Մահմեդականացված հայության բեկորներն Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մահմեդականացված հայության բեկորներն Արցախում

Մահմեդականացված հայության բեկորներն Արցախում

Հարցազրույց ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, <<Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչեւ մեր օրերը>> խորագրով միջազգային գիտաժողովի մասնակից, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ:

 

Վերջերս Արցախում կազմակերպված <<Արցախահայության ազգայինազատագրական պայքար. Գյուլիստանից մինչեւ մեր օրերը>> խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ հանդես եկաք զեկուցումով, որտեղ մասնավորապես նշվում էր այն մասին, որ Արցախում նույնպես 18-րդ դարի երկրորդ կեսին բռնի կերպով հայերին մահմեդականացրել են: Մի փոքր կմանրամասնեք, թե ինչպես է դա կատարվել եւ ում կողմից:

 

-Բացի Ղարաբաղի հայաթափումից եւ թյուրքաքրդալեզու Արցախում էթնիկ տարրերի ներթափանցումից, 18-րդ դարի երկրորդ  կեսին  տեղի է ունենցել հայության համար մեկ այլ աղետալի երեւույթ` հայ բնակչության մի մասի մահմեդականացումը: Բռնի մահմեդականացված հայության հիմնական հատվածն ապրել է գլխավորապես Հյուսիսային Արցախում, մասնավորապես Գարդմանքում: Դրանք այրումներն են, որոնց ոմանք համարում են ադրբեջանցիների ազգագրական խմբերից մեկը: Պատմական փաստերը ցույց են տալիս, որ բռնի մահմեդականացման դեպքեր տեղի են ունեցել ոչ միայն Հյուսիսային Արցախում:

 

Ղարաբաղի մյուս շրջանները նույնպես զերծ չեն մնացել այդ չարիքից, մանավանդ Իբրահիմ խանի ժամանակաշրջանում: Րաֆֆին համոզված էր, որ հայոց գյուղերում թուրք ընտանիքները, որոնք խոստովանում են, թե իրենց նախնիքը հայեր են եղել, այդ բոլորը Իբրահիմ խանի ժամանակների պտուղներն են: Ինչպես փաստում են արխիվային փաստաթղթերը, Իբրահիմ խանի վարած այդ քաղաքականությունից չեն կարողացել խուսափել անգամ Ղարաբաղի մելիքական տները: Օրինակ Դիզակի մելիք Եսայի Մելիք Եգանյանի որդի Բախտամ բեկը եւ նրա որդիները Ասլանն ու Վահանը, Իբրահիմ խանը բռնի կրոնափոխ է արել նրանց, սակայն չբավարարվելով այդքանով, սպանել է տվել նախ Բախտամ բեկին, այնուհետեւ նրա որդի Մելիք Ասլանին:

 

Վահանի մասին տեղեկություններ չեն պահպանվել: Սակայն Րաֆֆին գրում է, որ Տող բերդում, Մելիք-Ավան խանի պալատում բնակվել է Ֆարհադ բեկ անունով թուրք ազնվական, որը պարծանքով է հիշել, որ ինքը Մելիք Ավանյանների նշանավոր տոհմի զավակներից է: Իրավամբ, նա Բախտամ-բեկի թոռն է եղել եւ Մելիք-Ասլանի որդին: Իսկ Մելիք-Ավանյանների քրիստոնյա մնացած ժառանգները, գտնվելով թշվառ աղքատության մեջ, շարունակել են բնակվել նույն Տող բերդում, թեւ համարվել են ազնվականներ: Մելիք Ասլանի անունով այս տոհմի մահմեդականացած ժառանգները հետագայում սկսել են կոչվել Մելիք-Ասլանովներ: Այդ տոհմի մասին Լեոն գրել է <<Այդ մահմեդականացած հայերն այժմ Տող գյուղի բեկերն են եւ կրում են Մելիք-Ասլանով եւ Մելիք-Եգանով հայկական ազգանունները: Բայց կրոնը մոռացնել է տվել հայ մելիքների այդ հեռավոր ժառանգների ազգային ամեն մի պարտավորություն: Թեեւ նրանք շատ լավ գիտեն, որ հայեր են, բայց մահմեդական կրոնին պատկանող, այնուամենայնիվ այնքան են ենթարկված եղել ամբոխային հասկացությանը, որ կրոնն են համարել ազգության նշան, ուստի եւ ձուլվել են թաթար մահմեդականների հետ եւ հաճախ իրենց ազգակից հայերին են դեմ գնացել:

 

-Ուսումնասիրելով պատմագիտական գրականությունն ու  արխիվային  նյութերը, ինչ տեղեկություններ եք հավաքել մահմեդականացված ընտանիքների հետագա ճակատագրերի եւ առհասարակ նրանց գործունեությունների հետ կապված:

 

-Ըստ պատմական տվյալների` 1905-1906թթ. հայ-թուրքական ընդհարումների ժամանակ այդ Մելիք-Ասլանովներից մեկը, որ պրիստավի պաշտոն էր կատարում Զանգեզուրի գավառում, անորակելի գազանություններ է կատարել հայերի նկատմամբ: Նույն Մելիք-Ասլանովներից մեկը, կրթությամբ ինժեներ է եղել, մինիստր է եղել 1918 թ. Ադրբեջանի մուսաֆաթական կառավարության մեջ, եւ Բաքվում, այդ կառավարության կարգադրությամբ, մոտ 30 հազար հայեր են կոտորել:

 

1886 թվականի տվյալների համաձայն` Տողում բնակվող 273 գերդաստաններից 33-ը կազմում էին մահմեդական հայերը: Ավելի ուշ` Խորհրդային Ադրբեջանի վարած գաղութային քաղաքականության հետեւանքով, Տողում մահմեդականների թիվն ավելացնելու նպատակով, Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի հրահանգով 1943-1953 թվականներին Ադրբեջանի Իմիշլիի շրջանի Թալըբխանլու ղշլաղի թուրքերին տեղափոխել են Տող: Արցախյան շարժման նախօրյակին արդեն Տողի 1412 բնակչից 811-ը կազմում էին թուրքերը: Ըստ ականատեսների վկայության` Մելիք-Եգանովներն ավելի վատթար վերաբերմունք են ունեցել հայերի նկատմամբ, քան եկվոր թուրքերը… Ս. Ջալալյանցը, նկարագրելով Շուշիի մոտ գտնվող Ղայբալիշեն գյուղը, նշում է, որ գյուղից երեք գերդաստան Իբրահիմ խանի բռնությունների հետեւանքով ընդունել են մահմեդականություն, սակայն գաղտնի կերպով դավանել են քրիստոնեություն:

 

Հակարի գետի ձախափնյա վտակներից մեկի վերին հոսանքում, Քաշաթաղի շրջանի Մեղի գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, գտնվել են Ճամբերախաչ, Քյոհնաքենդ, Ղշլաղ, Խումարթա, Էյրիկ եւ Ալիփանահլի գյուղատեղերը, որոնց հետագայում սկսել են կոչել Մուսուլմանլար հավաքական անվանումով: Ի տարբերություն շրջակա քուրդ բնակչության, XIX դարում այդ գյուղերի բնակիչները թուրքալեզու են եղել:

 

Խումարթա գյուղի հարեւանությամբ, մեկ կիլոմետրի վրա դեռ պահպանվում է սալատապաններով մի փոքրիկ հայկական գերեզմանատուն: Շուշիի շրջանի Մուսուլմանլարին (այժմ`Քիրսավան) մերձակա հայկական գյուղերի բնակիչների տեղեկությունների համաձայն, Մուսուլմանլարում բնակվողները մահմեդականացած հայեր են եղել: Շուշի քաղաքի թուրքերն ու թուրքական գյուղերի բնակիչները նրանց անվանել են <<էրմանիդան դյոմմուզ մուսուլմանլար>>, թուրքերենով` հայից սերված մահմեդականներ: Թե երբ են նրանք մահմեդական դարձել` հայտնի չ,է եւ կան զանազան կարծիքներ դրա վերաբերյալ: Ոմանք գտնում են, որ սրանք հավատափոխ են եղել Իբրահիմ խանի կառավարման տարիներին, ուրիշների կարծիքով` նույն դարի վերջին Աղա-Մահմադ խանի արշավանքների ժամանակ: Արխիվային տեղեկությունների համաձայն` մուսուլմանլարցիներն արտաքինով խիստ տարբերվել են իրենց շրջապատող թուրքերից ու քրդերից: Նրանք շատ վախվորած ու զգուշանալով են խոսել իրենց ծագման շուրջ :

 

Արխիվային փաստաթղթերի համաձայն` 1840-50-ական թթ. բազմաթիվ հավատափոխ եղած հայեր դիմում են գրել Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ Հոգեւոր սինոդին` նորից իրենց նախնիների դավանաքին վերադառնալու խնդրանքով: Այսպես, օրինակ, 1849թ. մահմեդականներ Հյուսեին Բահման բեկը եւ Ջաֆար Մամեդ օղլուն դիմել են Վեհափառ հայրապետին` նորից հայ առաքելական եկեղեցու դավանանքին վերադառնալու կապակցությամբ` նշելով, որ իրենք հոր հետ միասին բռնի հավատափոխ են եղել Իբրահիմ խանի ժամանակներում: 1852թ. Հայոց հոգեւոր սինոդին նմանատիպ խնդրանքով է դիմել Դիզակի Թաղասեռ գուղի բնակիչ Հյուսեին բեկ Բհմանբեկ օղլին: Արցախի թեմի առաջնորդին գրած խնդագրում նա նշել է, որ իր նախնիները հայեր են եղել եւ բռնությամբ թուրքացվել են Իբրահիմ խանի օրոք:

 

Հարցազրույցը`Անի ԱԶԱՏՅԱՆԻ

1