Մայիսի 9՝ Հայոց եռատոն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մայիսի 9՝ Հայոց եռատոն

Մայիսի 9՝ Հայոց եռատոն

Երևի թե դժվար է նշել աշխարհի մեկ այլ ժողովրդի, ում մեկ օրացուցային օրն իր մեջ ամփոփի միանգամից երեք տոն և օրն այդ նշանավորվի որպես Եռատոն։ Հայերս մեր տոնացույցում ունենք այդ օրըˋ Մայիսի 9-ը, որ քառորդ դար ի վերˋ ավանդույթի ուժով ամեն տարի նշում ենք համազգային հպարտությամբ ու ցնծությամբ, այն իրավամբ համարելով նորագույն պատմության շրջանում մեր ժողովրդի ամենանշանակալի օրը։ Խնդիրը գուցե թե ոչ այնքան հայոց ազգային առանձնահատկության մեջ է, որքան հայոց պատմական ճակատագրի հոլովույթում կամ, ավելի ճիշտ, առանձնահատուկ հոլովույթում։ Հնարավոր էˋ հենց այդ առանձնահատկության արդյունք է, որ տարվա մայիս ամիսը գրեթե մեկ դար է, ինչ պատմական հաղթանակների շրջան է մեր ժողովրդի կյանքումˋ Սարդարապատի ճակատամարտում թուրքական ցեղասպան բանակի դեմ ջախջախիչ հաղթանակի տեսքով, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման, Երկրորդ աշխարհամարտում խորհրդային ժողովուրդների դառը բաժին դարձած Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, տասնամյակների գերությունից հայոց Շուշի բերդաքաղաքի վերջնական ազատագրման ավետիսներով, նորանկախ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման օրով։

Բայց, կարծում եմ, հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած այդ նշանակալի պատմական իրադարձությունների նման գնահատանքը, այնուամենայնիվ, լիարժեք չի հնչի, եթե դրանք ընկալենք սոսկ որպես ճակատագրի կամքին խարսխված կամ այդ կամքից աղերսված արտահայտություններ։ Ոչ, իհարկե։ Խնդիրն առավել քան խորքային է և անընդգրկելի ծավալունˋ որպես ազգային հոգեբանության արժեք, որ, իբրև այդպիսին, բխում է օրհասի ժամին համախմբվելու, մեկ միասնական բռունցք կազմելու, միաբանվելու, մեկ հավաքական կամք դառնալու մեր ժողովրդի կարողությունից։

Անշուշտ, նույն այդ հավաքական կամքի արտահայտություն էր հայ ժողովրդի, այդ թվումˋ նրա արցախյան հատվածի անձնվեր մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտինˋ Խորհրդային Միության և հակահիտլերյան դաշինքի մյուս պետությունների զինված ուժերի կազմում։ Եթե խոսենք զուտ թվերի լեզվով, ապա 1939-1945թթ. ֆաշիստական ժանտախտի դեմ ի զեն էր ելել, ընդհանուր առմամբ, ավելի քան 600 հազար հայ` Խորհրդային Միությունից և աշխարհի այլ երկրներից։ Նրանցից շուրջ 300 հազարը զոհվեց մարտի դաշտերում: Հարկ է նշել, որ պատմության մեջ երբևէ հայ ժողովուրդը միաժամանակ ռազմի դաշտ չի հանել այդքան զինվոր և որևէ պատերազմի ժամանակ այդքան մարդկային կորուստներ չի տվել: Մասնակիցներից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, որ կազմում էր բնակչության 22 տոկոսը, 200 հազարը`  Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա, իրոք, զգալի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը Խորհրդային Միությունում 2 միլիոն էր, այսինքն`  հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից`   նաև 100 հազար հայ մարտնչում էր հակահիտլերյան դաշինքի երկրների զորքերի կազմում: Միայն Արցախ աշխարհից, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը և Հյուսիսային Արցախը, պատերազմ է մեկնել մոտ 90 հազար հայ, որ կազմում էր տարածաշրջանի հայ բնակչության ավելի քան մեկ երրորդը։ Նրանց գրեթե կեսը ռազմաճակատի տարբեր հատվածներում զոհվել է, այդ թվումˋ 22 հազարը մարզից, 18 հազարըˋ Հյուսիսային Արցախից, ընդհանուր առմամբˋ 40 հազար մարդ։ Մեծ թվով հայ տղամարդիկ և աղջիկներ զորակոչվեցին նաև Ադրբեջանի այլ հայաշատ վայրերիցˋ Բաքվից, Նախիջևանից, Գանձակից, Շամախուց, Իսմայիլլիից, Ղուբա-Խաչմազ գոտու շրջաններից և այլ տարածաշրջաններից։ Համեմատության համար նշեմ, որ պատերազմի տարիներին 19 ադրբեջանցուց զորակոչվել է ընդամենը մեկը: Ի լրումն` նշեմ նաև, որ պատարազմն առիթ էր Ադրբեջանում դեռևս 20-ական թվականներից սկիզբ առած հայաթափման գործընթացն առավել ծավալուն դարձնելու և արագացնելու համար։

Մեծ հայրենականի ընթացքում կազմավորվել են 6 հայկական դիվիզիաներ։ 103 հայ արժանացել է հերոսի կոչման, 27-ը` դարձել փառքի շքանշանի լրիվ ասպետ, իսկ մեդալներով ու շքանշաններով պարգևատրվել է շուրջ 80 հազար հայ։ Հայ գեներալիտետի թիվը ԽՍՀՄ-ում կազմում էր 64 մարդˋ մարշալներ, գեներալներ, ծովակալներ: Նրանք պատերազմի ընթացքում ստանձնել են բարձր ու պատասխանատու պաշտոններ. 1-ը՝ ռազմաճակատի, 3-ը՝ բանակի, 5-ը՝ կորպուսի, 22-ը՝ դիվիզիայի, 25-ը՝ բրիգադի, 100-ը՝ այլ զորամիավորումների հրամանատարներ։ Հերոսաբար պաշտպանելով ժողովուրդների մեկ ընդհանուր տուն դարձած Խորհրդային Միությունը, հայ զորահրամանատարներն ու զինվորները քաջ գիտակցում էին, որ այդպիսով իսկ պաշտպանում են հայրենի բնօրրանըˋ Հայաստան-Արցախ աշխարհը։ Մանավանդ, նրանց հայտնի էր, որ ֆաշիստական զորքերի կողմից Ստալինգրադը գրավելու պարագայում Հայաստանի սահմանների մոտ կենտրոնացած թուրքական 26 սպառազեն դիվիզիաներ պատրաստ են հարձակվել ու մտնել Հայաստան, հետևապեսˋ անխուսափելի կդառնար հայ ժողովրդի վերջնական բնաջնջումը։ Բայց Ստալինգրադը, որի պաշտպանության դիրքերում մարտնչում էին ավելի քան 30 հազար հայ սպաներ և զինվորներ, մնաց անառիկ, ինչի շնորհիվ ի դերև ելան Հայաստանը հերթական անգամ հրի ու սրի մատնելու թուրքական իշխանությունների նյութած հույսերը։ Անկարայի այդ նկրտումները վերջնականապես փլուզվեցին 1945 թվականի մայիսի 9-ի հաղթանակովˋ գերմանական Ռայխստագի գրավմամբ, որի պատերի վրա սերունդներին ի պահ թողնվեցին նաև հայ մարտիկների հաղթական գրառումները, իսկ նրա փլատակների մոտ թափ առավ հայկական շուրջպարըˋ քոչարին։ Ֆաշիստական Գերմանիայի դեմ 1945թ. մայիսի 9-ի հաղթանակը խորհրդային ժողովուրդների, այդ թվումˋ հայ ժողովրդի միասնական հաղթանակն էր:

Երկրորդ աշխարհամարտում հայ զորավարների ցուցաբերած բարձր ռազմարվեստը, հայ ռազմիկների անձնվեր հայրենասիրությունն ու հերոսականությունը, որպես սերունդների փոխկանչ, իրենց հերթական փայլուն դրսևորումը ստացան Մեծ հայրենականի հաղթական ավարտից տասնամյակներ անցˋ 1991-1994թթ. Արցախյան Հայրենական պատերազմում՝ առանձնապես 1992-ի մայիսի 9-ին, հայոց պատմական Շուշի բերդաքաղաքի ազատագրմամբ։

Նորահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության նորաստեղծ մարմիններն այդ ժամանակաշրջանում կառավարման համակարգի ձևավորման դեռևս առաջին քայլերն էին կատարում։ Արցախահայության ինքնորոշման սահմանադրական իրավունքը, ցավոք, դարձյալ ըմբռնում չէր գտնում Բաքվում, և իշխանության կազմավորման աշխատանքներն իրականացվում էին Ադրբեջանի կողմից բացարձակ շրջափակման և հարաճուն ագրեսիայի պայմաններում։ Արդյունքում՝ որպես հիմնախնդրի ուժային լուծման փորձ, Արցախին պարտադրվեց լայնածավալ պատերազմ՝ հազարավոր անմեղ զոհերով և տասնյակ հազարավոր փախստականներով հանդերձ։

Այսպիսին էր մեր հարևանների պատասխանը ԼՂՀ ղեկավարության պատրաստակամությանը՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկելու ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հարցերի ամբողջ համալիրը։

Նորանկախ հանրապետությունում այդ ժամանակաշրջանի թիվ մեկ հիմնախնդիրը երկրի ինքնապաշտպանության ապահովումն էր։ Այն իրականացվում էր կամավորական ջոկատների ուժերով, որոնք համալրվում էին ինչպես արցախցի, նույնպես և Հայաստանից ու Սփյուռքից Արցախի պաշտպանությանն ի զեն ելած քաջորդիներով։

Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմի համար, քանի որ հենց Շուշիից էին ադրբեջանցիները գնդակոծում Ստեփանակերտն ու մերձակա հայկական գյուղերը: Շուշին այդ օրերին վերածվել էր թշնամական թիվ մեկ կրակակետի: Այսպես, 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ երեք հազարը` «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել 370 բնակելի տուն և շինություն: Ստեփանակերտը, փաստորեն, գրեթե 70 տոկոսով ոչնչացված էր, մարդիկ ապրում էին նկուղներում, բացակայում էին տարրական կենցաղային պայմանները։

Շուշիի ազատագրման ռազմագործողությունը, որն անվանվել էր ՙՀարսանիք լեռներում՚, իրականացվել է 4 ուղղությամբ՝ միաժամանակյա հարձակումներով: Չնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ հերոսների արիության և մարտունակության շնորհիվ Շուշին վերջնականապես ազատագրվեց։ Իսկ Լաչինի միջանցքի ազատագրմամբ ի վերջո ճեղքվեց հանրապետության տևական շրջափակումը։ Իրար կապելով Ստեփանակերտն ու Գորիսը, այն, հիրավի, դարձավ կյանքի ճանապարհ։

Շուշիի ազատագրումը հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն է համարվում:  Եվ այն դարձավ հաղթանակի օր, հաղթության տոն: Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ ևս մեկ հերոսական պատմություն, իսկ այդ օրը եկավ լրացնելու Արցախի և, առհասարակ, հայոց պետական նշանակալի տոների ցանկը:

Շուշիի հաղթանակը մեր նորագույն պատմության այն պանծալի էջը դարձավ, որը հետագայում հայրենասիրական շունչ ու ոգի փոխանցեց նոր սերնդին: Հայ զինվորն ապացուցեց, որ բազկի ուժով և միայն զենքով է հնարավոր կերտել հաղթանակը:

Մայիսի 9-ը դարձավ Եռատոն, որովհետև հենց այդ օրը պաշտոնապես ճանաչվեց Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օր: Արցախի Հանրապետության Զինված ուժերը, որոնք անգամ օտարերկրյա զինվորական գործիչների ու փորձագետների գնահատմամբ ամենամարտունակն են համարվում տարածաշրջանում, հիրավի երկրի ու ժողովրդի անվտանգության հուսալի երաշխիքն են։ Պետք է առանձնապես ընդգծել, որ 1994-ից մինչ օրս հակամարտության գոտում հարաբերական հրադադարը պահպանվում է բացառապես ԱՀ զինված ուժերի շնորհիվ, որոնք զսպում են հակառակորդի ագրեսիվ գործողությունները և, ըստ էության, խաղաղարար առաքելություն իրականացնում տարածաշրջանում։ Հարաբերական, քանզի Ադրբեջանը, պարբերաբար խախտելով 1994թ. մայիսյան համաձայնագիրը հրադադարի հաստատման մասին, առ այսօր շարունակում է սին հույսեր կապել ղարաբաղյան հիմնախնդրի ուժային լուծման հետ։ Ավաղ, անցած 24 տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց հրադադարը փոխակերպել լիարժեք և համապարփակ խաղաղության, ինչի արդյունքում սահմանի երկու կողմերում մինչև այսօր զոհվում են մարդիկ։ Պատճառն Ադրբեջանի ռևանշիստական քաղաքականությունն է, որը չի դադարեցնում մարտական գործողություններ վերսկսելու սպառնալիքները։ Բաքվի ցնորամիտ նկրտումները հերթական անգամ հուժկու հակահարված ստացան անցյալ տարվա ապրիլի սկզբներին` իր իսկ սանձազերծած լայնածավալ պատերազմում։ Անշուշտ, թշնամուն դարձյալ ի ցույց է հանվել օրհասի ժամին համախմբվելու, մեկ միասնական բռունցք կազմելու, միաբանվելու, մեկ հավաքական կամք դառնալու համայն հայության կարողությունը։

Այդպես ու միայն այդպես է հայոց բազմադարյա ճամփին ի հայտ եկել 1918-ի մայիսը, այդպես են լույս աշխարհ եկել 1945-ի և 1992-ի մայիս ամիսներըˋ ամեն մի առանձին դեպքում ոգեպնդելով, հայրենի բնօրրանում հարատևելու հույս ու հավատ, ուժ ու կորով հաղորդելով մեր ժողովրդին։

Միքայել Հաջյան

Քաղաքական վերլուծաբան

1