Մայիս 28. խորհուրդ ու դասեր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Մայիս 28. խորհուրդ ու դասեր

Մայիս 28. խորհուրդ ու դասեր

1918 թվականի մայիսի 28-ը, որպես Հայաստանի անկախության նվաճումը խորհրդանշող  կարևորագույն թվական, պատմական անհրաժեշտություն էր: Այն նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Սկսվեց հայոց նորագույն պատմության պետականության շրջանը: Մայիսի 28-ը Հայաստանի նորագույն պատմության մեջ դրոշմվեց որպես զարթոնքի, հաղթանակի, վերածննդի եւ պետականության վերակերտման օր:

 

Առաջին Հանրապետությունը ծնվեց ու ամրացավ հերոսամարտերով՝  Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի: 1918-1920 թթ. Գոյատեւած Հայաստանի Առաջին Հանրապետությունը վերականգնեց հայոց անկախության ընթացքը, հայության մեջ արմատավորվեց ազգային միասնության ու պետականության վերկանգնման համահայկական տեսլականը:

 

Մայիսի 28-ն ունեցավ ոչ միայն իր պատմական նշանակությունը, այլեւ առաջ բերեց այն կարևոր մի քանի  դասերը, որոնք երբևէ չեն կորցրել իրենց կարևորությունն ու արդիականությունը:

 

Դեռեւս 1918-ին հայ ժողովուրդը որդեգրեց անկախությունն ու ժողովրդավարությունը՝ որպես   ճշմարիտ ճանապարհ եւ որով այսօր էլ շարունակում է ընթանալ: Այս երթից չշեղվելու դեպքում նպատակակետը մեկն է՝ ամուր ու կայացած պետականությունը, զարգացող հայրենիքը:

 

Պետական կառուցվածքի տեսանկյունից Առաջին հանրապետությունը ժողովրդավարական էր՝ խորհրդարանի գերակայությամբ, քանզի երկրի ղեկավարությունը ստանձնած Դաշնակցությունը գտնում էր, որ փոքր ժողովուրդների համար սա պետական կառուցվածքի ճիշտ ձև է: Ուստի պատահական չէ, որ առ այսօր ՀՅ Դաշնակցությունն իր ծրագրերում հետամուտ է այս գաղափարի իրականացմանը:

 

Դարեր շարունակ պետականության վերականգնման համար հայությունն օգնության ձեռք էր խնդրում օտարներից՝ անվստահ լինելով սեփական ուժերին: 1918թ. մայիսի 28-ը այն  ապացույցն էր, որ հաղթանակի գրավականը սեփական ուժերին հենվելու եւ միասնական պայքարի մեջ է: Այս կարևոր դասը պետք  եղավ նաեւ հետագայում: Օրինակը՝ Արցախյան պատերազմն ու հաղթանակը:

 

 1918 թ. մայիսի 28-ը արժեւորվեց նաեւ կարեւոր մեկ այլ տեսանկյունից. այն ցեղասպանված ժողովրդի առաջին հաղթանակն էր: 1915 թվականի ցեղասպանությանը հայ ժողովուրդը պատասխանեց մայիս 28-ի հաղթանակով՝ դրանով իսկ կանխելով Հայաստանի արևելյան հատվածի բնաջնջումը: Այն արդիական եղավ նաեւ հետո՝ Արցախի պարագայում, երբ Արցախյան գոյապայքարով ու անկախության հռչակումով կանխվեց արցախահայության ցեղասպանությունը, որը պիտի իրագործվեր արդեն ոչ թե Թուրքիայի, այլ նրա եղբայրակցի ձեռքով:

 

1918-ից 97 տարի հետո էլ մարտահրավերները չեն վերացել, քանզի այսօր էլ գերխնդիր է հայոց միասնականության ու պետականության ամրապնդման գաղափարը, այսօր էլ վտանգված է մեր պետականությունը. վտանգված է այնքան ժամանակ, քանի սահմանին անհանգիստ է եւ շարունակվում են <<դիրքային պատերազմները>>:  Վտանգված է, քանի դեռ լուծված չէ մեր Դատը:

 

Պատմական փորձը ցույց  է տվել, որ մեզ՝ հայերիս ամեն անգամ ավելի մեծ ուժ ու ավելի երկար ժամանակահատված է պահանջվում մեր ազգային կորուստների  վերականգնման համար, ուստի այսօր, առավել քան երբեւէ,  անհրաժեշտ է զգոն լինել: Աչքի  լույսի պես պահպանել   ու  ամրապնդել է պետք  մեր պետականությունը,   ու   այս ճանապարհից ոչ մի շեղում, ոչ մի սայթաքում ընդունելի չէ:

<<Ապառաժ>>-ի խմբագրական, մայիս 28 2015

 

1