Մահախոսական
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մահախոսական

Մահախոսական

Արմեն Խաչատուրի Հովհաննիսյան

Ծանր հիվանդությունից հետո, 2017 թվականի դեկտեմբերի 25-ին կյանքի 85-րդ տարում իր մահկանացուն կնքեց բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ ու լրագրող, ՀՀ-ն և ԱՀ-ն գրողների միությունների անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանը ծնվել է 1932 թվականին, Մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ղզղալա, այժմ Բերդաշեն գյուղում: Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը: Բարձրագույն կրթություն է ստացել Բաքվի մանկավարժական ինստիտուտում` ստանալով հայոց լոզվի ու գրականության մասնագիտություն:

Վարել է մի շարք պաշտոններ` եղել է «Կոմունիստ» հայերեն թերթի սեփական թղթակիցը Լեռնային Ղարաբաղում, «Մեդաքսագործ» բազմատիրաժ թերթի խմբագիրը, 1974-1984թթ. Ադրբեջանի գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար էր, ընտրվելով կուսակցության ԼՂՀՄ կուսմարզկոմի անդամ և աշխատավորների դեպուտատների մարզսովետի դեպուտատ: Հետագա տարիներին` կուսմարզկոմի հրահանգիչ, հանրապետական թերթի տնօրեն, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար:

Գրել սկսել է անցյալ դարի 50-ական թվականներից: Բանաստեղծությունների անդրանիկ գիրքը լույս է տեսել Բաքվում 1959թվականին` «Բարի ճանապարհ» խորագրով: Այնուհետև իրար հաջորդել են «Հայրենի տուն», «Նվագներ հողի», «Գալիս ենք մենք», «Անմահ և սեր», «Չհորինված մեղեդիներ», «Տարաժամի զանգեր», «Իրիկնաժամ», «Մոմակալներում հալոցք չէ մոմի», «Ապաշխարն», բանաստեղծական ժողովածուները և «Քարափ» արձակ պատումների գիրքը, «Երկերի ժողովածու 2 հատորով» և այլն:

Ա. Հովհաննիսյանի մտերիմներն ու ընկերները հավաստում են, որ նա  հայրենիքի և ժողովրդի սիրով ներշնչված, երկրի  ներկայով ու ապագայով ապրող բանաստեղծ էր, հայրենի եզերքին նվիրյալ ու ազգի գեղեցիկ ավանդույթների պաշտպան:

Սիրված բանաստեղծ, երջանիկ հայր ու պապ Ա. Հովհաննիսյանի հիշատակը միշտ վառ կմնա հարազատների ու նրան ճանաչողների, նրա պոեզիայի սիրահարների սրտերում:

Ճանաչված ու սիրված գրողի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին:

ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարարություն

1