու թաղերցի այլ զինվորականների նվիրված ցուցանմուշներ»,- ասել է գյուղապետ Վլադիկ Դանիելյանը։

Ծնելիությունը խթանելու վերաբերյալ ԱՀ իշխանությունների քաղաքականությունը, Մեծ Թաղերի գյուղապետի կարծիքով, բավարար չէ: Պետությունն աջակցություն է ցուցաբերում բազմազավակ ընտանիքներին: Օրինակ՝ 4-րդ երեխան ծնվելու դեպքում 1 մլն դրամ է հատկացնում, նույնքան էլ ավանդ բացում բանկում մինչեւ չափահաս դառնալը: 4-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում հատկացվում է այդքան օգնություն, իսկ 3-րդի դեպքում՝ 700.000: 6-րդի ծնվելու դեպքում պետությունը տուն է կառուցում ընտանիքի համար: Վլադիկ Դանիելյանն ասում է, որ ոչ թե պետք է խրախուսվի մեկ ընտանիքի ծնելիությունը, այլ ընդհանրապես երիտասարդների ամուսնությունները: Օրինակ՝ 5-6 երեխայի համար մեկ ընտանիքի բաշխվող օգնությունը ճիշտ կլինի տրամադրել մի քանի նորաստեղծ ընտանիքների՝ փոքր բիզնես ստեղծելու եւ կայուն եկամուտ ստանալու նպատակով, ինչը հիմք կդառնա ապահովված ընտանիք ունենալու համար:

«Թաղերը աշխարհի կենտրոնն է: Կարո՞ղ եք ասել՝ Արցախի ո՞ր գյուղում են մարդիկ աղբը աղբարկղում թափում։ Հարցին ինքս պատասխանեմ՝ Թաղերում։ Թաղերը եղել ու լինելու է բարգավաճող ու օրինակելի»,- հպարտությամբ ասում է 1998-ից գյուղապետի պարտականությունները ստանձնած, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վլադիկ Դանիելյանը։

Լուսինե Թեւոսյան

1