Մաս կազմելով իսկապես ազգային կուսակցության, մեղմ ասած, դրանով ապրում եմ...
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Մաս կազմելով իսկապես ազգային կուսակցության, մեղմ ասած, դրանով ապրում եմ...

Մաս կազմելով իսկապես ազգային կուսակցության, մեղմ ասած, դրանով ապրում եմ…

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության 122-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ Արցախ էր այցելել վաստակավոր երգիչ Մկրտիչ Մկրտչյանը, ով իր շնորհավորանքը հղեց կուսակցությանը` երգի միջոցով: Մկրտիչ Մկրտչյանն այն երգիչներից է, ով շատ հաճախ է լինում Արցախում, եւ կուսակցության կազմակերպած գրեթե բոլոր միջոցառումներին մասնակցում է սիրով: Նրա կատարմամբ հայրենասիրական երգերը նոր շունչ են առնում եւ գրեթե բոլոր երգերի կատարման ժամանակ հանդիսատեսը ձայնակցում է երգչին: Մակիչն այն եզակի երգիչներից է, ով ոչ միայն հրաշալի երգիչ է. նա ամենից առաջ ապրում է այդ երգերով: Մակիչի մասին, այդպես են անվանում Մկրտիչ Մկրտչյանին իր ընկերները, կարելի է շատ երկար խոսել, սակայն ինքը` Մակիչը, լինելով չափազանց համեստ, շատ քիչ է խոսում իր անցյալի մասին: Օգտվելով առիթից, որ սիրված երգիչն Արցախում է, զրուցեցինք նրա հետ: Մինչ մեր զրույցին անցնելը` Մակիչը իր շնորհավորանքը հղեց հայ ժողովրդին` Դաշնակցություն կուսակցության 122-ամյակի կապակցությամբ.

 

 

ՙԵս շնորհավորում եմ հայ ժողովրդին` մեր ավանդական կուսակցության` Հայ Հեղափոխական Դաշնակցության 122-ամյակի կապակցությամբ: Ես Դաշնակցական եմ, ինչի համար շատ ուրախ եմ եւ հպարտ: Այս տոնն ինձ համար խորհրդանշական է: Ծնվելով ու ապրելով` իբրեւ հայ, եւ մաս կազմելով իսկապես ազգային կուսակցության, ես, մեղմ ասած, դրանով ապրում եմ: Կուզեի, որ հայ ժողովուրդն իր ճակատագիրը տեսներ հենց այս կուսակցության ձեռքում, քանզի ազգային միտքը, ապրելը եւ արարելը մեր ժողովրդի փրկության գրավականն է, իսկ այդ ամենը հենց այս կուսակցության հիմքում է գտնվում՚: Մակիչը այն արվեստագետներից է, ով ելնելով ժամանակի հրամայականից, իր արվեստը փոխարինեց զենքով: Առանց մեկ վայրկյան անգամ վարանելու նա եկավ Արցախ ու մասնակցեց Արցախյան ազատամարտին. ՙԵս կարծում եմ, որ ամբողջ մեր ժողովուրդն է մասնակցել Արցախյան ազատամարտին: Ես պարզապես ուրախ եմ, որ մաս կազմեցի Հայ Հեղափոխական Դաշնակցության Շուշիի առանձնակի գումարտակին, որի հրամանատարն էր Ժիրայր Սեֆիլյանը, այնուհետեւ եղան տարբեր հրամանատարներ:

 

 

 

Ուրախ եմ, որ ճակատագիրն ինձ բերեց գումարտակ, որտեղ ես ապրեցի իմ լավագույն տարիները: Կարծում եմ` մարտական ուղի ասվածը վերաբերում է մեր հայ ժողովրդին, քանզի բոլորս ենք մասնակից եղել այդ մարտերին՚: Մակիչի խոսքերով` այն շնորհը, որը տրված է ի վերուստ, անպայման պետք է վերադարձվի ժողովրդին եւ պետք է ծառայի ժողովրդին: ՙԱռաջին հերթին մարդ պետք է իր ազգի պաշտպանը լինի, եւ հետո միայն մասնագետ: Ազգի պաշտպանությունն ամեն ինչից է վեր,-ասաց Մակիչը,- մարդ նախ ծնվում է որպես ազգի զինվոր: Ինձ համար սեռը կապ չունի, քանզի մեր մայրերն ու քույրերը կարող են այնպիսի աշխատանքներում ընդգրկվել, որը մեզ համար իսկապես մեծ զորություն կարող է լինել: Մասնագիտությունը պարզապես միջոց է, որպեսզի մենք կարողանանք արարել ու ստեղծել, ինչպես նաեւ սերունդ դաստիարակելու ու առաջ գնալու համար ՚:

 

 

 

Մակիչն իրեն երջանիկ մարդ է համարում. ՙԵս ինձ երջանիկ եմ համարում, քանզի մասնակիցն եմ եղել Արցախյան ազատամարտի. դրանք մեր ազգի լավագույն տարիներն էին: Այն ժամանակ կար այն, ինչն այսօր չկա: Այն ժամանակ կար սեր, միություն, նվիրվածություն, նահատակվելու խնդիր կար՚: Մակիչի համար շուկայական հարաբերություններ կամ շոու բիզնես ասվածն այնքան էլ ընդունելի չեն:

 

 

 

Ավելին, Մակիչը չի կիսում այն տեսակետը, թե հայրենասիրական երգերը այնքան էլ պահանջարկ չեն վայելում. ՙՄենք հազարամյակների պատմություն ունեցող ազգ ենք, եւ այսօր, այս շուկայական հարաբերությունների մեջ դեռ մտածում ենք` արդյոք հայրենասիրական երգը պահանջարկ ունի, թե` ոչ: Ես համամիտ չեմ նման մոտեցմանը: Ես ունեմ դրա պահանջը, այդ երգերն առաջին հերթին ինձ համար են մեծ պահանջ հանդիսանում: Ես երգել, երգում ու շարունակելու եմ երգել հայրենասիրական երգեր, անկախ այն բանից` կլինի, թե չի լինի պահանջարկ ասվածը: Ես ապրում եմ այդ երգերով եւ, փառք Աստծո, իմ հանդիսատեսն էլ ինձ հետ միասին ապրում է այդ երգերով, եւ մենք իրար լրացնում ենք: Կարծում եմ, որ առանց զգալու ոչ մեկը չի երգում՚:

 

 

 

Մակիչը գտնում է, որ անհրաժեշտ է դաս քաղել մեր պատմությունից եւ ժամանակին միջոցներ ձեռնարկել` սխալներ ու սայթաքումներ թույլ չտալու համար. ՙԱյն, ինչ մենք ապրել ենք, դա մեզ համար արդեն իսկ դաս է, ապրելու միջոց: Մեզ հիմա անհրաժեշտ է ապրել այնպես, ինչպես ապրել ենք զարթոնքի տարիներին, նույն ոգեւորվածությամբ: Իհարկե, այն տարիներին միասնական լինելու անհրաժեշտություն կար, ինչը ինչ-որ տեղ ակամայից եւ ի վերուստ տրվեց, այսօր այլ խնդիրներ են մեզ համար առաջնահերթ դարձել: Մենք վերապրեցինք մի ժամանակաշրջան, երբ ամեն ինչից վեր եւ ամեն ինչից բարձր մի նպատակ կար. դա մեր գոյապայքարն էր, մեր ազատամարտն էր: Այսօր մենք տգիտությամբ, բոլոր տեսակի բացասական երեւույթներով մեր իսկ տարիների ստեղծածը, մեր պետությունն ու հայրենիքը, բերքն ու բարիքը, մեր պետության ունեցվածքը լցնում ենք մեր ճղճիմ ընտանիքների մեջ, որպեսզի մենք ապահովված ընտանիք կարողանանք ունենալ: Սա կքանդի մեզ: Ցանկացած ժամանակաշրջանում, եթե յուրաքանչյուր հայի ենթագիտակցության մեջ եղավ հայրենիքը, մենք կկարողանանք ապրել, եթե ոչ, ապա մենք միշտ դատապարտված կլինենք ծայրահեղ եզրով քայլելու կամ կորչելու: Ես կուզենայի, որ մենք այն տարիների գիտակցությամբ պատրաստ լինենք զոհաբերության, որովհետեւ յուրաքանչյուրիս ընտանիքի հավաքական կենտրոնը` դա մեր հայրենիքն է: Այսօր տարիների ձեռքբերածը պահպանել է պետք՚:

Անի ԱԶԱՏՅԱՆ

1