Մամուլի հաղորդագրություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մամուլի հաղորդագրություն

Մամուլի հաղորդագրություն

2018 թ. հունվարի 20-21-ը, ՀՅԴ Բյուրոյի հրավերով, Երևանում տեղի ունեցավ Հայաստանի, Արցախի, ԱՊՀ երկրների, Եգիպտոսի, Իրաքի և Կիպրոսի ՀՅԴ մարմինների Ռայոնական ժողովը:

Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, Բյուրոյի անդամներ և ՀՅԴ նշված մարմինների ներկայացուցիչները:

Երկու օր տևած քննարկումների ընթացքում, ՀՅԴ Բյուրոն ներկայացրեց իր գործունեության վերջին 15 ամիսների տեղեկագիրը, որի լույսի ներքո ծավալվեց համապարփակ քննարկում:

Ռայոնական ժողովի մասնակիցները իրազեկվեցին Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական վերջին զարգացումների, կոալիցիոն կառավարության շրջանակում ՀՅԴ մասնակցության արդյունքների, Հայաստանում Սահմանադրական նոր կարգի հաստատման գործըթացների մասին: Ժողովը քննարկեց Հայաստանում սոցիալական արդարության հաստատման խնդիրը, տնտեսական և անվտանգության ոլորտների բարեփոխումները և, հարցումների ու արժևորումների միջոցով, տվեց գնահատականներ: Հատուկ ուշադրության առարկա դարձան Արցախյան հարցի կարգավորման վերջին զարգացումները և այդ ուղղությամբ ՀՅԴ կատարելիք աշխատանքները:

Կարևորվեցին Հայոց բանակի հզորացման և համաժողովրդական զորակցության ուղղությամբ նախաձեռնությունները: Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ նշվեց, որ անհրաժեշտ է տեղերում պատշաճ կերպով նշել այդ իրադարձությունը և արցախահայությանը սատարելու և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցերը պահել մշտական դիտակետում:

Հայաստանի տնտեսական խնդիրներին անդրադառնալով, ժողովը փաստեց, որ չնայած առկա են որոշ դրական տեղաշարժեր, սակայն արդյունքները դեռևս անբավարար են բնակչության սոցիալական, կենսամակարդակի բարձրացման և սոցիալական բևեռացվածությունը մեղմելու ուղղությամբ:

Ժողովը հանգամանորեն լսեց նաև շրջանների կազմակերպական, քաղաքական և հարաբերական հիմնախնդիրները և հստակեցրեց դրանց լուծման միջոցները:

Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև Սփյուռքի համայնքների կայուն զարգացման և նոր սերնդի պատրաստության հիմնախնդիրներին:

Ժողովը քննարկեց նաև Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթով կազմակերպվելիք ձեռնարկների օրակարգը և այդ ուղղությամբ ներկայացրեց առաջարկություններ:

Կառույցի առաջընթացի և հզորացման ուղղությամբ ժողովը ներկայացրեց նոր առաջարկներ և դիրքորոշումներ ճշտվեցին մի շարք այլ օրախնդիր հարցերի շուրջ:

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Երևան, 23 հունվար, 2018 թ.,

1