Մարտունիում տեղի ունեցավ «Անուշ Հայրենիք» ճամբարի փակման արարողությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Մարտունիում տեղի ունեցավ «Անուշ Հայրենիք» ճամբարի փակման արարողությունը

Մարտունիում տեղի ունեցավ «Անուշ Հայրենիք» ճամբարի փակման արարողությունը

Օգոստոսի 13-ին ԼՂՀ Մարտունի քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ ԼԵՄ <<Անուշ Հայրենիք>> ճամբարի փակման արարողությունը: Միջոցառման ընթացքում պատանիները հանդիսատեսին ներկայացրին ճամբարի երկու շաբաթների ընթացքում սովորած ազգային երգն ու պարը, հանդես եկան նաեւ փոքրիկ ներկայացումով:

 

ՀՅԴ ԼԵՄ-ը արդեն չորրորդ տարին է Արցախում կազմակերպում է պատանեկան ճամբարներ, որտեղ իրենց ամառային հանգիստ են անցկացնում ավելի քան 200 պատանիներ:

 

Ճամբարը կրում էր <<Կյանքս Արցախին>> խորագիրը: Ճամբարի պատասխանատու Հարութ Լափաճյանը ընդգծեց, որ <<Կյանքս Արցախին>> խորագիրը պատահական չէր ընտրվել:

 

<<Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին մենք չնայած, որ ձեզնից հեռու էինք, սակայն սրտով ձեր հետ էինք: Այդ օրերին մեր աչքերը քուն չտեսան եւ յուրաքանչյուրիս երազանքն էր այդ օրերին գտնվել դիրքերում մեր հերոս զինվորների կողքին: Այժմ մենք մեր երազած հերոսական Արցախի հողի վրա ենք, այն հողի, որ բոլորիս կարիքը ունի, որպեսզի ապրի եւ էլ ավելի հզորանա>>,- նշեց Հարութ Լափաճյանը:

 

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայանը ողջունելով ներկաներին նշեց, որ պատանեկան ճամբարների նպատակն է՝ պատանիներին ազգային դաստիարակության մատուցումը, կազմակերպվածություն ու կարգապահություն սովորեցնելը, Սփյուռքի եւ Արցախի միջեւ ամուր կապի ստեղծումը: Սրանք հզոր հայրենիք կերտելու գրավականներ են:

 

ՀՅԴ Ստեփանակերտի <<Արթուր Մկրտչյան>> կոմիտեի անդամ, ճամբարի պատասախանատու Ալյոնա Դադամյանը շնորհակալություն հայտնեց ՀՅԴ ԼԵՄ-ի ընկեներին ամենամյա ճամբարներ անցկացնելու համար եւ նշեց.

<<Այս տարվա ճամբարը տարբերվեց մնացած տարիների ճամբարից: Ապրիլյան օրերից հետո պատանիները կարծես թե ավելի հասունացած եւ մեծացած էին: Ճամբարի խմբերը մենք սովորաբար անվանում էինք Արցախյան պատերազմում նահատակված տղաների անուներով: Այս տարի ապրիլյան քառօրյա պատերազմի մեր հերոսների`Յուրի Փարամազյանի եւ Վլադիմիր Նարինյանի անունով եւս խմբեր ունեինք: Ամեն անգամ երբ այդ խմբերի անուները հնչում էին ցավի , կարոտի եւ միաժամանակ հպարտության զգացումը խեղտում էր ինձ եւ ինքնաբերաբար շարքերում նրանց էի փնտրում: Չէ՞ որ նրանք էլ ժամանակին մեր պատանիներն, այնուհետեւ երիտասարդականի անդամներն էին եւ այս պատանեկան ճամբարների մասնակիցները>>:

 

Միջոցառման ընթացքում ՀՅԴ ԼԵՄ-ին եւ ՀՅԴ ԱԵՄ-ին ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի կողմից շնորհվեցին շնորհակալագրեր:

1