Մայրամուտ, որը պետք է կասեցնել. մաս 4
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Մայրամուտ, որը պետք է կասեցնել. մաս 4

Մայրամուտ, որը պետք է կասեցնել. մաս 4

Նախաբանի փոխարեն

 

Միշտ ոգևորվում եմ, երբ իմ հոդվածներին ի պատասխան ագրեսիվ, թունոտ մեկնաբանություններ եմ ստանում: Դրանցից որոշները հետաքրքիր են, մյուսները լի են  մաղձով, չարությամբ, որոնց  հեղինակները անգամ ինտելեկտուալ ձևանալով, ի զորու չեն դրանք քողարկել: Սակայն բանն այն չէ` դո՞ւր են գալիս ինձ դրանք, թե՞ ոչ: Ես, ինչպես մեկնաբանությունների հեղինակները, ունեմ սեփական կարծիք, իսկ հավատում են ինձ առանձին անհատներ, թե` ոչ, ինձ համար, ներեցեք, միևնույնն է… Խոսքի ազատության սկզբունքը ոչ միայն ցանկացածիդ ասելու իրավունքն է, այլև չլսելու: Իսկ ոգևորում է ինձ այն, որ մեկնաբանողների վրդովված գրառումներում, նույնիսկ նրանց, ովքեր այնքան էլ լավ չեն հասկացել հոդվածի իմաստը,  զգում եմ շփոթմունք և ամոթի զգացողություն…

 

Նրանցից շատերը երևի դեռ չեն մոռացել, որ երբ դաշնակցականները բարիկադներ էին բարձրանում (բառիս բուն իմաստով) և բանտ նստում հանուն իրենց ազատության, իրենք լռում էին և թաքցնում գլուխները ոտքերի արանքում: Բայց չէ ՞ որ այն ժամանակ էլ կար խոսքի ազատություն, և կարելի էր չլռել: Եվ բանտ էլ նստում էին հենց նրանք, ում մեկնաբանությունների քաջ և անանուն հեղինակներն անվանում են դավաճան:  Ընդհանրապես, «դավաճան» բառը պետք է զգուշորեն գործածել: Քանի որ ու ՞մ կարելի է դավաճանել: Նրան, որ քո հավատարիմ սատարողն է եղել, պայքարել է հետդ կողք կողքի, այլ ոչ թե ընտրակաշառքների թակարդն է ընկել, և ում չեն շեղել կեղծ այլընտրանքների`սիրամարգի պոչի նման գույնզգույն խոստումները: Իսկ քանի ՞ նման կայուն և հավատարիմ մարդ է եղել մեր հասարակությունում: Արդյո ՞ք նրանք շատ են այժմ: Ցավոք, ոչ: Մեր հասարակությունը միշտ ձգտել է անսպասելի հրաշքով փրկության, որը կգա առանց իր անմիջական մասնակցության: Դրա օրինակները շատ են: Եվ միշտ արդյունքը հիասթափությունն է եղել: Վերցնենք մեր ոչ վաղ անցյալը, որ հիմնական լեյտմոտիվը փրկչի փնտրտուքն է: Միայն հաշվեք, թե քանի փրկիչ-ազատագրող ենք մենք տեսել վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում:

 

De mortuis nil nisi bonum` հանգուցյալների մասին կա’մ լավը, կա’մ ոչինչ, իհարկե, սակայն հիշեք 90-ականների վերջը, երբ փրկչի փնտրտուքը առաջին անգամ երևան հանեց մեր հասարակության` վաղուց հեռացած քաղաքական դեմքերին հարություն տալու բացառիկ կարողությունը:

Իսկ երկուհազարականնե՞րը….

 

Մոսկովյան մեսսիա Արկադի Վարդանյանը իր բուռն բազմամարդ հանրահավաքներով, որոնց հետևեց նահանջը և հույսերի տապալումը: Հետո արդեն տեղական հերոսների շքերթը` Արամ Կարապետյան, Արտաշես Գեղամյան, Ստեփան Դեմիրճյան, Արթուր Բաղդասարյան, Տիգրան Կարապետիչ, կոնգրեսական առաջնորդները` ԼՏՊ-ի գլխավորությամբ և վերջապես` համահայկական ղեկավարության ձգտող էքստրավագանտ հավակնորդը, որը զարմացրեց բոլորին քաղաքական հացադուլը նախազատիկյան պասի վերածելու կարողությամբ:

 

Բոլորը խոստանում էին պարզապես մետաքսյա-բամբակյա հեղափոխություններ, սակայն արդյունքում` կրկին նահանջ, երբեմն սրտխառնոց առաջացնող նահանջողականություն, և նորից հույսերի փլուզում…

 

Բայց դաշնակցականներին այս աստղաբույլի հետ մի խառնեք: Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթե դուք իրոք պատրաստ եք պայքարել ձեր իրավունքների, ձեր ազատության համար, մենք կառաջնորդենք ձեզ դեպի հաղթանակ: Սակայն եթե դուք պատրաստվում եք սպասել հրաշքով ձեզ փրկողին «deus ex machina» ոճով, իսկ ինքներդ ցանկանում եք ապրել ինչպես ապրում էիք` մի փոքր գողանալ, մի փոքր քծնել և շատ լաց լինել, եթե ցանկանում եք նստել հեռուստաէկրանի առաջ և հեռվից հետևել սեփական փրկությանը, ապա առավելագույնը, ինչ կտեսնեք, կլինի ձանձրալի բազմասերիանոց քաղաքական շոուն: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, մեզնից մի’ դժգոհեք, մենք չենք դավաճանել ձեր հույսերը, քանի որ դուք մեզ հետ ոչ մի հույս չէիք էլ կապել: Արդեն 120 տարի է, ինչ մենք ձեզ խոստանում ենք բարդ պայքար և հաղթանակ: Ձեր պայքարը և ձեր հաղթանակը: Պարզապես մենք ուրիշներից լավ գիտենք, որ մեկն առանց մյուսի չի լինում: Իսկ դուք պայքարի փոխարեն ընտրում եք կախարդական հեքիաթը, կամ այլ խոսքերով` որ ձեզ հիմարի տեղ դնեն: Եվ արդյունքում ունեք այն, ինչին արժանի եք: Ընդ որում, ուշադրություն դարձրեք, որ Դաշնակցությունը միակ կուսակցությունն  է հայ իրականության մեջ, որը բացեիբաց ընդունում է իր սխալները և բաց քննադատության է արժանացնում սեփական անցյալը և սեփական ղեկավարությանը:

 

 ՈՉ ՄԻ ՈՒՐԻՇ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՈՎ ՆԱՅԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ:

 

Նույնը, ցավոք, վերաբերում է մեր հասարակությանը: Սրանից կարելի է եզրակացնել, որ բոլոր այդ արհամարհական և Դաշնակցությանը ազգի բոլոր դժբախտությունների մեջ մեղադրող գրառումները թողնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր հոգու խորքում գիտակցում են, որ մեր կյանքում ինչ-որ բան սխալ է, բայց սեփական մեղքը տեսնել չեն ուզում: Սովոր չեն:

 

Դուք չե՞ք նկատել` ովքեր են ամենից շատ և հաճախ բողոքում և դժգոհում կյանքի և աշխարհի անարդարությունից: Նրանք, ովքեր երբեք և ոչ մի պարագայում չեն փորձել ջանքեր գործադրել փոխել մեկը կամ մյուսը: Ցավով ստիպված ենք փաստել, որ նման բազմակողմանի դժգոհների տոկոսը մեր հասարակության մեջ չափազանց բարձր է: Դրա պատճառները պահանջում են հատուկ ուսումնասիրություն, քանի որ դա բարդ, ոչ միանշանակ և բազմագործոն երևույթ է: Գելլափի սոցիոլոգների կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում հարցվածների մեկ երրորդից ավելին համարում է իրենց տառապյալ:

 

Թվում է, թե դա պետք է բավական լինի, որպեսզի ընտրություններին իշխող կոալիցիայի` կրկին հարմարավետ իշխանական աթոռը զբաղեցնելու հույսերը տապալվեն: Սակայն հենց այդ ամենադժգոհ խմբում է զարմանալիորեն ցածր, հանուն սեփական երկրի, սեփական երեխաների  ավելի լավ ապագայի պայքարելու պատրաստակամությունը: Հենց այդ մարդիկ են, որոնք գլխիկոր պատրաստակամությամբ ենթարկվում են իշխանամետ նախընտրական շտաբերի լկտի կատարածուներին: Այդ «հնազանդների» մտքով անգամ չի անցնում  գրողի ծոցն ուղարկել կպչուն անձնագիր հավաքողներին և դառնալ ազատ` հարկադրանքից և ընտրակաշառքներից: Վաղուց է հայտնի, որ ստրուկը ոչ թե ազատություն է երազում, այլ սեփական ստրուկներ: Այդպես Ցիցերոնն է ասել և չի սխալվել: Միգուցե նրա ծանոթների մեջ հայե՞ր են եղել: Սակայն, թերևս, դա համընդհանուր կանոն է, և միայն մեզ չի վերաբերում:

 

Մարդկությունը, ընդհանուր առմամբ, ինչպես և առանձին վերցրած ցանկացած ազգ, բաղկացած է երեք անհավասար մասերից. նրանք, ովքեր առաջ են տանում պրոգրեսը, նրանք, ովքեր ակտիվ դիմադրում են դրան, և նրանք, ովքեր պասիվ սպասում են այդ գործընթացի արդյունքներին` «ճանապարհին գցած գերանի»կարգավիճակում:

 

Եվ նույնիսկ այնքան կարևոր չէ, թե նշված կատեգորիաներից որն է ավելի շատ շահում սոցիալական, քաղաքական, տնտեսական ռեֆորմներից, քանի որ այդ հարցին պատասխան տալու փորձը մեզ կտանի կասկածների արահետով` մոլորակն ապականող մեր քաղաքակրթության նպատակահարմարության (Աստվածային մտահղացման) և կենսունակության տեսակետից: Կարևորն այն է, որ պրոգրեսի համար անհրաժեշտ է, այսպես կոչված, պատվիրատու, շահագրգռված սոցիալական խումբ, որը ճիշտ, թե սխալ, բայցևայնպես գիտակցաբար տեսնում և զգում է իր շահը պրոգրեսից: Պարտադիր չէ, որ շահը լինի զուտ նյութական, չնայած դա նույնպես շատ կարևոր է, բայց հոգեկան բավարարվածություն (օրինակ` հպարտություն հայրենի երկրի, սեփական քաղաքացիական դիրքորոշման համար, ընդհանուր հաղթանակի զգացողություն) անպայման պետք է բերի:

 

Իհարկե, գերադասելի է, որպեսզի բարեփոխումների շարժիչ ուժը լինի հենց իշխանությունը: Հայաստանում այն, ցավոք, ի տարբերություն սոցիալիստական ճամբարի ավերակներ վրա առաջացած շատ պետությունների, կատարում է ժանգոտած արգելակի դեր, բայց շատ ավելի կարևոր է «երրորդ շերտի»` պատվիրատուի առկայությունը: Եվ հենց այստեղ է բացվում իրոք տխուր տեսարան: Մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ դեռևս չկա սոցիալական շերտ, որը շահագրգռված լինի բարեփոխումներով: Կամ հնարավոր է` արդեն չկա: Այսինքն, հայրենակիցների այն տոկոսը, որը, պայմանականորեն ասած, վերածվել է մեր հասարակության բեռի, շատ բարձր է: Պառակտումը, իներտությունը և կամազրկությունը հասել են այնպիսի վտանգավոր սահմանի, որ արդեն կասեցնում են ազգի վերարտադրվելու ձգտումը, բթացնում ինքնապաշտպանական բնազդը: Դրա օրինակները մենք հանդիպում ենք ամեն քայլափոխի, սակայն ամենասարսափելին այն է, որ մենք հաշտվում ենք պարտության հետ, որին ինքներս ենք մեզ մատնում օրեցօր: Կա’մ զարթոնքի թարմ քամի և քայլ դեպի ապագա, կա’մ մակաբուծություն սեփական պատմության վրա. ահա սա է այն ընտրության իրական իմաստը, որի առաջ մեր երկիրը կանգնած է: Այնպես որ, հարգելի’ ընկերներ, մի’ շեղվեք դեպի անիմաստ բանավեճեր սուր մեկնաբանություններ թողնող հեղինակների հետ. թող գրեն` ինչ ուզում են: Կարևորն այն է, որ կարդում են, և ինչ էլ գրեն, հոգու խորքում գիտեն, որ մենք ճիշտ ենք: Զգում են, որ չափազանց ուշ են հասկացել, դրանից էլ նյարդայնանում են: Բայց նրանք նույնպես մեր հարազատն են, մեր հայրենակիցները, և եթե նրանք ճշմարտություն են փնտրում, մենք չենք թողնի նրանց մենակության և անորոշության մեջ:

 

Դե ինչ, շարունակե՞նք:

 

ՄԱՅՐԱՄՈՒՏ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՆԵԼ-4

 

Այս նյութը չի հավակնում լիարժեք լուսաբանել Հայաստանի կամ նրա քաղաքական կուսակցությունների նորագույն պատմությունը: Նախորդ հոդվածում մենք դիտարկեցինք կուսակցությունների և իշխանության հարաբերությունների ընդամենը մի քանի մասնիկ: Այժմ տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ մյուսների հետ:

 

Բացի ՀՅԴաշնակցությունից, Սփյուռքից վերադառնալու և հայրենի հողում հաստատվելու փորձ կատարեցին նաև մյուս երկու ավանդական կուսակցությունները` Հնչակյան և Ռամկավար-Ազատական: Երկուսին էլ ձախողում էր սպասում: Նշենք միայն երկու պատճառ. երկու կուսակցություններն էլ արդեն շատ թուլացած և վարկաբեկված էին Սփյուռքում այն բանից հետո, երբ կուլ էին տվել Սովետական Հայաստանի իշխանությունների` «բարեկամության» մասին խայծը: Դա անընդունելի էր արտերկրյա հայերի մեծամասնության համար, որոնք վաղուց էին հասկացել, որ Հայաստանի բոլշևիկ իշխանությունը, ինչպես և իրենք կրեմլյան ղեկավարները, դիտարկում էին Սփյուռքի հայերին ոչ թե որպես իրենց հողից արտահանված հայրենակիցներ` օտարության մեջ ապրող և իրենց պաշտպանության կարիքը զգացող, այլ որպես գաղափարախոսական հակամարտության դաշտ: Պատմում են, որ դեռևս 60-ականներին, Սիլվա Կապուտիկյանի` Արգենտինա կատարած այցի ժամանակ «դաշնակցական»դպրոցի տնօրենը շարք էր կանգնեցրել աշակերտներին` հարգելի հյուրին դիմավորելու համար, իսկ բանաստեղծուհին անցավ գաղափարապես սխալ դպրոցականների կողքով դեպի ռամկավարների գրասենյակ` չնայելով երեխաների կողմը և չբարևելով: Եվ բնական է, որ այդ երեխաները մեծացան հասկանալի հույզերով, իսկ ռամկավարների վարկը անկում ապրեց:

 

Երկրորդ պատճառն այն է, որ վերադառնալով հայրենիք, ո’չ հնչակյանները, ո’չ ռամկավարները, չգտան իրենց համապատասխան գաղափարախոսական տեղը արևելահայկական իրականության մեջ: Ավելի ճիշտ, բոլոր տեղերը զբաղված էին: Հնչակյաններն իրենց համարյա մարքսիստական հայացքներով չկարողացան դուրս մղել դաշտից 90-ականներին դեռևս ուժեղ կոմունիստներին: Չկարողացան նաև ըստ իրենց անվանման վերաորակավորվել որպես սոցիալ-դեմոկրատներ, որովհետև սոցիալիստ դաշնակցականները նրանցից շուտ էին վերադարձել հայրենիք: Կար նաև Դեմոկրատական կուսակցություն: Ռամկավարների հնարավոր տեղի համար պայքարում էին բառացիորեն տասնյակ խմբեր, լիբերալ գաղափարախոսության կրողներ, այդ թվում` իշխող ՀՀՇ-ն  և  Հանրապետականը: Ի վերջո, ներքին գզվռտոցը վերջնականապես դուրս մղեց հնչակյաններին ու ռամկավարնեին քաղաքական բեմից դեպի ետնաբեմ, որտեղ էլ մնացել են մինչ օրս: Ափսոս: Ինչևէ, այնտեղ են գտնվում նաև ցաքուցրիվ եղած Կոմկուսի մնացորդները` բոլշևիզմի լուրջ հետևորդներից մինչև սովորական խեղկատակներ: Այսպիսով` հայկական չորս ավանդական կուսակցություններից քաղաքական ակտիվությունը և հասարակությունում ազդեցությունը պահպանում են միայն դաշնակցականները:

 

Նորաստեղծ կուսակցություններից հույս սերմանող քաղաքական միավորումները` Հրանտ Խաչատրյանի «Սահմանադրական իրավունք» միությունը և Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորումը», ինչպես նաև մի քանի այլոք, դատապարտված էին ինքնաոչնչացման իրենց ղեկավարների չափազանց հավակնոտության, «դրածոների» քայքայիչ գործունեության պատճառով, և նույնպես լքեցին քաղաքական դաշտը: Որոշ դեպքերում կուսակցության ճակատագիրը որոշում էր տնօրինել իշխանությունը (երբեմն անօգուտ):

 

Մենք խոսել ենք ընդդիմությունից մինչև իշխանություն` Հանրապետական կուսակցության անցած ուղու մասին: Բայց պատահում էին նաև այլ սցենարներ: Մեր իշխանությունը վաղուց է հասկացել, որ կուսակցությունները, ինչպես և մարդկանց, կարելի է մանիպուլյացիայի ենթարկել: Ոչ բոլորն իհարկե, բայց շատերը: Այստեղից էլ ծնվել է այն վնասակար միտքը, որի մասին նախկինում գրել էի և խոստացել վերադառնալ այդ թեմային: Տեսնենք, թե ինչպես էր այն իրականանում: Ամենից հաճախ ինչ-որ արհեստականորեն ստեղծված կամ արհեստականորեն ուռճացված կուսակցության չբարձրաձայնվող ռեսուսային օգնությունը նպատակ ուներ և հաճախ բերում էր ընտրազանգվածի վերաբաժանման` իշխանությանը ձեռնտու ձևով: Ահա’ օրինակներ. 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ որոշ իշխանական շրջանակներ, անհանգստանալով Վազգեն Սարգսյանի աճող ազդեցությամբ, հատկապես Կարեն Դեմիրճյանի հետ միասին, հապճեպ նախաձեռնեցին«Իրավունք և միություն» նախընտրական բլոկի ստեղծումը` ղարաբաղյան հրամանատար Սամվել Բաբայանի լուռ հովանավորությամբ և «Ազգային միաբանություն»  և  «Սահմանադրական իրավունք» միության ղեկավարներ Արտաշես Գեղամյանի և Հրանտ Խաչատրյանի անմիջական գլխավորությամբ: Բլոկը միտված էր հասարակության այն մասի համակրանքը և ձայները շահելուն, որում ուժեղ էին ազգային, ղարաբաղամետ և ինչ-որ չափով հակակոմունիստական տրամադրությունները, որոնց համար Սամվել Բաբայանը կարող էր դիտարկվել որպես Վազգեն Սարգսյանի հակակշիռ, իսկ Կ. Դեմիրճյանի վերադարձը քաղաքականություն անընդունելի էր: Ծրագիրը տապալվեց, և ինչպես ընդունված է, չանցավ առանց բացասական հետևանքների. բոլոր երեք ղեկավարները զգացին իրենց դավաճանված և դարձան իշխանության ոխերիմ թշնամիներ: Միայն շատ տարիներ անց և թանկ գնով ու ջանքերով, որոնց համար կարելի էր ավելի օգտակար կիրառում գտնել, իշխանություններին հաջողվեց իրենց կողմը գրավել Արտաշես Գեղամյանին և դուրս մղել քաղաքական կյանքից Սամվել Բաբայանին և Հրանտ Խաչատրյանին: 

 

Երկրորդ օրինակը վերաբերում է 2003 թվականի ընտրություններին, երբ մինչ այդ քիչ հայտնի «Օրինաց երկիր» կուսակցությունը, որն անտեր էր մնացել ՀՀՇ-ի կործանումից հետո, անցավ նույն իշխանական շրջանակներին տրամադրության տակ և բավականին լուրջ ֆինանսական  և վարչական օգնության միջոցով դարձավ թվաքանակով երկրորդ ուժը խորհրդարանում, իսկ կուսակցության ղեկավարը` խորհրդարանի նախագահ: Սակայն իշխանության` ՕԵԿ-ի լիարժեք հնազանդության և կանխատեսելիության հետ կապված հույսերը չարդարացան. նման դրածոները շատ արագ են մոռանում այն մեխանիզմները, որոնց շնորհիվ իրենք հաջողության են հասել, նրանց սկսում է թվալ, որ այն ամենը, ինչին իրենք հասել են, իրենց անհաշիվ տաղանդների և վաստակի շնորհիվ է: Արդյունքում` իշխանությունը ստիպված էր դժվարությամբ զսպել իր նոր դրածոյի հավակնությունները և նկրտումները: Քանի դեռ նրանց ախորժակը սահմանափակվում էր ֆինանսա-կադրային ոլորտով, դա դեռ հնարավոր էր հանդուրժել, սակայն շուտով իշխանությունները ստիպված էին գործ ունենալ ՕԵԿ ղեկավարի` միջազգային ոլորտում ունեցած հավակնությունների, օտար ամբիոններից նրա ինքնագլուխ հայտարարությունների հետ: Արդյունքում` ՕԵԿ-ը, համարյա բացահայտորեն մեղադրվելով լրտեսության մեջ, սկանդալով լքեց իշխող կոալիցիան` վերածվելով սակայն երկրի քաղաքական դաշտի գործոնի և ևս մեկ գլխացավի: Անհրաժեշտություն առաջացավ վճարել ՕԵԿ-ին տարբեր ծառայությունների համար (օրինակ` 2008-ին ընդդիմադիր ճակատը փլուզելու համար), այնուհետև հաճոյանալ ընդհանուր առմամբ ոչ այնքան անհրաժեշտ գործընկերոջը` օգնել նրան ընտրությունների ժամանակ, տրամադրել բարձր պաշտոններ և այլն:

 

 

Բայց դա էլ դաս չեղավ մեր իշխանությունների համար. 2007 թվականի ընտրություննեի նախօրեին նախագահական ապարատում նախաձեռնվեց«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը, որը տիրապետում էր (և այժմ էլ տիրապետում է) բավական լուրջ ֆինանսական աղբյուրների, և որը պետք է մի կողմից դեպի իրեն քաշեր դժգոհ ընտրազանգվածի մի մասը, դրանով իսկ սահմանափակելով ընդդիմադիր կուսակցությունների հնարավորությունները, իսկ մյուս կողմից` հավասարակշռեր հանրապետականների աճող ախորժակը և ազդեցությունը: Սկզբում դա բավականին ստացվում էր, սակայն ինչպես և ՕԵԿ-ի դեպքում, լավ չէին հաշվարկել բացասական հետևանքները` քաղաքական միավորումների ղեկավարների մոտ անխուսափելիորեն առաջացող հավակնությունները, հատկապես մի շրջապատում, որը ստեղծվել է ոչ թե հայացքների ընդհանրության հիման վրա, այլ կարիերիստ, բայց չբավարարված զանգվածից, որը պատրաստ է ծառայել ղեկավարին` սեփական նպատակներին հասնելու դիմաց:

 

Եվ, ահա, արդեն 2012-ի խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը դարձավ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը, որ շարունակվում է մինչ օրս և դրսևորվում տարբեր հայտարարություններում, քվեարկություններում, հարցազրույցներում, Վարդան Օսկանյանի հետապնդումով և այլն:  Իհարկե, կարելի է վիճել, որ դա խորամանկ ծրագրված խաղ է` ԲՀԿ-ի համար «իսկական» ընդդիմության իմիջ ստեղծելու նպատակով, և Վարդան Օսկանյանին` որպես նոր քաղաքական լիդեր խաղի մեջ մտցնելու համար: Հնարավոր է, որ այդպես է, սակայն ի՞նչ է դրանով փոխվում: Չ՞է որ և’ նախկինում, և’ հիմա կուլիսյան օժանդակության համար ստեղծված արհեստական միավորումները, ինչպես 1999-ի բլոկը, «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ունեն պարզ և հստակ նպատակ` թույլ չտալ հասարակությանը գնալ իրական այլընտրանքի հետևից, ներկայացնել նրան կեղծ այլընտրանքը: Իսկ այն մասին, թե ինչպես է խեղդվում և մաշվում մեր հասարակությունը կեղծ այլընտրանքների լաբիրինթոսում, մենք կխոսենք հաջորդ հոդվածում:

 

(շարունակելի)

 

Վահան  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1