Մայրաքաղաքում խմելու ջուրը կթանկանա՞...
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մայրաքաղաքում խմելու ջուրը կթանկանա՞...

Մայրաքաղաքում խմելու ջուրը կթանկանա՞…

Օրերս ՙԱպառաժ՚ թերթը ստացել է մի նամակ, որտեղ երկու տասնյակից ավելի ստորագրությամբ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներն իրենց մտահոգությունն են ներկայացնում ջրի սակագնի բարձրացման հարցի շուրջ: Բանն այն է, որ սույն թվականի հունվարի 26-ին ՙԱզատ Արցախ՚ թերթում հրապարակվել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է.

 

 

Ի գիտություն հասարակության
ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ն դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին` խմելու ջրի եւ ջրահեռացման վաճառքի սակագնի (դրույքի) (խմելու ջրի վաճառքի, ջրահեռացման ծառայության մատուցման, ոռոգման ջրի վաճառքի) սահմանման (վերանայման) հայտով: Գործող սակագինը` 112 դրամ է, 100 դրամ` ջուր, 12 դրամ` կոյուղի: Առաջարկվող սակագինը` 210 դրամ, 192 դրամ` ջուր, 18 դրամ` կոյուղի: ՙՋրային Տնտեսություն՚ ՓԲԸ-ն ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով է դիմել ոռոգման ջրի վաճառքի սակագնի (դրույքի) սահմանման (վերանայման) հայտով: Գործող սակագինը` 2.0 դրամ: Առաջարկվող սակագինը` 10.56 դրամ:

 

 

Այս հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու ակնկալիքով դիմեցինք ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով, որտեղ էլ վերոնշյալ հանձնաժողովի սակագնային քաղաքականության եւ սպառողների հետ կապերի բաժնի պետ Ա. Մուսայելյանը տեղեկացրեց հետեւյալը. ՙՋրի սակագնի հաշվարկման հայտի համար հանձնաժողովն ունի մշակված կարգ, որը հաստատվել է հանձնաժողովի կողմից եւ այդ կարգը մշակվել է ՙՋրային օրենսգրքին՚ համապատասխան: Այդ կարգի համաձայն` համապատասխան կարգավորողն իրավունք ունի հայտ ներկայացնել հանձնաժողով: Եթե հանձնաժողովը նշանակում է սակագին, ապա այդ սակագինը ուժի մեջ է մտնում մեկ ամսից հետո: Սակագինը հաստատելուց հետո 1 տարվա ընթացքում իրավունք չունեն հայտ ներկայացնել սակագնի փոփոխման համար. դա կոնկրետ վերաբերում է ջրամատակարարման համակարգին՚:

 

 

Ի դեպ, ՙՋրմուղ- կոյուղի՚ ՓԲԸ-ն 2012 թվականին հայտ է ներկայացրել հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով` սակագնի վերանայման հարցով, սակայն հանձնաժողովն այդ հայտը մերժել է. ՙՀանձնաժողովի կարգի համապատասխան` 2012 թվականին ընկերությունը հայտ է ներկայացրել, մենք ուսումնասիրել ենք հայտը: Ըստ կարգի` պահանջվում են փաստաթղթեր. դրանք պետք է ամբողջական լինեն եւ ներկայացված հաշվարկներում անճշտություններ չպետք է լինեն: Այդ փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ հայտը ամբողջական չէ, գոյություն ունեն անճշտություններ: Այդ իսկ պատճառով մենք վերադարձրել ենք հայտը, այն ուսումնասիրության չի վերցվել: 2013 թվականին, կատարելով փոփոխություններ եւ անհրաժեշտ լրացումներ, ընկերությունը կրկին հայտ է ներկայացրել հանձնաժողով` խմելու ջրի սակագնի վերանայման հարցով: Ներկայացված հայտն արդեն ստուգել ենք. այն ամբողջական է, համապատասխանում է հանձնաժողովի կողմից ընդունված կարգերին եւ ներկայացված փաստաթղթերում անճշտություններ չկան: Հանձնաժողովն արդեն գրությամբ հայտնել է ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ին, որ հայտը վերցնում է ուսումնասիրության՚,- տեղեկացրեց Ա. Մուսայելյանը:

 

 

Հաստատված կարգի համաձայն` հայտը ուսումնասիրության վերցնելուց հետո 90 օրվա ընթացքում հանձնաժողովը նոր միայն պետք է տա իր որոշումը:
ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ն իր բացատրությունն ուներ սակագների վերանայման հայտի հետ կապված: Ընկերության տնօրեն Մ. Հայրապետյանի խոսքերով` շուրջօրյա ջրամատակարարումը լրացուցիչ ծախսեր է պահանջում. ՙՋրամատակարարման նոր ցանցի եւ նոր տեխնոլոգիաներով ստանդարտներին համապատասխան խմելու ջուր մատակարարելու պահաջից է բխել հանրային ծառայություններ դիմելու եւ սակագները վերանայելու անհրաժեշտությունը: Եթե մենք ուզում ենք ստանալ շուրջօրյա եւ պահանջվող ստանդարտներին համապատասխան որակի ջուր, ապա մենք պետք է համապատասխան ներդրումներ կատարենք ջրի նախապատրաստման եւ մատակարարման համար: Համակարգը փոխվել է, այսօրվա տեխնոլոգիաները, որոնք ջուրը մաքրում են, նախկին համակարգի հետ անհամեմատելի են: Եթե նախկինում ջուր ստանում էին երկու օրը մեկ` 2 կամ 1 ժամով, ապա շուրջօրյա ջրամատակարարումը եւ այս որակը լրացուցիչ ծախսեր են պահանջում: Ի դեպ, ներկայացված ծախսերում աշխատավարձի ավելացում անգամ ներկայացված չէ: Քանի որ մեր ջուրը մակերեւութային ջուր է, այն առանց նախապատրաստելու սպառողին հասցնել չենք կարող, ըստ այդմ` համապատասխան ծախսեր են պահանջվում՚:

 

 

Ստորեւ ներկայացնում ենք բնակիչների նամակը ՙԱպառաժ՚ թերթի խմբագրությանը:
ՙՍա ոչ թե հայտարարություն է, այլ ահաբեկչական կոչ ուղղված սեփական ժողովրդի դեմ: Նման դեպքում ահաբեկիչներին պետք է անհապաղ մեկուսացնել հասարակությունից, այլ ոչ թե քննարկել նրանց առաջարկությունը: Թե ինչու, պարզաբանեմ:

 

 

Ջուրը, ինչպես հայտնի է, մարդու առաջին անհրաժեշտության նյութերից է, կյանքի համար կարեւորագույն բաղադրիչներից մեկը: Այն տնտեսագիտության տեսանկյունից նաեւ ապրանք է: Այսինքն, եթե ջուրը օգտագործել ես, պետք է վճարես: Սակայն այլ է Արցախի պարագայում: Այն բնակչության գոյատեւման, առողջապահության եւ կենսակերպի պահպանման անհրաժեշտ տարր է: Մի՞թե մեծ խելք է հարկավոր հասկանալու համար, որ Արցախում կենսաապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը տնտեսագիտական նորմերից շեղումներով պետք է կատարել` ի օգուտ ազգաբնակչության: Եթե խմելու ջրի վաճառքի սակագինը առաջարկվում է բարջձրացնել մոտ 2 անգամ, միթե ֆինանսական եւ բարոյա-հոգեբանական տեսանկյունից չի ազդելու ազգաբնակչության վրա: Այլ հարց է, եթե կենսաթոշակները, աշխատավարձները զգալիորեն կամ գոն համեմատորեն բարձրացվեն, այսինքն ինդեքսավորվեն:

 

 

Բոլորս էլ գիտենք, որ Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո դեռ ազգաբնակչության թվակազմը նախապատերազմական մակարդակին չի հասել: Ի՞նչ է, ջուրը թանկացնելո՞վ ենք պայմաններ ստեղծում, որ եղած բնակչության կենսամակարդակը բարձրանա, կյանքի որակը լավանա:
Հարցին մեկ այլ կողմից նայենք. ի՞նչ եք կարծում, տարբեր պատճառներից դրդված` Արցախը լքած հազարավոր մեր հայրենակիցները, լսելով ջրի սակագնի բարձրացման մասին, արդյո՞ք նրանց մոտ ցանկություն կառաջանա վերադառնալ հայրենիք:

 

 

Ինչ մնում է ոռոգովի ջրի սակագնի ավելի քան 5 անգամ թանկացմանը, երեւի նման առաջարկի հեղինակները այդպես են ուզում խթանել գյուղմթերքների եւ անասնագլխաքանակի հնգակի ավելացումը կամ համապատասխան քանակությամբ պարենային ապրանքների արտադրությունը եւ պարենային անվտանգության ապահովումը: Միջակ ունակությունների տեր մարդուն էլ է հայտնի, որ ոռոգովի ջրի նման թանկացման դեպքում ջուրը հասանելի է լինելու միայն մեծահարուստ հողատերերին:
Կարճ ասած` ամոթ է՚:

 

 

 

Հ.Գ. — Ի դեպ, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ԼՂՀ վարչապետին հարց ուղղվեց` կապված ջրի սակագնի թանկացման հետ, եւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը տեղեկացրեց, որ 2013 թվականին ջրի սակագնի թանկացում չի լինելու:

 

 

ՙԱպառաժ՚

1