Մարատ Դավթյան. Երբ ասում են` վիրավորվեցիր, ասում եմ` ոչ, ավելի ճիշտ` չմահացա...
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Շաբաթվա հյուրը » Մարատ Դավթյան. Երբ ասում են` վիրավորվեցիր, ասում եմ` ոչ, ավելի ճիշտ` չմահացա...

Մարատ Դավթյան. Երբ ասում են` վիրավորվեցիր, ասում եմ` ոչ, ավելի ճիշտ` չմահացա…

Մի պատմություն որ թատերագիր չի գրել,

Մի պատմություն, որ դերասաններ չեն խաղացել,

Պատմություն, որ  եսի զոհաբերմամբ ստեղծեց այս ամենը…

 

 

 

Հայտնի երգի բառերի տրամադրությամբ ու տրամաբանությամբ խոսեցինք դերասան եւ ռեժիսոր Մարատ Դավթյանի հետ:

 

 

Մեր կյանքում շատ հաճախ գալիս ենք այն համոզման, որ մեր մասնագիտական ուղին ընտրում ենք ոչ թե մենք, այլ այդ հարցում մեծ է լինում ճակատագրի դերը: Մարատ Դավթյան, ով այսօր Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եւ թատերական ուղին ընտրել է շատ պատահական:

 

 

<<Ծնողներս Մարտունու շրջանից են: Երեւանում ուսանելու տարիներին ամուսնացել են եւ ես ծնվել եմ Երեւանում, 1971թ.: Ես 4 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Մարտակերտ, 2 տարի անց` Հադրութ, եւ հետո` Մարտունի>>,- խոսելով իր ծննդավայրի եւ ծնողների մասին` ներկայացրեց Մարատը: Մարատի խոսքերով` իր լավագույն պարգեւը եղել է այն, որ միջնակարգ կրթությունն ստացել է Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում: <<Առ այսօր էլ հպարտ եմ, որ հենց այդ դպրոցում եմ սովորել: Ավարտել եմ 1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Բավականին լավ եմ հիշում, երբ ծնողներս ինձ հայկական դպրոց էին տանում, շատերը զարմանքով հարցնում էին, թե ինչու ռուսական դպրոց չեն տանում: Երեւի պատահական չի եղել ե’ւ իմ հայկական դպրոց հաճախելը, ե’ւ այն հանգամանքը, որ ես դպրոցն ավարտել եմ հենց շարժումը սկսվելու տարում: Հադրութը միշտ էլ տարբերվել է իր նիստ ու կացով, իր կոլորիտով: Ես դպրոցում գերազանց սովորող աշակերտ չեմ եղել: Եղել են առարկաներ, որոնք գերազանց գնահատականներով եմ սովորել, նաեւ առարկաներ են եղել, որոնք լավ եւ բավարար գնահատականներով եմ սովորել>>: Որքան էլ տարօրինակ լինի` Մարատը պատանեկության տարիներին երազել է ոչ թե դերասան, այլ մարզիկ դառնալ. <<Պատանեկան տարիներին իմ գերագույն նպատակն է եղել` դառնալ մարզիկ, ավելի կոնկրետ` ֆուտբոլիստ, ու հիմա էլ որոշակի ափսոսանք եմ ապրում, որ մարզիկ չդարձա: Ճիշտ է` հիմա փորձում եմ իմ չկայացած երազանքը եւ ցանկությունը սերմանել իմ զավակի մեջ: Դեռ այն ժամանակ, երբ բարձրաձայնում էի իմ երազանքի մասին, կողքից պարբերաբար ասում էին` դու պետք է դերասան դառնաս, դու դերասան ես>>:

 

 

 

Որքան էլ զարմանալի լինի` այսօրվա դերասանը, ով բեմում կերտում է հետաքրքիր կերպարներ, պատանեկության տարիներին չափազանց հեռու է եղել բեմից, դպրոցում կազմակերպվող միջոցառումներից: <<Ինձ համար միջոցառումներին մասնակցելը, առավել եւս` բեմից 4 տող ասելը մահվան հավասար բան էր: 10-րդ դասարանի ավարտական երեկոյին յուրաքանչյուրս 4 տող պիտի արտասանեինք, սակայն ես հրաժարվեցի եւ ստիպված եղա սեփական բառերով արտահայտել մտքերս:  Դպրոցն ավարտած տարում ոչ մի տեղ չդիմեցի` ուսումս շարունակելու: Հադրութում մեկ տարի աշխատեցի` որպես շինարարության բանվոր: Հայրս ստիպում էր, որ իրավաբանական ֆակուլտետ դիմեմ, ես էլ պնդում էի, որ մարզիկ եմ դառնալու եւ Հադրութի հավաքականում ֆուտբոլ էի խաղում: Մի քանի անգամ Ստեփանակերտում ենք խաղացել: Դպրոցն ավարտելուց մեկ տարի անց դիմեցի ֆիզկուլտինստիտուտ, սպորտային բոլոր քննությունները հանձնեցի, սակայն հայոց լեզվից կտրվեցի, որից հետո ծառայության մեկնեցի խորհրդային բանակ: Ծառայության տարիներին էլ նույն խոսակցությունն էր պտտվում շուրջս, որ ես ոչ թե մարզիկ, այլ դերասան պիտի դառնամ>>,- հիշում է Մարատը:  

 

 

 

Ճակատագիրն իր դերն, անշուշտ, ունենում է այս հարցում, եւ մի օր  Մարատը որոշում է ծառայող ընկերներից ճշտել Ստեփանակերտի Դրամատիկական թատրոնի տեղն ու գնալ թատրոն. <<Ստեփանակերտում ծառայելու ժամանակ պատահական մի օր ծանոթներիցս մեկին հարցրի թատրոնի տեղը եւ եկա թատրոն: Թատրոնին կից գործում էր ստուդիա, որի տնօրենը Համլետ Մարտիրոսյանն էր, իսկ ռեժիսորը` Մանվել Ավագյանը: Գնացի եւ ասացի, որ երբեւէ բեմից 4 տող չեմ ասել, սակայն զգում եմ, որ իմ ճակատագիրը կապված է բեմարվեստի հետ: Թույլտվություն խնդրեցի, որ իմ ազատ ժամերին, որպես ազատ ունկնդիր, ներկայանամ ստուդիայի պարապմունքներին: Ստուդիայում այդ տարիներին դասավանդում էին Մարգո Բալասանյանը, Սամվել Բաղինյանը, Ջուլիա Ստեփանյանը, Բենիկ Օվչյանը: Մի քանի ամիս ներկա գտնվեցի ստուդիայի պարապմունքներին: Անգամ մի քանի ներկայացման ժամանակ բեմ դուրս եկա մասսայական տեսարաններում>>:

 

 

 

Ամեն ինչ երեւի սահուն կընթանար, եթե պարապմունքները չընդհատվեին թշնամու հռթիռակոծության պատճառով: <<Ստուդիայի հերթական պարապմունքի ժամանակ պատուհանի մոտ ալազան պայթեց: Իջանք նկուղ, սպասեցինք` երկրորդը չեղավ: Պարապմունքը շարունակվեց հաջորդ օրը: Ազերիները ալազան տեսակի հրթիռով ռմբակոծում էին քաղաքը, ու կրկին դադարեցվեցին պարապմունքները: Մի քանի օր պարապմունքներն ընդհատվում էին հրթիռակոծության պատճառով: Ստուդիայի տնօրենը ուսանողներին ասաց, որ հնարավոր է հրթիռակոծումը 10 օր տեւի. լավ կլինի` պարապմունքները դադարեցնենք մինչ հրթիռակոծման դադարումը: Մենք դասերը դադարեցրինք 10 օրով, սակայն ես թատրոն վերադարձա 1996 թվականին: 20 տարեկան էի, երբ զինվորագրվեցի Մարտունու ինքնապաշտպանական ջոկատներին: Կաղարծի-Պառավաթումբ ջոկատում էի: 92 թվականին ջոկատները վերածվեցին կանոնավոր բանակի, եւ ես ծառայությունս շարունակեցի պաշտպանության բանակում: 1994թ. ապրիլի 12-ին Աղդամի տարածքում վիրավորվեցի: Զորացրվեցի 1996 թվականին>>:

 

 

 

Մարատը ժպիտով էր խոսում պատերազմի ժամանակ իր վիրավորվելու մասին եւ առհասարակ աշխատում էր շրջանցել պատերազմում իր անցած ուղին: <<Երբ ասում են` վիրավորվեցիր, ասում եմ` ոչ, ավելի ճիշտ` չմահացա: 96-ին խրամատից մոտս մնացած ռոմանտիզմով վերադարձա թատրոն, որտեղ Լեոնիդ Հարությունյանը բեմադրում էր <<Սիամանթո եւ Խչեզարե>>: Ինձ դեր տվեցին այդ ներկայացմանը, սակայն կարդալով այն` հասկացա, որ իմ մեջ դեռ ապրում է խրամատային զինվորը եւ ես դեռևս պատրաստ չեմ թատրոնում դեր կերտելու: Հաջորդ ներկայացումը, որը բեմադրվեց թատրոնում, Պարոնյանի <<Հարսեր եւ սկեսուրներ>> ներկայացումն էր,  եւ ես մասնակցեցի այդ ներկայացմանը: Դրանից հետո սկսեցի թատրոնում մասնակցել ներկայացումների: Այնուհետեւ հյուրախաղերով հանդես եկանք Հայաստանում. այդտեղից էլ սկսվեց իմ ուղին դեպի դերասանական կյանք: Հյուրախաղերից հետո մտահղացում առաջացավ` գնալ Երեւան ու սովորել Թատերական ինստիտուտում: Ընտրեցի ռեժիսուրայի ֆակուլտետը, սակայն մինչ օրս բեմն ու դերասանությունն ինձ ավելի են ձգում>>:

 

 

 

Խոսելով այն մասին, թե ինչ երազանքներ ունի, Մարատն անմիջապես նշեց թատրոնի հետ կապված երազանքները, իսկ անձնական կյանքի երազանքներից նշեց միայն այն, որ կցանկանար իր որդին, ով մի քանի ամսից կդառնա 3 տարեկան, անպայման մարզիկ դառնա. <<Որդուս մեջ փորձում եմ սերմանել սերը սպորտի հանդեպ, միասին մարզվում ենք, բայց արի ու տես, որ նա ավելի մեծ ոգեւորությամբ երգեր է ընկալում եւ երգում է: Եթե անգամ մարզիկ չդառնա, գոնե կոփված կլինի: Երազանք ունեմ` թատրոնի հետ կապված: Կուզենայի թատրոնում տարեկան մեկ բեմադրություն անել եւ մեկ դեր խաղալ. խոսքս ռեպերտուարային թատրոնի մասին է: Եթե կյանքս նորից վերապրեի, նորից նույն ուղով կանցնեի, անգամ բացթողումների առումով` էլի նույն բացթողումները կանեի, որովհետեւ դրանց կողքին նույնպես կան բավականին անտեսանելի ձեռքբերումներ>>:

 

 

Լինելով արվեստագետ` Մարատն անտարբեր չէ մեր երկրի ճակատագրով.

<<Մեր երկրի ցանկացած քաղաքացի պետք է հասկանա, որ մեծագույն բեմադրությունն արդեն իսկ եղել է, մնում է այդ բեմադրությունը պահվի: Այդ բեմադրությունը մեր ազատամարտն է եղել:

 

 

Ասում են` ավելի հեշտ է հասնել օլիմպին, քան օլիմպի վրա մնալ: Մենք հասել ենք այդ օլիմպին, մնում է այն պահենք: Եթե մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի մեջ լինի այս գիտակցությունը, անկախ իր զբաղեցրած պաշտոնից եւ դիրքից, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի:

 

 

Իմ բախտը բերել է, որ ծնվել եմ հենց 1971 թվականին, որ ականատեսն ու մասնակիցն եմ եղել մեր երկրի ազատագրման գործողություններին: Որ 88 թվականին եմ ավարտել դպրոցը, որ Արթուր Մկրտչյանը հենց առաջինը մեր դասարան է մտել եւ դասավանդել հայ ժողովրդի պատմություն: Մեզ բանակ ճանապարհելուց մեր ուսուցիչը նույնպես եկել էր. նա մեզ ասում էր, որ այնտեղ երկար չենք մնալու, քանզի Սովետը փլուզվելու է եւ մենք ունենալու ենք մեր անկախ բանակը: Եվ հենց այդպես էլ եղավ>>:

 

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

1