Մայիսի 28-ի խորհուրդը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մայիսի 28-ի խորհուրդը

Մայիսի 28-ի խորհուրդը

20-րդ դարի մայիսյան օրերն իրենց տարողունակությամբ ու էությամբ հայոց պատմության մեջ աննախադեպ են: Հայկական կենսատարածքների սրտում` Սարդարապատի դաշտում, Բաշ-Ապարանի լեռնալանջին, Ղարաքիլիսայի ձորում վճռվում էր հայ ժողովրդի արժանապատիվ գոյության խնդիրը: Եվ հայը հաղթեց` ապավինելով իր սեփական ուժին եւ Աստծուն: Երկար դարերի ստրկությունից հետո հայն իր արյան գնով ձեռք բերեց ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Հայ անվանի գրականագետ, լեզվաբան-բանահավաք եւ հասարակական գործիչ Ռաֆայել Իշխանյանը գրել է. «Մենք` հայերս, կարծում եմ, չորս մեծ տոն ունենք` երկուսը հոգեւոր, մեկը աշխարհիկ, մեկն էլ եւ´ հոգեւոր, եւ´ աշխարհիկ: Մեր հոգեւոր երկու մեծ տոներն են` Հիսուսի Ծնունդը հունվարին եւ Հարությունը գարնանը: Ե´վ աշխարհիկ, ե´ւ հոգեւոր տոնը Թարգմանչաց տոնն է, այսինքն` հայոց գրի ու գրականության, հայոց լեզվի տոնը: Իսկ հայ ազգի աշխարհիկ մեծագույն տոնը Մայիսի 28-ն է` Հայոց ազգային պետականության օրը»:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ԼՂՀ օրենքով Մայիսի 28-ը սահմանված է Հայաստանի Առաջին Հանրապետության օր (ոչ աշխատանքային): ՀՀ-ում այդ օրը շուքով են նշում՝ պետական եւ հոգեւոր այրերը ժողովրդին առաջնորդելով այցելում են Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի հուշահամալիրները, կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Ցավոք, այդ համազգային տոնը Արցախում ըստ արժանվույն չի նշվում:

Հայտնի է, որ Սարդարապատի ընդհանուր հրամանատարը եղել է Դանիել Բեկ-Փիրումյանը, իսկ Ղարաբաղյան (մահապարտների) գնդի հրամանատարը՝ Պողոս Բեկ-Փիրումյանը: Ինքնապաշտպանության պայքարը գլխավորել են Էջմիածնի ճեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը եւ Էրզրումի հոգեւոր առաջնորդ Զավեն եպիսկոպոս Մահտեսի-Բաբայանը, ովքեր արցախահայեր էին:

2018թ. մայիսին լրանալու է Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը:

Ցանկալի է, որ Դանիել եւ Պողոս Բեկ- Փիրումյանների ծննդավայր Նախիջեւնիկ գյուղի ակումբը նորոգվի, մի սենյակ հատկացվի թանգարանի համար, իսկ գյուղի բարձունքում կառուցվի Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիր:

Հայկական վերջին կենտրոնական պետությունը եղել է Բագրատունիների թագավորության օրոք, որը վերացվել է 1045 թվականին, երբ Հայաստանին տիրացել է Բյուզանդիան: Դրանից հետո եղել են հայկական եզրային պետություններ եւ իշխանություններ, որոնցից ամենահզորը Ռուբինյան ու Լուսինյան թագավորություններն էին Կիլիկիայում (1080-1375 թթ.): Կիլիկյան թագավորության անկումից հետո, ավելի քան 500 տարի անց, 1918 թ. Մայիսի 28-ին հիմնվել է հայկական նոր պետություն` Հայաստանի Հանրապետությունը, որի ստեղծման գործում մեծ ավանդ ունի Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:

Հիրավի, 20-րդ դարը հայության համար նշանավոր է նրանով, որ Հայկական բարձրավանդակում՝ հայկական կենսատարածքում, բազում դարերից հետո վերջապես վերականգնվել է Հայկ Նահապետի ժառանգորդների պետականությունը` ստեղծվել են երեք հանրապետություններ, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են, իսկ Երրորդ հանրապետությունը Առաջինի օրգանական շարունակությունն է իր էությամբ եւ բնույթով:

Ազատությունը եւ անկախությունը համամարդկային գերագույն արժեքներ են: Անկախությունն այն է, երբ տվյալ ազգը իր ճակատագրի տերն է, ինքն է կերտում իր պատմությունը (ներկան ու ապագան)` իր ազգային ոգուն, հավատքին, մշակույթին, հոգեկերտվածքին, համակեցությանը, ավանդույթներին ու սովորույթներին համապատասխան: Անկախությունը այս կամ այն ազգային պետության ազատ լինելն է օտար պետության միջամտությունից, սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինումն է, արտաքին ու ներքին քաղաքականության ինքնուրույն իրականացումը: Հայ ժողովուրդը դարեր շարունակ ի վիճակի չի եղել տնօրինել ու կերտել իր պատմական ճակատագիրը: Եվ պատմության ընթացքում ավելի հաճախ դրսից` հարեւան ու հեռավոր զորեղ ուժերի կողմից է թելադրվել ու պարտադրվել, թե ինչպես ապրել: Սակայն հայը միշտ էլ պայքարել է հանուն անկախության, ու 20-րդ դարում այն ստացել է: Պետական անկախություն ձեռք բերելը դեռեւս չի նշանակում, թե տվյալ երկրի ժողովուրդը միանգամից դառնում է անկախ ու ազատ: Սա խնդրի արտաքին ու մակերեսային կողմն է, ընդամենը նախապայմանը: Շատ ավելի դժվար ու տեւական է նրա խորքային կայացումը եւ զարգացումը: Կարելի է ապրել անկախ եւ ազատ երկրում (պետությունում) եւ չլինել ազատ (այսինքն` հոգով լինել ստրուկ) եւ, ընդհակառակը, ապրել անազատ ու բռնապետական երկրում, բայց ներքուստ` հոգեպես լինել անկախ, ազատ ու արժանապատիվ: Դա բխում է մարդու էությունից, ներքին ազատությունից:

99 տարիների բարձունքից նայելով` դժվար չէ գնահատել Հայաստանի Առաջին Հանրապետության անկման պատճառները, սակայն կարեւորը անցյալից դասեր քաղելն է եւ նմանատիպ քաղաքական իրավիճակներում նույն սխալը չկրկնելը, որը, ցավոք սրտի, շատ յուրահատուկ է մեր ազգին: Հայաստանի Առաջին Հանրապետության տված առաջին դասը միասնությունն է: Ազգը հայոց պարտվել է, երբ համախմբված չի եղել, թշնամիները կարողացել են պառակտել մեր շարքերը: Մենք հաղթել ենք, երբ միասնական ենք եղել եւ ապավինել ենք մեր ուժերին: Վկան` Վարդանանց պատերազմը, Դավիթ Բեկի հերոսամարտերը, Արցախյան ազատամարտը 1991-1994թվականներին եւ 2016թ. ապրիլյան պատերազմը:

1918թ. մայիսին կենաց ու մահու կռվի են ելել հայության բոլոր հատվածներն ու խավերը: Ռազմի դաշտում միասնական են եղել դաշնակցականն ու ապագա բոլշեւիկը, ռամկավարն ու հնչակը, անկուսակցականն ու հոգեւորականը:

Անկախության երկրորդ դասն այն է, որ պետք է արմատախիլ արվի ազգային միասնությունը քայքայող ներքին թշնամությունը, միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը: Ազգային միասնության պառակտիչ հանգամանք է նաեւ հայության բաժանումը իրար չհանդուրժող կրոնական համայնքների:

Անկախության երրորդ դասը սեփական ուժերին ապավինելն է: Այդ դասը հայությունը լավ է յուրացրել, մանավանդ` Արցախյան ազգային-ազատագրական պայքարի եւ պատերազմների տարիներին:

Ներկայումս թեեւ Հայաստանը եւ Արցախը ինքնիշխան հանրապետություններ են, սակայն չի կարելի ասել, որ հայերս ներքուստ հասել ենք անկախության: Պատճառը նախկին խորհրդային կոմունիստական ամբողջատիրության մեջ ձեւավորված, սոցիալիստական պլանային տնտեսությանը սովոր եւ «մեծ եղբոր» կամ նոր խնամակալ փնտրող հայի բարդույթն է: Հետեւաբար, Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում պետք է կարեւորվի անկախության գաղափարը եւ իրականացվի նրա նյութականացումը, մինչեւ որ այն դառնա հայկական երկու հանրապետությունների քաղաքացիների անբաժան ուղեկիցը, առաջացնի նրանց մեջ ազգային արժանապատվության զգացում եւ հոգեւորի պահանջմունք: Բայց դրան կարելի է հասնել ոչ թե տարեդարձից տարեդարձ անկախությանը նվիրված միջոցառումներով ու քարոզչական աշխատանքով, այլ իրական կյանքում տեղի ունեցող շոշափելի տեղաշարժերով, կյանքի որակի բարձրացմամբ եւ հոգեւոր վերազարթոնքով: Այսօր մեր պետական համակարգում եւ հասարակական կյանքում առկա են այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են` անօրինականությունները, կուռուպցիան, կաշառակերությունը, հովանավորչությունը, ընտրախախտումները, ստվերայնությունը, հոգեւոր ոլորտի նկատմամբ քմահաճությունը: Բնականաբար, դրանք վարկաբեկում են անկախության գաղափարը եւ ուղղակի հարվածում պետության միջազգային հեղինակությանը, իսկ հասարակությանը պատճառում նյութական ու բարոյական անդառնալի վնասներ:

Անկախության գաղափարը պահանջում է ապրել սեփական ներուժի շնորհիվ, առանց խնամակալի կամ հովանավորի: Ներկայիս աշխարհայնացման դաժան ու գերշահախնդրության պայմաններում անհնար է ապրել լիակատար անկախ: Եվ, վերջին հաշվով, յուրաքանչյուր պետություն այս կամ այն չափով կախված է մյուսից, սակայն կան արտաքին եւ ներքին բնույթի ազգային-պետական ռազմավարական շահերը շոշափող ուղենիշային խնդիրներ ու սահմաններ, որից այն կողմ զիջումը կամ նահանջն անթույլատրելի է: Խոսքը վերաբերում է ազգային-պետական եւ հոգեւոր անվտանգության հիմնարար խնդիրներին: Յուրաքանչյուր երկրի քաղաքական անկախության համար անհրաժեշտ է տնտեսական անկախություն: Բայց տնտեսականը միակ ու բավարար պայմանը չէ քաղաքական անկախության համար: Տնտեսությունը, անշուշտ, անկախության հիմքն է` բազիսը, սակայն անկախությունը հոգեւոր, վերնաշենքային արժեք է: Միայն տնտեսական գործոնները, նյութական հարստությունը, լավ ապրուստը դեռ բավարար պայման չեն երկրի քաղաքական անկախության եւ մարդու ազատության համար: Որեւէ երկիր կարող է լինել տնտեսապես հարուստ ու հզոր, սակայն ոգու, հոգեւորի, բարոյականի պակասի հետեւանքով չկարողանա պաշտպանել իր անվտանգությունը եւ քաղաքական անկախությունը: Նյութական խնդիրներ լուծելուց բացի` մարդն ուզում է ինքնադրսեւորվել: Ուստի, անկախությունը ոչ այնքան նյութական երեւույթ է, որքան հոգեւոր արժեք: Անկախ չի կարող լինել այն մարդը կամ ազգը, որը հոգով անկախ չէ, իսկ հոգու անկախությունը մեծամասամբ կախված է հավատքից, որը մեր պարագայում հիմնականում պայմանավորված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ազգաբնակչության փոխհարաբերությունից:

21-րդ դարը հայկական երկու պետություններին նոր խնդիրներ է առաջադրել դաժան մարտահրավերների տեսքով, որին կարելի է դիմակայել միայն ու միայն ուժեղ ազգային միասնական պետություն ստեղծելու միջոցով, որի նախադրյալները կան, սակայն բացակայում է կարեւորագույն պայմանը` հայ ազգային գաղափարախոսությունը: Ցանկալի է, որ եկող հերթական համահայկական համաժողովում  հիմք դրվի հայ ազգային գաղափարախոսություն ունենալու խնդրի լուծմանը, առանց որի անգամ տեսականորեն դժվար է համազգային լուրջ հարցերի լուծումը եւ անկախության պահպանումը:

Վերջին տարիներին հայության մեջ ազգայինի եւ հոգեւորի զարթոնքը, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական կյանքում առկա որոշ դրական տեղաշարժերը հույս են ներշնչում, որ անկախության գաղափարը եւ էությունը մեզանում կհաղթանակի լիովին ու վերջնականապես, եւ Մայիսի 28-ի խորհուրդը կդառնա հայ մարդու անկախության ու ազատության հանգանակը:

Հ. Գ.- 2018թ. մայիսին լրանալու է Հայոց նորագույն պետականության հիմնադրման, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի 100-ամյակը:

Հայտնի է, որ Արամ Մանուկյանն է եղել Հայոց նորագույն պետականության հիմնադիրը: Ցավոք, առայսօր նրա անունը հիշատակող փողոց չկա Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:  Ցանկալի է, որ Զորգե փողոցը անվանակոչվի մեծ հայորդու անունով՝ Արամի փողոց:

 Աշոտ Սարգսյան

1