Ղարաբաղյան շարժման ակտիվիստներն ԱրՊՀ-ում հանդես են եկել դասախոսություններով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ղարաբաղյան շարժման ակտիվիստներն ԱրՊՀ-ում հանդես են եկել դասախոսություններով

Ղարաբաղյան շարժման ակտիվիստներն ԱրՊՀ-ում հանդես են եկել դասախոսություններով

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ համալսարանում կազմակերպվող տոնակատարության և միջոցառումների անցկացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի համանախագահ Վալերի Ավանեսյանն ասել է, որ դասախոսությունների նպատակն է ուսանողությանը ներկայացնել ղարաբաղյան ազգային- ազատագրական շարժման    իրադարձություններն ու դեպքերը:

Խոսելով անցած 30 տարիների ձեռքբերումների և կորուստների մասին՝ մեր զրուցակիցը մասնավորապես ասել է. «Այսօր նկատելի առաջընթաց կա Արցախի տնտեսական, քաղաքական, կրթական և այլ ոլորտներում: Ղարաբաղյան շարժումը, անշուշտ, ունեցավ մեծ ու դրական նշանակություն. մենք ձեռք բերեցինք անկախություն, որը, ավաղ, թանկ կորուստների, մեծ զրկանքների գնով նվաճվեց»:

Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն էլ ուսանողությանը ներկայացնելով շարժման գործընթացը, կիսվել է հիշողություններով:

Նա իր խոսքում մասնավորապես առանձնացրել է Արցախի պետական համալսարանի դերակատարությունը 1988 թվականին (մայր բուհն այն ժամանակ կոչվում էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ):

«Համալսարանում կային և հայեր և ադրբեջանցիներ. վերջիններիս թիվը հասնում էր մոտ 1250-ի: 1988 թվականի փետրվարի 12-ին Արցախի պետական համալսարանի հայ ուսանողներն ու դասախոսներն առաջին անգամ Ստեփանակերտում բողոքի ցույց կազմակերպեցին, որը հետագայում դարձավ համաժողովրդական ազատագրական պայքարի Արցախյան փուլի մեկնակետը,- ըստ էության ասել է Ս. Շահվերդյանը և ավելացրել,- մենք կերտել  ենք անկախ պետություն, սակայն մենք գիտակցում ենք, որ դեռևս ճանապարհ ունենք անցնելու, մինչև Մայր Հայաստանին միանալը»:

Դասախոսության վերջում Ս. Շահվերդյանը խորհուրդ է տվել ուսանողությանը լինել ավելի ակտիվ, նպատակասլաց ու միասնական՝ լուծելու համար հայ ժողովրդի առաջ ծառացած բոլոր խնդիրները:

1