Մարդիկ այլևս այսպես ապրել չեն կարող և ուզում են ունենալ իրենց արժանի իշխանություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Մարդիկ այլևս այսպես ապրել չեն կարող և ուզում են ունենալ իրենց արժանի իշխանություն

Մարդիկ այլևս այսպես ապրել չեն կարող և ուզում են ունենալ իրենց արժանի իշխանություն

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի Հայտարարությունը 

Ընտրությունները, ինչպես և սպասվում էր, վատն էին, պաշտոնական արդյունքները՝ կանխորոշված: Կանխորոշվածության հիմնական պատճառը մնաց նույնը՝ պետության ողջ ռեսուրսի յուրացումը իշխող քաղաքական ուժի կողմից: Դրա ակնհայտ դրսևորումներն էին ոչ միայն ընտրատեղամասերում կատարված կեղծիքները, այլև իշխանության վերարտադրման գործում թերացած պաշտոնյանների հրաժարականների շքերթը:

 

 

Աբսուրդ է, թե ինչու՞ ընտրված համայնքապետը պիտի համապետական ընտրության արդյունքներով հրաժարական տա: Ի՞նչն է նա ձախողել. եթե դժգոհությունն է պատճառը, ապա պետք է դրան հետևեն բոլոր այն համյանքապետերը, որոնց համյանքերում ժողովրդի վիճակը պակաս ծանր չէ: Կամ ի՞նչ է ընտրություններից հետո պարզվեց, որ լավ չի վիճակը: Իսկ եթե ձախողե՞լ է ընտրությունը, դրա համար է հրաժարական տալիս, ուրեմն էլ ի՞նչ ապացույց է պետք փաստելու, որ ողջ պետական համակարգը ընտրությունների ժամանակ աշխատում է իշխանության թեկնածուի օգտին, որ Հայաստանում պետությունն ու իշխող կուսակցությունը նույնացած են: Սակայն այս ընտրություններն ունեն մի կարևոր առանձնահատկություն: Հիմնական քաղաքական ուժերի չմասնակցության ֆոնի վրա առաջին հերթին հենց իշխանությունների համար անակնկալ և աննկատ կերպով ընդդիմադիր ընտրազանգվածը ինքնակազմակերպվեց և կենտրոնացավ մեկ թեկնածուի շուրջ:

 

 

Այսպիսով, ինքնաբերաբար ձևավորվեց միասնական թեկնածու, որից այդքան խուսափում էին իշխանությունները և նախագահի ընտրության առաջին փուլը, ըստ էության, ընթացավ երկրորդ փուլի տրամաբանությամբ: Սա պերճախոս վկայությունն է այն հանգամանքի, որ երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյական մթնոլորտը այն աստիճան խեղդող է, իշխանության վերևից ներքև պահվածքը այն աստիճան անտանելի և վիրավորական, որ հանգեցրեց ժողովրդի ինքնաբուխ ընդվզմանը: Թե ինչ է ցույց տալիս ժողովրդի այս ցասումը, շատ հստակ է՝ մարդիկ այլևս այսպես ապրել չեն կարող և ուզում են ունենալ իրենց արժանի իշխանություն: Փետրվարի 18-ին մեր ժողովրդի դրսևորած կամքը չպետք է ոտնահարվի: Ընտրությունների օրը ժողովրդի ինքնաբուխ ընդվզումը հետընտրական շարժման վերածվելու այս գործընթացի շարժառիթը դա է, որի վերջնական նպատակը պետք է լինի ժողովրդի լիակատար իշխանության հաստատումը երկրում բոլոր մակարդակներով:

 

 

Սա տևական և անկոտրում պայքարի ճանապարհ է: Դաշնակցությունը պատրաստ է իր ողջ ներուժով լծվել այս գործին և կողմնակից է բոլոր շահագրգիռ ուժերի հետ համատեղ լուծումներ գտնել ի շահ մեր երկրի և ժողովրդի:

 

26.02.2013թ.

 

 

1