ՀՕՄ-ն այնտեղ է, որտեղ աջակցության կարիք կա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՕՄ-ն այնտեղ է, որտեղ աջակցության կարիք կա

ՀՕՄ-ն այնտեղ է, որտեղ աջակցության կարիք կա

Հայ օգնության միությունը (ՀՕՄ) 1910 թվականից սկսած մարդասիրական ծրագրեր իրականացնող կարևորագույն կազմակերպություններից է: Սոցիալական, առողջապահական, կրթական և այլ ոլորտներում ՀՕՄ–ուհիների կյանքի կոչած ծրագրերն, իրապես, մեծ գովասանքի են արժանի:

Հայ օգնության միության Անգլիայի մասնաճյուղն այդ գաղափարի ջահակիրներից է, որի ատենապետուհի Ժանետ Մարտիրոսյան-Խաչատրյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ներկայացնում է միության գործունեությունն ու իրականացրած նախաձեռնությունները: Նշենք նաև, որ հոկտեմբերի 7-ին ՀՕՄ-ի Անգլիայի մասնաճյուղը տոնելու է հիմնադրման 35-ամյակը:

-Տիկի՛ն Ժանետ, այս անգամ ի՞նչ առիթով էիք Հայաստան այցելել:

-Շատ կարևոր նպատակով՝ ՀՕՄ-ի 17 երկրների ներկայացուցիչների հետ մասնակցելու ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի բացման արարողությանը, որին ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի Կարոլին Շմավոնյանը և այլ հյուրեր: Մանկապարտեզի կառուցման աշխատանքներին իր անմիջական մասնակցությունն ունի ՀՕՄ-ի ԱՄՆ արևմտյան շրջանը:

Այնուհետև այցելեցինք Արցախի զորամասեր՝ հանդիպելու քաջարի զինվորներին, որպեսզի ոգևորեինք և մայրական քնքշանքով պարուրեինք նրանց: Տեսնելով տղաների հայրենասիրական խրոխտ կեցվածքը և անկոտրում ոգին՝ հիացել, հուզվել էի շատ, անընդհատ գրկում էի նրանց ու զրուցում: Հետո ՀՕՄ-ուհիներով գնացինք ՀՕՄ-ի Ջավախքի գրասենյակ, ապա շրջայց կատարեցինք Թբիլիսիում:

-Առաջին անգա՞մ էիք լինում Արցախ աշխարհում:

-Այո՛: Տպավորված եմ Ստեփանակերտի մաքրությամբ, Արցախի գեղատեսիլ բնությամբ, մարդկանց ջերմ ու անկեղծ վերաբերմունքից: Բոլոր տեսարժան, պատմամշակութային վայրերում եղանք, որոնք շատ սիրեցի: Ի դեպ, եկեղեցիներ այցելելով՝ սահմանը հսկող մեր տղաների անփորձանք ծառայության համար մոմ ենք վառել:

-Համահայկական կառույցների կողմից առաջնային հարց էր դարձել Սիրիական պատերազմի հետևանքով օրհասական վիճակում հայտնված սիրիահայերին աջակցելը: ՀՕՄ-ի Անգլիայի մասնաճյուղն ի՞նչ նախաձեռնությամբ է հանդես եկել:

-ՀՕՄ-ը, առհասարակ, գործուն մասնակցություն է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ՝ ցուցաբերելով տարաբնույթ օժանդակություն: Ինչ վերաբերում է մեր մասնաճյուղին, ապա նշեմ, որ Անգլիայում հաստատված սիրիահայերին ենք աջակցել: Անհրաժեշտության դեպքում օգնությունը շարունակական կլինի:

ՀՕՄ-ը միայն հայերին օգնելով չի սահամանփակվում. մենք այնտեղ ենք, որտեղ մեր աջակցության անհրաժեշտությունը կա:

-Տեղյակ եմ, որ մասնակցել եք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան–Սփյուռք 6-րդ համաժողովին: Պատմե՛ք, խնդրեմ, Ձեր տպավորությունների մասին:

-Նախևառաջ շատ հաճելի էր ևս մեկ անգամ գտնվել Հայաստանում, շփվել Հայաստանի և Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների հետ: Երրորդ անգամ եմ մասնակցում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող Հայաստան-Սփյուռք համաժողովին: Նկատեցի, որ այս անգամ ավելի շատ մարդ էր մասնակցում: Կազմակերպչական առումով ամեն ինչ գրագետ էր մտածված՝ սկսած երիտասարդ կամավորների աշխատանքից:

Կարծում եմ՝ արդյունավետ համաժողով ստացվեց: Միայն թե արծարծված բոլոր առաջարկները, հնչեցրած տեսակետները պետք է խոսքից գործի վերածվեն՝ ի շահ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բարօրության:

Շատ ազդեցիկ էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի լիագումար նիստում ունեցած ելույթը. նա մանրակրկիտ ներկայացրեց մեր հետագա անելիքներն ու համատեղ գործակցության ուղիները: Տպավորված եմ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի հետ հանդիպումից և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի՝ Հայաստանի տնտեսության ներկա ռազմավարությանը, բարեփոխումների ուղղություններին, զարգացման մեծ ներուժին և երկրի նոր իմիջի կերտմանը նվիրված ելույթից: Մի խոսքով, համաժողովին մասնակցությունս շատ կարևոր եմ համարում:

-Տիկի՛ն ժանետ, պատասխանեք, թերևս, վերջին հարցիս՝ ո՞րն է Ձեր երազանքների Հայաստանը:

–Հայաստանը զարգացման և առաջընթացի համար բոլոր նախադրյալներն ունի: Մեր ունեցած հնարավորությունները ճիշտ օգտագործելով՝ կարող ենք միասնական ուժերով շենացնել մեր երկիրը: Իմ երազանքների Հայաստանը բարեկեցիկ, համահավասար իրավունքներով ապրող ժողովուրդ ունեցող Հայաստանն է:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

hayernaysor.am

1