Մասնագիտության ճիշտ ընտրությունը հասարակական խնդիր է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Մասնագիտության ճիշտ ընտրությունը հասարակական խնդիր է

Մասնագիտության ճիշտ ընտրությունը հասարակական խնդիր է

Մասնագիտության ճիշտ ընտրության հարցը երիտասարդի կյանքում ծառացած խնդիրներից ամենալուրջն է: Ճիշտ ընտրությունը կարող է բախտորոշ աստղի պես լուսավորել նրա ողջ կյանքը, իսկ սխալ ընտրությունն, ընդհակառակը, դժբախտություն բերել: Որքան էլ որ հասարակությունը, ընտանիքն օգնեն երիտասարդին, միեւնույն է, վերջնական որոշումն ինքը պիտի կայացնի,ապավինելով իր ներքին ձայնին, համոզմունքներին  ու ունակություններին: Սակայն  երիտասարդների երբեմն անլուրջ վերաբերմունքը կամ փորձի պակասը կամ էլ ինչ-ինչ հանգամանքներ խոչընդոտում են ճիշտ ուղի ընտրելուն: Խոչընդոտները  կարող են լինել ամենատարբեր բնույթի՝ ասենք ծնողի ցանկությունը, որը կարող  է  չհամընկնել որդու կամ դստեր ունակություններին  կամ էլ՝ մոդայիկ համարվող մասնագիտությունների ետեւից ընկնելը, առանց հաշվի առնելու երիտասարդի անձնական հակումները: Մի քանի տարի անընդմեջ մոդայիկ էին համարվում իրավաբանականն ու տնտեսագիտականը: Հիմա չգիտենք, թե որտեղ տեղավորենք նրանց: Պարզվեց, որ նրանք եւ ժամանակն էին իզուր վատնել (4-5 տարին  երիտասարդի համար քիչ ժամանակահատված չէ) եւ ծնողների հույսերն են  ի դերեւ եղել, եւ ֆինանսական միջոցներն են իզուր ծախսվել: Կյանքում  իր տեղը ճիշտ  գտնելը, իր սեփական եսին եւ հասարակությանը բավարարություն բերելը մեծագույն երջանկություն է, որը, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է:

 

Մասնագիտության ընտրության հարցը բավական մանրամասն սոցիոլոգիական հետազոտությունների կարիք ունի, ընդ որում հետազոտությունները պետք է կատարվեն երկկողմանի, հաշվի  առնելով աշխատաշուկայի պահանջները եւ երիտասարդության նախապատրաստվածության աստիճանը:

 

 Ինչպիսինն է   պատկերը Արցախի  բուհերում.  ԼՂՀ  ԿԳՍ նախարարության  մասնագիտական կրթության եւ գիտության բաժնի տվյալներով,  2016-2017 ուս. տարում Արցախի տարբեր բուհերի  առկա բաժիններ է ընդունվել 692 ուսանող (ներառյալ ՀՀ –ում մրցույթային կարգով հատկացված տեղերը): Ընդ որում, ԱրՊՀ-ում ընդունվել  է 474 ուսանող, երկրորդ տեղում է  Շուշիի տեխնոլոգիական համալսարանը՝ 78 ուսանող: Մասնագիտությունների ընտրության հարցում հետեւյալ պատկերն է. ամենաշատը առավելություն է տրվել ԱրՊՀ-ում «Հայոց լեզու եւ գրականություն» մասնագիտությանը, իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ գյուղատնտեսության ոլորտին առնչվող մասնագիտություններին՝ 53 ուսանող: Ցավալիորեն պետք է արձանագրենք այն փաստը, որ առաջին կուրսում  ուսանողներ չկան  այնպիսի առարկաներից, ինչպիսինն է քիմիան եւ հոգեբանությունը:

 

Լիլիա  Բաղրյան

1