Ճանապարհաշինություն՝ դեպի ոչ քարքարոտ ապագա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ճանապարհաշինություն՝ դեպի ոչ քարքարոտ ապագա

Ճանապարհաշինություն՝ դեպի ոչ քարքարոտ ապագա

Միջհամայնքային եւ գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման խնդիրը մնում է 26-ամյա անկախ Արցախի ամենաքննարկվող ու հրատապ հարցերից մեկը: Անծայրածիր ու ահռելի թվացող ծրագիրը, սակայն, վերջին ամիսներին նոր թափ է ստացել՝ շնորհիվ Կառավարության նոր ծրագրերի: Միջհամայնքային ճանապարհները բարեկարգվում են խճապատման տարբերակով, ներհամայնքային ճանապարհները՝ խորանարդ սալիկների/ քարերի սալապատման եղանակով:

Ներհամայնքային ճանապարհների բարեկարգում սալապատման եղանակով

Ըստ Արցախի քաղաքաշինության նախարարության տրամադրած վիճակագրության՝ ավելի քան հինգ գյուղերում ավարտվել են սալապատման աշխատանքները: Աշխատանքները շարունակվում են Արցախի շուրջ 30 համայնքներում:

«Գյուղամիջյան ճանապարհների խորանարդ սալիկներով դարսումը լավագույն տարբերակն է, քանի որ դրանց ինքնարժեքը եւ երկարակեցության հարաբերությունն ավելի բարձր է, քան ասֆալտինը»,- իր խոսքում նշել է Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Դիմիր կառավարությանը, ստացիր խորանարդ սալիկները/քարերը եւ աշխատավարձի դիմաց բարեկարգիր հայրենի գյուղի ճանապարհը: Այսպիսինն է նոր ծրագիրը, որն ապահովում է նաեւ գյուղացիների ժամանակավոր զբաղվածությունը:

IMG_9834

Ծրագիրն իրականացվում է Արցախի կառավարության եւ Արցախում գործող մի շարք բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Անցած տարվա համեմատ՝ այս տարի զգալի աճել է նաեւ ծրագրից օգտվել ցանկացողների թիվը:

«Այս տարի ճանապարհաշինության ծրագրին հատկացվել է 300 մլն դրամ: Նախնական հաշվարկներով՝ 10 տարվա ընթացքում պետք է ավարտենք Արցախի բոլոր գյուղերի գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքները»,- նշել է Կ. Շահրամանյանը՝ ավելացնելով, որ միջհամայնքային ճանապարհների ավելի քան 250 կիլոմետրը արդեն սալապատված է:

IMG_0161

Միջհամայնքային ճանապարհների բարեկարգում խճապատման տարբերակով

Արցախի շուրջ 230 համայնքներից 50 տոկոսի կենտրոնական ավտոմայրուղուց գյուղ տանող ճանապարհը խճապատված է: Այս պահի դրությամբ աշխատանքներ են իրականացվում Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Մարտունու շրջանի Աշան գյուղերում։

Արցախի բոլոր շրջաններում խճապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով «Արցախուղի» ՓԲԸ-ին տարվա կտրվածքով հատկացվել է 353 մլն դրամ։

IMG_9852

«Քիչ գումար է, բայց մինչեւ տարվա վերջ կավելացվի եւս 200 միլիոն»,- ասել է Կարեն Շահրամանյանը եւ ընդգծել, որ ծրագիրը շարունակական է, քանի որ հորդառատ անձրեւների պատճառով ճանապարհների խճապատման տարբերակը պահպանվում է միայն երկու-երեք տարի:

Այս տարի նախատեսվում է բարեկարգել նաեւ Մուշկապատի, Հաղորտու եւ Վարանդայի  ճանապարհները։

Լուսինե Թեւոսյան

1