Մաղավուզի քարածխի հանք. տարածաշրջանի էներգետիկ անկախություն թե՞ նոր բեռ պետական բյուջեի համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մաղավուզի քարածխի հանք. տարածաշրջանի էներգետիկ անկախություն թե՞ նոր բեռ պետական բյուջեի համար

Մաղավուզի քարածխի հանք. տարածաշրջանի էներգետիկ անկախություն թե՞ նոր բեռ պետական բյուջեի համար

Հանքարդյունաբերությունը հայտարարվել է Արցախի տնտեսության զարգացման ռազմավարական ճյուղերից մեկը և այդ առումով իշխանությունները մեծ հույսեր էին կապում Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքի շահագործման հետ՝ այն համարելով Արցախի էներգետիկ ինքնաբավության գրավականներից մեկը:

Հանքի շահագործումը երկար չի տևել, բայց շահագործման հետքերը առ այսօր մնում են: Երկու տարի առաջ բաց հանքի մոտով անցնող ճանապարհը սողանքի է ենթարկվել, ստիպված նոր ճանապարհի ուղղությունն այդ մասում փոխվել է: Հանրապետության տարածքում լքված հանքավայրերի և մասնավորապես Մաղավուզի բաց հանքի հարցին նոյեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանի բաժնում անդրադարձել է պատգամավոր Վիլեն Սաֆարյանը: «Մաղավուզի բաց հանքի շահագործման ժամանակ հատվել է ոչ պակաս քան 30 հա անտառ, շարքից դուրս է եկել մոտ 6 հա վարելահող, ավերվել են միջնադարյան գերեզմանոցներ, այլ շինություններ»,- ասել է Վիլեն Սաֆարյանը՝ ավելացնելով, որ հանքի լքվելուց հետո ռեկուլտիվացիա չի կատարվել, մասնավորապես ռելիեֆի և լանդշաֆտի մասով, որի պատճառով առաջացել է սողանք: Սողանքն ավերել է գործող ճանապարհի մոտ 200 մետրանոց հատված, որը հետագայում վերանորոգել են պետական միջոցների հաշվին:

Հարցի վերաբերյալ ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ  քարածխի հանքը տարածաշրջանի ռազմավարական էներգետիկ անկախությունը ապահովող միջոցառումներից մեկն է: «Այս փուլում հանքը կոնսերվացվել է, որովհետև այսօր քարածխի՝ որպես էներգակրի, անհրաժեշտությունը չկա»,- ասել է պետական նախարարը և հավելել. «Իհարկե խախտումներ եղել են, բայց փորձում ենք դա վերացնել: Ճանապարհի սողանքը կարգավորվել է, այժմ վերահսկողության տակ է: Եթե զգանք, որ այդ խնդիրները կան, պետք է պետական բյուջեի հաշվին լուծենք»:

«Ապառաժ»-ի հետ զրույցում Վիլեն Սաֆարյանը տեղեկացրել է, որ սողանքը սկսել է աճել, որոշ ժամանակ հետո նորից է ճանապարհը քանդվելու. սողանքը հետընթաց զարգացում ունի: Եվ բնականաբար, նորից պետական միջոցների հաշվին պետք է վերանորոգվի:

Մաղավուզի հանքի վերաբերյալ հարցին անդրադարձել է նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը. «Այնտեղ կան թույլ տրված սխալներ և մենք լրացուցիչ գումարներ ենք հատկացրել այդ ընկերության կողմից թույլ տրված սխալները շտկելու համար, այդ թվում՝ նաև սողանքների հետ կապված»,- ասել է Բակո Սահակյանը: Նախագահը ընդգծել է մի հանգամանքի ևս. Երբ ինչ-որ մեկը պատրաստակամություն է հայտնում ներդրումներ կատարելու, շատ դեպքերում ուրախությունից, շատ դեպքերում շտապելով, շրջանցվում են մի շարք պահանջներ և դա հանգեցնում է այդպիսի վրիպումների: «Ապագայում մենք պետք է ավելի հետևողական լինենք և ներդրողների հետ սահմանված կարգերին համապատասխան կառուցենք մեր հարաբերությունները»,- ավելացրել է ԱՀ նախագահը:

Ինչպես «Ապառաժ»-ին տեղեկացրել է Մաղավուզի գյուղապետ Աշոտ Դանիելյանը, սողանքը երթևեկությանը չի խանգարել, ուղղակի ճանապարհի ուղղությունն  է փոխվել, բայց հանքի տարածքը, որը նախկինում ծառայում էր որպես արոտավայր, այժմ օգտագործման համար պիտանի չէ:

Հարցը նրանում է, որ հանքի շահագործումից հետո առաջացած խնդիրների համար ոչ մեկը պատասխանատվություն չի կրում: Իսկ շահագործումից հետո հանքավայրի տարածքի հետագա աշխատանքների իրականացման բեռն ընկնում է պետական բյուջեի վրա:

1