ՀՕՄ-ը հաջորդ տարի կշարունակի օգնել սիրիահայերին և Արցախին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » ՀՕՄ-ը հաջորդ տարի կշարունակի օգնել սիրիահայերին և Արցախին

ՀՕՄ-ը հաջորդ տարի կշարունակի օգնել սիրիահայերին և Արցախին

Հայ Oգնության Միության գլխավոր մարտահրավերը դժվարին կացության մեջ հայտնված սիրահայերին օգնելն է: 2013-ի ընթացքում 102-ամյա կենսագրություն ունեցող բարեգործական այս կազմակերպությունը Սիրայում իրականացրել է տարբեր ուղղություններով աջակցության չորս ծրագիր:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՕՄ-ի կենտրոնական վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանը հայտնեց, որ այդ ծրագրերը շարունակական են լինելու նաև 2014 թ-ին:

 

«Պատերազմի առաջին օրվանից սկսած` մեր կազմակերպությունն առաջիններից էր, որ օժանդակություն է ուղարկել Սիրային: Մեր առաջին ծրագիրը` դպրոցականներին կրթաթոշակներով օժանդակելն է: Երկրորդը` «Տաք ճաշի» ծրագիրն է` կարիքավոր ընտանիքների համար»,- պատմեց Մարաշլյանը: Նրա խոսքով` սկզբնական շրջանում «Տաք ճաշի» ծրագիրը նախատեսված էր իրականացնել շաբաթական միայն մեկ անգամ, սակայն այժմ այն դարձել է շաբաթական երեք անգամ` սիրահայերին հնարավորություն տալով «Փեթակ» ճաշարանում օգտվել տաք և համեղ սննդից:

 

«Մեր մյուս ծրագիրն ուղղված էր նորածին երեխաներ ունեցող ընտանիքների օգնությանը. ՀՕՄ-ի Արևելյան շրջանային վարչությունն արդեն օգնություն է տրամադրել 25 ընտանիքի, իսկ Միջին Արևելքի կենտրոնական վարչության միջոցով` հաշվի առնելով ցուրտ եղանակային պայմանները, իրականացվել է չորրորդ ծրագիրը` Սիրիայում ապրող հայ ընտանիքներին վառելանյութով ապահովելը: Վերջին ծրագրին օժանդակություն են ցուցաբերել 27 երկրից», – պատմեց ՀՕՄ-ի կենտրոնական վարչության ատենապետուհին:

 

Քանի որ Սիրիայում ամեն օր իրադրությունը փոխվում է, միությունը հաշվի է առնում սիրահայերի կարիքները և համաձայն դրա իրականացնում օժանդակությունը: Մարաշլյանը հավաստիացրեց, որ Սիրիայի հայերին օգնության ծրագրեր կիրականացնեն նաև հաջորդ տարի:

 

Ընդհանուր առմամբ` 2013 թ-ին ՀՕՄ-ը սիրահայերին հատկացրել է շուրջ 300 հազար դոլար: Կառույցի օժանդակությունն ուղղվում է նաև Լիբանանում բնակություն հաստատած սիրահայերին` մասնավորապես բնակարան ձեռք բերելու և առողջապահական ծառայություններից օգտվելու հարցում:

 

Կառույցը սոցիալական, առողջապահական, կրթական ուղղություններով ակտիվ աշխատանք է տանում Սփյուռքում, Հայաստանում, Արցախում և Ջավախքում: Միայն Ջավախքում ՀՕՄ-ը մի քանի սոցիալ-կրթական ծրագիր է կյանքի կոչում:

 

««Օգնիր եղբորդ» նախաձեռնությունում ՀՕՄ-ը մշտապես իր ջակցությունն է ունեցել: Այժմ մեր սիրահայ ընկերուհիները, ովքեր գտնվում են Հայաստանում, անդամակցում են մեր մասնաճյուղերին: Այս կիրակի օը տեղի ունեցավ մեր ցուցահանդես-տոնավաճառը: Սիրահայ մեր ՀՕՄ-ուհիների ձեռքի աշխատանքների վաճառքից ստացված հասույթը ուղղվելու է Հայաստանի երրկողմանի ծնողազուրկ երեխաներին, որոշ մասն էլ Սիրիայի մեր հայրենակիցներին աջակցելուն»,- հավելեց ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Նարինե Գալստյանը:

 

Նրա խոսքով` իրենք առանց մի վայրկյան վարանելու, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրերի ղեկավարի առաջարկով իրենց Չարենցի 20 հասցեում գտնվող տարածքը վեց ամիս ժամկետով անվճար տրամադրել են սիրահայերին օգնելու նպատակով:

 

Ինչ վերաբերում է Արցախին, ՀՕՄ-ն այստեղ յոթ մանկապարտեզ ունի: Կառույցը նախատեսում է Ստեփանակերտի մանկապարտեզը և նոր ծրագիր իրականացնել երիտասարդ եւ աշխատող մայրերին օգնելու համար: Դա հետդպրոցական ծրագիր է, այսինքն` երեխաներն ավելի երկար կկարողանան մնալ մանկապարտեզում դասերից հետո: ՀՕՄ-ը նպատակ ունի նաև ճամբար-երիտասարդական կենտրոն բացել Արցախում: ՀՕՄ-ն ակտիվորեն մասնակցել է նաև «Դեպի Արցախ» խորագրով «Հեռուստամարաթոն 2013»-ին` տրամադրելով 40 հազար դոլար:

 

Հայ օգնության միությունը (Armenian Relief Society) կանանց բարեգործական կազմակերպություն է: 1998 թ-ից ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ է: Հիմնադրվել է 1910թ.-ին`ՀՅԴ գործիչ Է.Ակնունու (Խաչատուր Մալումյան) ջանքերով, ԱՄՆ-ի հայ կանանց տարբեր կազմակերպությունների միավորմամբ և կոչվել ՀՅԴ Կարմիր Խաչ: Առաջին պատգամավորական ժողովում կազմակերպությունը ներկայացված էր ԱՄՆ-ում և Կանադայում գործող 32 մասնաճյուղով:

 

1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո ԱՄՆ Արևմտյան շրջանի ՀՕՄ-ի անմիջական հովանավորությամբհիմնվել է Հայաստանի երկրաշարժի աղետյալների օգնության ֆոնդը, որի միջոցներն ուղղվել են տուժած շրջանների վերաշինությանը, բնակչության բժշկական օգնությանը և այլ նպատակների: 1991թ.-ին ՀՕՄ-ը Հայաստանում հիմնել է իր շրջանային կազմակերպությունը` Հայ օգնության խաչ , որը 2000 թ-ին վերագրանցվել է որպես Հայաստանի ՀՕՄ: Այժմ Հայաստանում գործում է ՀՕՄ-ի 52 մասնաճյուղ: Հայաստանում` իր շուրջ 1500 անդամուհիներով, ՀՕՄ-ն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտներում: 1996թ-ից Արցախում, իսկ 2001թ-ից Ջավախքում գործում են ՀՕՄ-ի միավորները: Աշխարհի 28 երկրում գործում են ՀՕՄ-ի մասնաճյուղերը:

 

armenpress.am

1