Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը հակասում է ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական նորմերին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը հակասում է ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական նորմերին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը հակասում է ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական նորմերին

2013թ. դեկտեմբերի 17-ին Եվրադատարանը` “Դողու Փերենչեկը ընդդեմ  Շվեցարիայի գործով”  որոշում  է կայացրեց, որում մասնավորապես ասվում է, որ Շվեցարիան խախտել է Փերենչեկի խոսքի ազատության իրավունքը:

 

 

2007 թվականին Շվեյցարիայի դատարանը թուրք քաղաքական գործիչ, Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին մեղավոր էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար և 12 հազար շվեյցարական ֆրանկով տուգանելու որոշում է կայացրել:

 

 

Որոշման մեջ նշված հիմնավորումները ուսումնասիրելիս տպավորություն է առաջանում, որ եվրոպական դատարանը նախեւառաջ փորձ է անում Հայոց ցեղասպանությունը դիտարկել պատմական հարթույթում` իր որոշման մեջ նշելով. “Ցեղասպանության գոյությունը, ինչը ճշգրիտ կերպով սահմանված իրավական ըմբռնում է, հեշտ չէ ապացուցել: Դատարանը կասկածում է, որ կարող է ընդհանուր համախոհություն լինի այնպիսի իրողությունների վերաբերյալ, որոնք խնդրո առարկա են, որ պատմական հետազոտությունները դեռևս բաց են քննարկման համար և բանավեճերի թեմա կարող են լինել…”, քանի որ եվրոպական շատ երկրներում գործում են հոլոքոստի ժխտումը պատժելու մասին օրենքներ, դատարանը փորձել է նաև  տարանջատել Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստից` իր որոշմանն անդրադառնալով, որ հրեաների Հոլոքոսթին վերաբերող գործերով պատասխանողները երբեմն մերժել են շատ կոնկրետ պատմական փաստեր, ինչպիսին, ասենք, գազախցիկներն էին, նրանք մերժում են նացիստների կողմից իրականացված հանցագործությունները, փաստեր, որոնք հստակ սահմանված են միջազգային տրիբունալի կողմից: Այստեղ դատարանը անուղղակիորեն Հայոց ցեղասպանության իրավական փաստը կասկածի տակ դնելու փորձ է անում:

 

Սա հերթական անհեթեթություն է,  նախևառաջ չի խանգարի, որպեսզի դատարանը հասկանար հետևյալ պարզ իրավական դրույթը. Ցեղասպանությունը ոչ այլ ինչ է, քան իրավական  հասկացություն, այն չի կարող դիտարկվել որպես միայն պատմական իրողություն կամ քաղաքական պատճառ, պատերազմի հետևանք: Բոլոր այն  պնդումները, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և պատմական ուսումնասիրությունների առարկա` ոչ այլ ինչ է, քան հերթական հերյուրանք: Ինչպես նաև դատարանը նման հարցեր ուսումնասիրելիս պարտավոր էր հաշվի առնել  1948 թ. Փարիզում դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունված “Ցեղասպանության հանցագործության կանխելու և պատժելու վերաբերյալ” կոնվենցիան, որը տալիս է «ցեղասպանություն» (“genocide”) եզրույթի միջազգային իրավական սահմանումը, որպես մարդկության դեմ գործած ծանրագույն հանցագործություն, որը սահմանել է հռչակավոր իրավագետ Ռաֆայել Լեմկինը, ով “ցեղասպանություն” եզրույթի միջազգային իրավական սահմանումը տալիս` Կոնվենցիայի անբաժանելի մաս համարվող «Նախապատրաստական զեկույցում», ուղղակի հղում է կատարել Հայոց ցեղասպանությանը` նշելով, նրա իսկ խոսքերով, «…հատկապես և մասնավորապես Հայոց ցեղասպանությունը…» արտահայտությունը: Ի դեպ, Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանը Փերենչեկի գործով որոշում կայացնելիս հիմք է ընդունել նաև այդ հղումը: Ուստի, այստեղ անհիմն է դատարանի այն պնդումը, որ հրեական Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը տարբեր իրողություններ են:

 

 

ՙՆշեմ նաև, որ Ցեղասպանությունը, լինելով միջազգային հանցագործություն, հանդիսանում է մարդկության դեմ գործած ամենածանր հանցագործությունը (այսպես ասած “crime of the crime” “հանցագործությունների հանցգործություն”): Այն իր մեջ ներառում է ծանր հանցագործությունների գրեթե ամբողջ ցուցակը` սպանություն, բռնաբարություն, երեխաների սպանություն, ստրկավաճառություն, բռնի տեղահանում, ուրիշի գույքին ապօրինի տիրացում կամ ոչնչացում, մշակութային արժեքների ոչնչացում և այլն. մի խոսքով` այն իր մեջ ներառում է համարյա ամբողջ քրեական օրենսդրությունը: Ցեղասպանությունը, իսկ որոշ երկրներում նաև ցեղասպանության ժխտումը ընդգրկված է աշխարհի շատ առաջադեմ երկրների  քրեական օրենսդրություններում: Այսքանով հանդերձ` կարելի է եզրահանգել, որ ցեղասպանությունը ոչ թե պատմական երևույթ է, այլ իրավական խնդիր, հանդիսանալով հանցագործություն` այն ունի ցանկացած բնույթի հանցագործությունները խորհրդանշող հատկանիշներ, այսինքն` հանցագործության համար պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած անձանց` պատժում, տուժող կողմին վնասի փոխհատուցում, քանի որ ցեղասպանությունը հանդիսանում է միջազգային հանցագործություն, իսկ միջազգային հանցագործությունների սուբյեկտներ են հանդիսանում հիմնականում պետությունները, ուստի այդ հանցագործության համար պատասխանատվություն են կրում հենց պետությունները: Բացի դրանից, ցանկացած հանցագործություն,  լինի դա նախատեսված ազգային օրենսդրությամբ, թե միջազգային իրավունքով,  հանդիսանում է հանրորեն վտանգավոր արարք և  պետք է ենթարկվի պատժի, իսկ պատժի նպատակներից են սոցիալական արդարության վերականգնումը և հանցագործությունների հետագա կանխումը:

 

 

Այստեղ հատկապես կուզենայի կանգ առնել վերջին նախադասության վրա: Ցանկացած դատարանի գործունեության կարևոր նպատակներից են սոցիալական արդարության վերականգնումը և հանցագործությունների հետագա կանխումը: Իսկ հանցագործության իրողության մերժումը նպաստում է նորանոր հանցագործությունների կատարմանը: Ուստի անթույլատրելի է եվրոպական բարձր դատարանի նման վարքագիծը, որը իր որոշմամբ ոչ միայն խախտեց դատական գործունեության կարևորագույն մի շարք սկզբունքներ, այլև խթան հանդիսացավ մերժողականության քաղաքականության իրագործման, ուստի նաև` նոր հանցագործությունների ի հայտ գալուն:

 

 

Քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշում է նաև, որ Հայոց ցեղասպանությունն ընդունած երկրները անպայման չէ, որ այդ պաշտոնական տեսակետը վիճարկողների դեմ քրեական պատիժներ նախատեսող որոշումներ ընդունեն, ուստի կարծում եմ, որ դատարանը, նախքան իր նման եզրակացության հանգելը, պարտավոր էր ուսումնասիրել նման օրենքների առաջացման պատճառներն ու հանգամանքները:

 

 

“Ցեղասպանությունների ժխտումը պատժելու մասին” օրենքներ (հիմնականում Հոլոքոստի ժխտման) գործում են եվրոպական շատ երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա, Հունգարիա, Պորտուգալիա, Սլովակիա և այլն), ինչպես նաև Կանադայում և Իսրայելում:

 

 

Առաջին անգամ “Ցեղասպանությունների ժխտման մասին” օրենքն ընդունվել է Գերմանիայում: Այն հիմնականում պատասխան  հանդիսացավ  նեոնացիստական խմբավորումնների ակտիվացմանը: Չնայած համապատասխան փոփոխությունը Գերմանիայի քրեական օրենսգրքում կատարվել է 1982թ., սակայն  իրական գործընթացը սկսվեց 1990-ական թվականներին` “Գյունտեր Դեկերի գործից” հետո: Մայնհեյմի հողային դատարանը 1992թ. նոյեմբերի 2-ին դատապարտեց մեկ տարի ազատազրկման և 100.000 գերմանական մարկ տուգանքի` ազգային թշնամանքի հրահրման, մահացածների հիշատակը  վիրավորելու  և զրպարտելու համար: Հետագայում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  Գերագույն դատարանը արդարացրեց նրան, քանի որ ապացուցված չէր ռասսայական խտրականության փաստը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա զեկույցները կրում էին բացահայտ սադրիչ և հակասեմիտական բնույթ, այդ գործը տվեց ավելի մեծ արձագանք: Դրա հետևանքով 1994թ. հոկտեմբերին ընդունվեց այսպես կոչված ՙՀանցագործության հետևանքները հաղթահարելու մասին օրենքը՚ “Der Verbrechenbekampfungsgesetz”, որն ուժի մեջ մտավ 1994թ. դեկտեմբերի 1-ից: Համաձայն այդ օրենքի` պատժի մաքսիմալ ժամկետը սահմանում  է 5 տարի ազատազրկում:

 

 

1996թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, քննելով “Ֆորիսոնը ընդդեմ Ֆրանսիայի” ընդունեց նախադեպային որոշում  այն մասին, որ  դասախոսական գործունեությունից հեռացումը Հոլոքոստի ժխտման պատճառով հիմնված ֆրանսիական օրենսդրության վրա (այսպես կոչված “Գեյսոյի օրենքը”) չի խախտում  “Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի”               9-րդ հոդվածի 3-րդ կետը:

 

 

1998թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը “Լեյդյոն ընդդեմ Ֆրանսիայի” գործով իր որոշման մեջ օրինավոր ճանաչեց Հոլոքոստի ժխտման համար պատժելու մասին ֆրանսիական  օրենքը:  Իսկ 2003թ. նույն դատարանը մեկ այլ գործ քննելիս` “Գարոդին ընդդեմ Ֆրանսիայի”,  նշեց, որ Գարոդին,  ժխտելով Հոլոքոստը, գործողությունները նպատակաուղղված են եղել Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայում ամրագրված, իրավունքների և ազատությունների ոչնչացմանը, ուստի նրա կողմից հղում կատարելը նույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որը  ամրագրում է խոսքի ազատության իրավունքը, անհիմն է և մերժվում է: Այդ որոշման հիմք է հանդիսացել վերը նշված Կոնվենցիայի 17-րդ հոդվածը, որն ուղղված է “տոտալիտար խմբավորումների Կոնվենցիայի սկզբունքները իրենց  նպատակների համար շահագործում թույլ չտալուն”:

 

 

Քանի որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր որոշումը կայացնելիս նշել է, որ  Շվեյցարիայի դատարանը խախտել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան», հիմնավորելով, որ մարդիկ ազատ արտահայտվելու իրավունք ունեն և դրա համար չպետք է քրեական պատիժների ենթարկվեն: Ուստի փորձենք պարզել` արդյոք դա համապատասխանում է իրականությանը:  Խոսքի ազատությունը  հիմնարար, ամբողջ աշխարհում ճանաչված իրավունք է և համարվում է ժողովրդավարության հիմնաքարերից: Խոսքի ազատության իրավունքի իրականացման ձևերի սահմանման  խնդիրը հաճախակի է առաջանում և միշտ հարց է ծագում խոսքի ազատության իրավունքի իրագործման ժամանակ թույլատրելիի և ոչ թույլատրելիի միջև բաժանարար գծի մասին:

 

 

ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազ•ային դաշնագրի 19-րդ հոդվածում նշված է.

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի առանց միջամտության սեփական կարծիք ունենալ։ 2. Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք. այդ իրավունքն ընդգրկում է, անկախ պետական սահմաններից, ցանկացած տեսակի տեղեկատվություն և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը, լինեն դրանք բանավոր, գրավոր, թե տպագիր, լինի արվեստի, թե իր ընտրած ցանկացած այլ միջոցով։ 3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված իրավունքների իրականացումը հանգեցնում է հատուկ պարտավորությունների և պատասխանատվության։

 

 

Ուստի այն ենթակա է որոշ սահմանափակումների, որոնք, պետք է միայն սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ.

 

ա) այլ անձանց իրավունքները կամ հեղինակությունը հարգելու համար,

 

բ) պետական անվտանգության կամ հասարակական կարգի, կամ բնակչության առողջության, կամ բարոյականության պաշտպանության համար:

 

Հիմնականում միևնույն բնորոշումն է տալիս նաև «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան»:

Վերը նշված փաստաթղթերից կարելի է  պարզել, որ համաձայն միջազգային իրավունքի`  խոսքի ազատությունը  չի հանդիսանում որպես բացարձակ իրավունք: Այդ իրավունքի վրա կարող են որոշ սահմանափակումներ դրվեն` այլ անձանց իրավունքների և բարի համբավի պաշտպանության, չթույլատրելու վնասել ազգային անվտանգությունը, հասարակական կարգը, առողջությունը և բարոյականությունը, բայց միայն այն պայմանով, որ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակարգին և հստակ նշված է օրենքով:

 

Այդ ձևակերպումը առկա է ինչպես ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում», այնպես էլ «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայում», վերջինիս մեջ ավելի մանրամասն է նշվում խոսքի իրավունքի սահմանափակման հիմքերը: Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի «Արտահայտվելու ազատություն” վերնագրմամբ 2-րդ կետում նշված է. «Քանի որ այս ազատությունների իրականացումը կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով՚:

 

 

Վերը նշված միջազգային իրավունքի հեղինակավոր փաստաթղթերից, որոնք բնութագրում և կարգավորում են խոսքի ազատության իրավունքը, ինչպես նաև  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի և  Մարդու իրավունքների     եվրոպական  դատարանի նախադեպային որոշումներից, հստակ երևում է, որ խոսքի ազատության իրավունքը առաջինը` բացարձակ իրավունք չէ, այսինքն` այն կարող է ենթարկվել սահմանափակումների` ելնելով որոշակի օրինավոր պատճառներից, որոնք կամրապնդեն ժողովրդավարական սկզբունքները և երկրորդ` խոսքի  և արտահայտվելու ազատության իրավունքը դա ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն` այսինքն այդ իրավունքն իրականացնելիս անձինք պարտավոր են հարգել այլոց իրավունքները, հեղինակությունը, բարոյականությունը, հասարակական կարգը, պետական անվտանգությունը: «Ցեղասպանությունների ժխտումը պատժելու մասին» օրենքն ուղղված է պաշտպանելու  տվյալ երկրի քաղաքացիների իրավունքները, բարի համբավը և բարոյականությունը, պաշտպանելու բոլոր քաղաքացիների համահավասար իրավունքները, ինչպես նաև երկրում ստեղծել բարոյական և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված պայմաններ, այն ուղղված չէ որևէ երկրի դեմ: Ուստի անհասկանալի և անտրամաբանական է եվրոպական դատարանի նման մոտեցումը:

 

 

Քննարկելով նեկայացված խնդիրը, պարզ երևում է, որ «Ցեղասպանությունների ժխտումը պատժելու մասին» օրենքները չեն կարող ոտնձգել խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ: Իրականում նման օրենքները լիովին համահունչ են միջազգային այդ սկզբունքին և որևէ կերպ չեն հակասում դրան: Այդ օրենքները և նմանատիպ այլ օրենքներ կոչված են հստակ բնորոշելու խոսքի կամ արտահայտվելու ազատության իրավունքի բնույթը և այդ իրավունքը պաշտպանում է առանձին անհատների կամ խմբավորումների կողմից, իրենց անձնական շահերին ծառայեցնելուց` ոտնահարելով այլոց իրավունքները և բարոյական արժեքները:

 

 

Հիմնավորելով վերը նշվածը, նշեմ, որ միայն անցյալում տեղի ունեցած մարդկության դեմ կատարված միջազգային ծանրագույն հանցագործություններին համապատատասխան իրավական գնահատական տալով և պատժելով, ինչպես նաև թույլ չտալով արդարացնել կամ պաշտպանել նման հանցագործությունները, հնարավոր կլինի հետագայում կանխել նմանատիպ այլ հանցագործություններ: Ինչպես առանձին անձանց սպանությունը, այնպես էլ ցեղասպանությունը չի կարող որևէ կերպ արդարացվել ինչ-ինչ դրդապատճառներով: Մի ամբողջ ժողովրդի սպանությունը և, թերևս ամենասուրբ իրավունքից` կյանքի իրավունքից զրկումը, ուղղված է ոչ միայն զոհ դարձած ժողովրդի դեմ, այլև համայն մարդկության դեմ` վտանգի տակ դնելով ցանկացած ժողովրդի կամ նրա մի մասի գոյության, կյանքի և արժանապատվության իրավունքը: Խոսքի ազատության իրավունքը չպետք է ուղղված լինի այլ իրավունքների ոչնչացմանը կամ արժեզրկմանը, իսկ ցեղասպանության ժխտումը ոտնահարում է միջազգային բոլոր հումանիտար արժեքները` ինչպես նաև պարարտ հող է նախապատարաստում նման հանցագործությունների կրկնման համար և ոտնահարում ցեղասպանության զոհ դարձած և նրանց հետնորդների անձանց արժանապատվության, բարոյականության, սոցիալական արդարության վերականգնման իրավունքները:

 

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20013թ. դեկտեմբերի որոշումը լայնորեն արձագանք գտավ Թուրքիայում և պաշտոնական մակարդակով գովաբանվեց այն: Սակայն տարօրինակ է, որ հայստանյան իշխանական և հասարակական շրջանակներում որևէ արձագանք չգտավ: Այդ իսկ պատճառով մի փոքր անդրադառնամ “Ցեղասպանությունների ժխտումը պատժելու մասին” օրենքների Հայաստանի և Հայ Դատի համար: Առաջնահերթ կարևորությունը նման օրենքների կայանում է նրանում, որ ի տարբերություն Հայոց ցեղասպանության միջազգային քննարկումների նախորդ գործընթացների, երբ ընդունվում էին սոսկ հռչակգրային ակտեր, այլ ոչ թե իրավական ակտեր, որոնք որևէ փոփոխություն կամ արդյունք չեն կարող ունենալ ցեղասպանության արդյունքների վերացման, ցեղասպանություն հանցգործության պատժման և փոխհատուցման համար: Շվեցարական օրենքը հանդիսանալով իրավական պարտադիր ակտ` Հայոց մեծ եղեռնը չի դիտարկվում որպես պատմական փաստ լինելը կամ այսպես կոչված “լինելու կամ չլինելու” հարցը, այսինքն` խնդիրը տեղափոխվել է իրավական հարթություն: Քրեորեն պատժելի է դառնում ցեղասպանության արդյունքների վերանայումը կամ նրա արդարացումը, դրանով իսկ Հայոց ցեղասպանությունը դիտարկելով, որպես մարդկության դեմ ուղված ծանրագույն հանցգործության հետևանք:

 

Հետգրություն.

Ի դեպ,  ո’չ Հայաստանի Հանրապետությունում, ո’չ Արցախի Հանրապետությունում չկան “Ցեղասպանությունների ժխտումը պատժելու մասին” օրենքներ կամ քրեական օրենսգրքում ընդգրկված համապատասխան հոդվածներ: Քեական օրենքով պատժելի է միայն “Ցեղասպանություն” հանցագործությունը: Տարօրինակ է, բայց փաստ է. ստացվում է այնպես, որ Շվեցարիայում “Ցեղասպանությունների ժխտումը պատժելու մասին” օրենքով  դատապարտված ցանկացած անձ Հայաստանի տարածքում կազատվի քրեական հետապնդումից, քանի որ նշված օրենքով որակվող արարքը Հայաստանում  պատժելի չէ:

 

Միգուցե այս փաստով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ աշխարհի տարբեր մասերում հայկական հանրությունը տարբեր ձեւաչափերով անդրադարձել եւ դատապարտել է Եվրոպական դատարանի վճիռը: Նույնը, սակայն, չենք կարող ասել ՀՀ համապատասխան մարմինների եւ ներկայացուցիչների մասին:

 

 

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1