«Ճանաչողական» այցերից՝ ճանաչում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » «Ճանաչողական» այցերից՝ ճանաչում

«Ճանաչողական» այցերից՝ ճանաչում

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած նոր զարգացումները ցույց տվեցին , որ Ադրբեջանը  մտադիր չէ  հրաժարվել իր կողմից որդեգրած  սադրիչ եւ ահաբեկչական գործողություններից՝ ուղղված ոչ միայն սահմանին կանգնած հայ զինվորի,  այեւ հայ ազգաբնակչության հանդեպ թե՛ ԼՂՀ-ում , թե՛ ՀՀ-ում:

 

Սահմանային եւ խաղաղ բնակչության հադեպ տեղի ունեցած ահաբեկչությունը  բացահայտորեն կատարվեց հայտնի քաղաքական  հանդիպումների խորապատկերի վրա.  Լավրովի՝ Ադրբեջան այցելության անմիջապես պատասխանը  եղավ Ադրբեջանի նախահարձակ  պոռթկումը շփման գծում, ինչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծեց գերլարված մթնոլորտ: Շատերը սկսեցին խոսել ու խոսում են  պատերազմի հնարավոր  վերսկսման մասին եւ պարզ չէ , թե դեպի ուր կտանի իրավիճակի տեւական սրումը: Համենայնդեպս, ԼՂՀ ՊՆ-ն իր հայտարարության մեջ հուշեց Ադրբեջանին, որ նման կերպ շարունակելու դեպքում  վիճակն ավելի կբարդանա հատկապես  իր՝ Ադրբեջանի համար:

 

Չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձեց ինչ-որ կերպ արձագանքել կատարվածին,սակայն այս անգամ եւս նա զերծ մնաց  հասցեագրված գնահատումից: Հավասարության նշանն այս անգամ էլ դրվեց նույն՝ սխալ տեղում:

 

Այս ամենով հանդերձ, մինչ Ադրբեջանը սահմանային սադրանքներով էր զբաղված, բարձր ամբիոններից քննադատության խոսքեր էին հնչում ալիեւյան բռնակարգերի մասին: Գլխավորապես՝ Եվրոխարհրդարանի կողմից ընդունվեց ալիեւյան բռնապետական վարչակարգը քննադատող բանաձեւը, ուր այդ երկիրը հիշատակվում է որպես մարդկային իրավունքների ու ազատությունների ոտնահարման թատերաբեմ:

 

 Այդ ամենի ֆոնին կազմակերպվեցին մի շարք քաղաքական գործիչների այցելություններն Արցախ: Ընդամենը մի քանի օրերի ընթացքում Արցախ այցելեցին երեք պատվիրակություններ՝ ՀՅԴ եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Ֆրանսիայի եւ Բելգիայի խորհրդարանականների, ԱԺԿ հրավերով <<Եւրոպական ազատ դաշինքի>>: Առջեւում են նաեւ ԼՂՀ ԱԳՆ նախաձեռնությամբ կայանալիք ֆրանկոֆոնիայի օրերն Արցախում, որը կկազմակերպվի առաջիկա օրերին: Այս այցերի ընթացում Արցախում գտնվող խորհրդարանականները բացեիբաց խոսեցին ու դատապարտեցին Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությունը թե՛ սամանին, թե՛ սեփական երկրում: Ճանաչողական այցով Արցախում գնտվող բելգիացի խորհրդարանականը ոչ միայն ողջունեց Ադրբեջանի հանդեպ եվրոխորհրդարանի որոշումը, այլեւ սթափության կոչ արեց այդ երկրի իշխանություններին՝ շեշտելով, որ այնտեղ բռնապետական նկրտումները խորանում են, եւ որքան խորանում, այնքան ավելի քիչ հույս կա, որ  երկիրը կբռնի ժողովրդավարության ուղին:

 

Մինչ ադրբեջանական իշխանությունները փորձում են իրենց երկրում տիրող խայտառակ իրավիճակն ու սեփական քաղաքացիների պոռթկումները զսպել, նրանց ուշադրությունը շեղել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանային լարվածությամբ, Արցախը համալրում է իր բարեկամական շրջանակը նոր բարեկամներով ու նոր այցելուներով, ովքեր այցելելով Արցախի Հանրապետություն, իրենց իսկ ներկայությամբ փաստում են Արցախի Հանրապետության լինելիության անժխտելի իրողությունը, ինչպես նաեւ նրա ճանաչումը մոտ ապագայում դարձնելով անխուսափելի գործընթաց:

 

  Արցախի ժողովուրդն արդեն վաղուց ընտրել է իրեն արժանի ճանապարհը, ամեն մի արցախցի, անկախ քաղաքական դիրքորոշումներից, ունի մեկ գերնպատակ՝ իր երկրի անվտանգությունը, եւ դա գիտակցում են նաեւ այստեղ այցելողները: Ուստի՝ այս եւ նման այցելությունները նաեւ բարոյական պատասխանատվություն եւ պարտավորություն են ներկայացանում հենց իրենց՝ այցելուների համար՝ <<ճանաչողական>> այցերից անցում կատարելու գործնական լուրջ քայլերի:

 

1