Մանուշակագույն կոշիկները, երկու պատրոնը, եւ հույսը, որ Շահումյանը կազատագրվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մանուշակագույն կոշիկները, երկու պատրոնը, եւ հույսը, որ Շահումյանը կազատագրվի

Մանուշակագույն կոշիկները, երկու պատրոնը, եւ հույսը, որ Շահումյանը կազատագրվի

25  տարի անց, աչքերը Ակնաբերդի  բացօթյա պատգշամբից դեպի հեռավոր Մռով լեռը հառած, Լյուդմիլա Քյոխյանը պատմում է հունիսի 12-ի եւ դրան հաջորդած օրերի, տարիների մասին, Շահումյանի անկման եւ 400 ռուբլիանոց մանուշակագույն կոշիկների մասին…

Շահումյանի Վերինշենը

Լյուդմիլա Քյոխյանը 30 տարեկան էր, երբ լքեց հարազատ Վերինշենը։ Ասում է, որ այն իսկական դրախտավայր էր, Շահումյանի շրջանի ամենամեծ գյուղը՝ 5000 բնակչություն ունեցող, երկու դպրոց՝ Ա,Բ,Գ,Դ,Ց հոսանքներով՝ ամեն մի դասարանում` 23-24 աշակերտ։ Գյուղացիները աշխատանքի խնդիր եւս չունեին. կար պահածոների գործարան, իսկ հողը բերրի էր:

Lusin

«Շահումյանցիներն այնքան էին հարուստ, որ երբ ադրբեջանցիները մտել են մեր նկուղները, ասել են՝ եթե շրջափակման մեջ լինելով այնքան ապրանք ունեն, որ կարելի է  հինգ տարի առանց աշխատելու ապրել, ինչքան հարստություն կունենային ազատ լինելու ժամանակ,-պատմում է Լյուդմիլան եւ շեշտում,- արարող, ստեղծող ժողովուրդ էինք, մեկը մյուսի ունեցվածքի վրա աչք չուներ, որովհետեւ բոլորս էլ լավ էինք ապրում»։

Առաջը` ջուր, հետեւը՝ սուր

Հունիսի 12-ին, ժամը 5-ին Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղի բնակիչները հավաքվել էին գյուղամիջում։ Շրջկենտրոնից եկած հեռախոսազանգին պատասխանում է Այդինյան Ռուդիկը։

«Ռուդիկի այլայլաված հայացքը երբեք չեմ մոռանա։ Բոլորս էինք կանխազգում. կրակոցները գնալով` էլ ավելի էին ինտենսիվանում, դիրքապահ մեր ամուսիններից լուր եւս չկար, սակայն ամենացավալին՝ շրջանի անկման մասին մտածելը անգամ հանցագործություն էր մեզ համար։ Միայն հեռախոսի լսափողը կախելուց հետո, երբ Ռուդիկը կարգադրեց անմիջապես թողնել գյուղը, մեր տատ ու պապերի՝ «մարդու հարստությունը իր երեխաներն են» ասացվածքին միշտ թերահավատորեն վերաբերող ջահելներս պինդ բռնեցինք երեխաների ձեռքերից եւ ճանապարհ ընկանք»,- պատմում է Լյուդմիլա Քյոխյանը։

Բոլոր այն տղամարդիկ, որոնք ի զորու էին զենք բռնելու, դիրքերում էին։ Գյուղում էին մնացել կանայք, երեխաները եւ ծերերը:

«Հենց այդ պահին կյանքը կանգ էր առել ու վայնասունն էր սկսվել։  Մենք թողել էինք ամեն ինչ՝ մեր հիշողությունները, մեր ունեցվածքը, մեր հոգին։ Ժողովուրդը մտել էր գետը եւ գետի ուղղությամբ շարժվում էր դեպի Հաթերք։ Շարունակում էինք քայլել առավոտը, գիշերը, ճաշի ժամին: Կանգ առնել չէինք կարող. ադրբեջանցիներն արդեն գյուղում էին եւ կրակում էին մեր հետեւից։ Ուր էինք քայլում` չգիտեինք, գիտեինք միայն մի բան՝ հայը գերտերությունների խաղալիքն է»,-նշում է:

400 ռուբլիանոց մանուշակագույն կոշիկները

«Բոլորը գիտեն, որ ես ընտիր էի հագնվում գյուղում։ 1992-ի ձմռանն էլ իտալական մանուշակագույն սապոգներ էի առել՝ տակը հարթ, վերեւը ասեղնագործ։ 400 ռուբլի արժեր, աշխատավարձիս տասնապատիկը,- ասում է Լյուդմիլան, ով աշխատում էր Վերինշենի դպրոցում` որպես տարրական դասարանի ուսուցչուհի,- գետը հասնելուն պես հանեցի կոշիկներս եւ թեւիս տակ տեղավորեցի: Կիսուրս ասեց՝ ինչ ես հանում, ասեցի՝ հասնենք Երեւան, ով է մեզ կոշիկ տալու: Վախենում եմ վնասվի ջրում. գետը անցնենք, կհագնեմ»։

Գիշերը ոտաբոբիկ Լյուդմիլան վնասեց ոտքը։ Մթության մեջ չէր տեսնում վնասվածքը, բայց մղկտում էր ցավից։ Լուսաբացին՝ Թալիշի ու Շահումյանի արանքում հասկացավ, որ ջարդել է ոտքի մատները:

«Մի քանի ամիս Երեւանում բուժումներ արեցի, մինչեւ ոտքս լավացավ, բայց կարեւորը`  մանուշակագույն կոշիկներս առանց վնասելու հասցրի»,- ժպտում է:

Վերինշենից՝ Երեւան

Մինչեւ Գյուլիստան ադրբեջանցիները կրակելով մեր հետեւից գալիս էին: Փախստականների մի մասը հետ էր մղում նրանց, մյուսները շարունակում էին ճանապարհը։ Մեկն իր մորն էր շալակած տանում, մյուսը՝ փոքր երեխաներին։ 8 ու 10 տարեկան երեխաներիս ես ու կիսուրս գրկած էինք տանում։ Ուժերը սպառվում էին, ուտելիքը՝ նույնպես։

Երբ մեկը մյուսին կորցրած հասել էինք Գյուլիստանի Նապատ կոչվող տեղանքը, Հայաստանից ուղարկված երկու ուղղաթիռ եկավ։ Սկզբում տեղավորեցին վիրավորներին, այնուհետեւ` ով հասցրեց, մտավ ինքնաթիռ կամ երեխային տեղավորեց։ Ուղղաթիռների օդ բարձրանալուն պես ռուսական 4-րդ բանակի տանկերը սկսեցին ռմբակոծել նրանց։ Հույսը, որ այդ ուղաթիռները հետ կգան` մնացածներին տեղափոխելու, կտրեց։ Այդպես բռնեցինք Ստեփանակերտի, Գորիսի, այնտեղից էլ Երեւանի ճանապարհը։

Հույսն ու երկու պատրոնը՝ մեկը ինձ, մյուսը՝ քեզ

Գնալով` վիճակն ավելի էր լարվում։ Ամուսնուս ասում էի՝ տնից մի վեշ ուղարկենք Երեւան՝ բարեկամների մոտ։ Հրաժարվում էր՝ ասելով` մենք մեր գյուղից դուրս չենք գալու, ապրանքն ուղարկում ես Երեւան, որ ի՞նչ։

Կեսրայրս էլ որդու նման էր մտածում. ինձ, երեխաներին եւ կիսուրիս ճանապարհել է հունիսի 12-ին, ինքը մնացել՝ վստահեցնելով, որ ամուսնուս՝ Միշայի վերադառնալուց հետո միասին կմիանան մեզ։

Միշան այդ ժամանակ 12 դիրքապահների հետ Մանաշիդում էր: Երբ նրանց էլ հասավ շրջանը լքելու մասին հրամանը, մի կերպ գիշերվա 12-ին հասավ գյուղ։ Տանը հորը տեսնելով` զարմացավ:  Ինչո՞ւ չես գնացել հարցին` հայրը պատասխանեց, որ չի լքի գյուղը: «Այ տղա, չես հիշում` քանի անգամ է ժողովուրդը մի երկու օրով բարձրացել անտառները, հետո խաղաղվելուց հետո վերադարձել: Վաղը, մյուս օրը բոլորը հետ կգան: Ոչ մի տեղ չեմ գնալու»,- հոր վճիռը լսելուց հետո Միշան կայացրեց իրենը՝ կամ միասին ենք գնալու, կամ երկուսով մնալու ենք գյուղում։

«Երկու պատրոն ունեմ պահած. երբ թուրքերը հասնեն մեր տուն, մեկը՝ քեզ, մյուսը՝ ինձ»,- Միշայի պատասխանը լսելով՝ հայրը  խեղճացել ու նստել էր Գյուլիստան եկող մեքենան։ Միշան էլ լուսադեմին ջոկատի տղաների հետ վերջինը դուրս եկավ գյուղից։

Շահումյանի հերոսը Շահեն Մեղրյանն է

Շահումյանը Ղարաբաղի այն եզակի շրջաններից է, որտեղ ադրբեջանցիները ոտք դրեցին միայն շրջանը հանձնելուց հետո: Ինչպե՞ս է ստացվել, որ ամբողջությամբ հայաբնակ շրջանը Շուշիի եւ Լաչինի ազատագրումից հետո հանձնվել է: Այս հարցն է անհանգստացնում 25 տարի Ակնաբերդում ապրող շահումյանցիներին։

«Հիշում եմ՝ երբ հասել ենք Հաթերք, գյուղապետարանի շենքի դիմաց հավաքվել էին Շահումյանի 13 գյուղերի փախստականները։ Շահեն Մեղրյանն էլ էր այնտեղ, կազմակերպում էր ժողովրդի տեղահանումը։ Ժողովրդին թունավորելով` փորձ էր արվում շրջանի հանձման մեղքը Շահեն Մեղրյանի վրա բարդել: Նրա հասցեին մեղադրանքներ էին հնչում, բայց նա լռությամբ, համբերությամբ անում էր իր գործը։

Քչերը գիտեին, որ նա բազմաթիվ անգամ դիմել եւ օգնություն էր խնդրել Հայաստանի ղեկավարությունից, բայց խնդրանքն ամեն անգամ մերժվել էր։ Միայն Դաշնակցությունն արձագանքեց խնդրանքին, սակայն որսորդական հրացանով, կացինով շրջան չեն պահում: Տանկերի, ինքնաթիռների դեմ ինչպե՞ս կռվեին մեր տղաները։ Շահումյանի շրջանը հանձնել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ես իմ ականջով եմ լսել Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոստովանությունը՝ «Ես եմ արել, լավ եմ արել: Շահումյանը ծախել եմ, լավ եմ արել»,- ասում է Լյուդմիլան եւ նշում, որ  եթե Շահեն Մեղրյանը ողջ լիներ, կուղղեր ղեկավարության թույլ տված աններելի սխալը եւ Շահումյանը կազատագրեր:

Փախստականների գյուղը

1993-ի ապրիլի 24-ին Ակնաբերդը ազատագրած շահումյանցիներից կազմված «Եղնիկներ» ջոկատի անդամների ընտանիքները հաստատվեցին բնակավայրում եւ  սկիզբ դրեցին ԼՂՀ Շահումյանի ներկայիս շրջանի ստեղծմանը: Նրանց մեջ էր նաեւ Լյուդմիլա Քյոխյանի ընտանիքը, սակայն անգամ 25 տարիները ի զորու չեղան մոռացնելու հայրենին: «Բայց ինչ անեի՞նք, գնայինք Ռուսաստա՞ն։ Հերիք չէ՞ր Շահումյանի կորուստը: Չեմ ասում՝ հեշտ եմ հարմարվել գյուղին, մինչեւ հիմա էլ արթնանում ու քնում եմ Վերինշենը մտքումս, բայց ինչ արած: Այսօր էլ խաղաղ չէ. հիմա էլ բոլորով թողնենք հեռանա՞նք, իսկ հետո՞»,- ասում է Լյուդմիլան։

IMG_0228

Ակնաբերդի ազատագրումից հետո հայերը տեղավորվել են թուրքերի տներում, սակայն միայն 2000 թվականից հետո են սկսել ինչ-որ մի բան ավելացնել, կառուցել:

«Ղարաբաղում ենք մնացել այն հույսով, որ մոտիկ ապրելով` շուտ կգնանք Շահումյան։ Անգամ ազատագրված Շահումյանի պաշտոններն ենք մենք մեր մեջ  բաժանել․ ով է լինելու ոստիկանության պետը, գյուղապետը, քարտուղարուհին, տնօրենը: Ինձ կատակով ասում էին՝ Լյուդմիլան անգամ իր փոխնուրդ շորն Ակնաբերդում չի պահում, ուր որ է` պիտի վերադառնա Վերինշեն»,- ժպտում է:

Լ․Քյոխյանը դասավանդում է դպրոցում։ Ամուսինը՝ Միշան, զոհվել է 2004 թվականին, զինվորական պարտականություն իրականացնելու ժամանակ։ Դուստրերից մեկը ամուսնացել է Երեւանում, մյուսը՝ Չայլուում։

«Երկու դուստրերս այլազգիների հետ եմ ամուսնացրել»,- կես կատակ, կես լուրջ ասում է Լյուդմիլան։

Lusin (2)

Մռով լեռան հարավային կողմում տեղակայված Ակնաբերդից Շահումյանի սարերը երեւում են գյուղի գրեթե ողջ տարածքից: 25 տարի է, ինչ կարոտով Ակնաբերդում  են ապրում Շահումյանի 12 գյուղի ներկայացուցիչները։ 2016 թվականի ապրիլից հետո գյուղ է տեղափոխվել նաեւ թալիշցի մեկ ընտանիք։ Ասել է թե՝ փախստականների գյուղ է, իրենց հայրենի գյուղերը վերդառնալու հույսով ապրող փախստականների գյուղ, քաղաքական առեւտրի զոհ դարձածների գյուղ:

ՀԳ Լյուդմիլայի փոքր աղջիկը Ակնաբերդում է ծնվել 1995-ին, սակայն «որտեղից ես» հարցին միշտ պատասխանել է՝ Շահումյանից։ Մեր այցելության ժամանակ նույն պատասխանն են մեզ տվել նաեւ նոր սերնդի ներկայացուցիչները՝ 5-12 տարեկան երեխաները։

Լուսինե Թեւոսյան

 

1