Մայիսի 28-ը հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացումն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մայիսի 28-ը հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացումն է

Մայիսի 28-ը հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացումն է

Ո՞րն է մայիսի 28-ի խորհուրդը եւ ի՞նչ արժեք ունի այն հայ ժողովրդի համար: Այս հարցով դիմեցինք ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար՝ Արմեն Սարգսյանին:

Ամեն մի ժողովրդի իդեալը նրա ազատությունն ու անկախությունն է, մայիսի 28-ն այդ իմաստով հայ ժողովրդի իդեալն է, այսինքն մայիսի 28-ին մենք ստացանք անկախություն: Եղեռնից հետո, երբ որոշվում էր հայ ազգի լինել-չլինելու հարցը, մենք ոչ թե կարողացանք դիմագրավել, այլև ստացանք ազատություն և անկախություն: Մայիսի 28-ը հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացումն է և անգերազանցելի օր է հայ ժողովրդի համար: Ինչպես անկախության, ազատության օրը անգերազանցելի օր է ամեն ազգի համար: Ամեն մի ազգ փորձում է ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը և հազարավոր, նույնիսկ միլիոնավոր զոհերի գնով տասնյան տարիներ, նույնիսկ հարյուրամյակների ընթացքում պայքարում է, որ ստանա անկախություն, մայիսի 28-ին մենք ստացանք այն:

1918թ. անկախություն հռչակվելուց ի վեր Հայաստանի հանրապետությունը կովկասյան երկրներում բացառիկ էր իր դեմոկրատական կառուցվածքով և պատահական չէ, որ Ազգերի լիգան երեք հանրապետություններից դե ֆակտո ճանաչեց միայն Հայաստանի հանրապետությանը: Նորաստեղծ պետությունն առաջին իսկ օրից դրեց դեմոկրատիայի հիմքերը: Ապագայի համար ունեցավ այն նշանակությունը, որ եթե չլիներ Հայաստանի առաջին հանրապետությունը, չէր լինի նաև Հայաստանի սոցիալիստական հանրապետությունը, այսինքն այն ապահովեց հայ ազգի անկախության գաղափարը դարերի համար: Մայիսի 28-ը զուտ մեկ իրադարձությամբ չի նշանավորվում, այն ամբողջ մեր ազգի ապագայի հիմքն է դրել: Այդ պատճառով մեր համազգային տոներից ամենանշանավոր, ամենաժողովրդական տոներից մեկը պետք է լինի, եթե ոչ ամենաժողովրդականը:

1