Հրատարակվել է պատմական կարևոր նշանակություն ունեցող մատյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հրատարակվել է պատմական կարևոր նշանակություն ունեցող մատյան

Հրատարակվել է պատմական կարևոր նշանակություն ունեցող մատյան

Սեպտեմբերի 8-ին Մատենադարանի նիստերի դահլիճում կայացել էր Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք» մատյանի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Թեհրանի «Ալիք» տպարանում, Փերիո Կրթասիրաց միության վարչության նախաձեռնությամբ: Միությունը հիմնադրվել է 1928թ. Նոր Ջուղայում: Գյուղերում կրթական կյանքը զարգացնելու համար դպրոցներ են բացում, ուսուցիչներ են մատակարարում, հովանավորներ գտնում, նյութական ծախսերը հոգում և այլն: Միության աշխատանքները 1960-ական թթ. դադարում են և նորից վերսկսվում 1991թ. սեպտեմբերի 20-ին Թեհրանում:

Միության վարչության անդամ և գրքի հրատարակության պատասխանատու Գասպար Ամիրխանյանը, ով նաև 2 շրջան գլխավորել է Փերիո կրթասիրաց միությունը, «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ ամեն ինչ սկսվեց 2014 թ. օգոստոսին, երբ Հայաստանում կազմակերպվեց «Փերիայի օրերը Հայաստանում» եռօրյա ծրագիրը: «Ծրագրի նախօրյակին նյութեր էի փնտրում ներկայացնելու համար: Նոր Ջուղայի պատմության մեջ հանդիպեցի Ստեփանոս Երեցի անվանը: Նոր Ջուղայի պատմագիր Հարություն Հովնանյանցը նշում էր, որ Նոր Ջուղայի պատմությունը գրելու համար նյութեր չէր գտնում և փոշեթաթախ ձեռագրերի մեջ գտավ մի փոքրիկ գրքույկ՝ Ստեփանոս Երեցի ձեռագիր մատյանը, որն ավելի մղեց նրան գրելու այդ պատմությունը»,- պատմում է Գասպար Ամիրխանյանը և ավելացնում, որ այդ խայծը պատճառ դարձավ, որպեսզի «ընկնի» Ստեփանոս Երեցի անվան հետևից: «Բարեբախտաբար 3 հոդված գտա իր մասին՝ Հակոբ Իրազեկի հոդվածը, Արամ Երեմյան ազգագրագետի հոդվածը և իրանահայ բանասեր Լևոն Մինասյանի հոդվածը, որոնք բոլորն էլ բարձր էին գնահատում այդ ձեռագիրը»,- ասել է մատյանի տպագրության պատասխանատուն: Խորհրդակցելով ՀՀ Սփյուռքի նախարարի, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առաջին դեսպան, պգդ Վահան Բայբուրդյանի հետ, Փերիո միության վարչությունը որոշել է տպագրել այդ ձեռագիրը:

«Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատողները գրաբարը աշխարհաբարի վերածեցին, և հուլիսին տպագրական գործը Թեհրանի «Ալիք» տպարանում ավարտեցինք»,- նշել է Գասպար Ամիրխանյանը: Հուլիսի 19-ին Թեհրանում կատարվեց գրքի շնորհանդեսը, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Երևանի Մատենադարանում: Այսօր արդեն գրքի 400 օրինակ սպառվել է:

«Քանի որ մատյանը պարունակում է Իրանի պատմության վերաբերյալ որոշ դրույթներ, որոնց այլ պատմաբաններ չեն անդրադարձել, և դրանով ավելի արժեքավոր է, ծրագրել ու արդեն ընթացքի մեջ ենք դրել  գրքի պարսկերեն թարգմանությունը, որը, հույս ունեմ, մինչև 6 ամիս կտպագրենք և Իրանի պատմաբաններին կներկայացնենք մոռացված Ստեփանոս Երեցի մատյանը»,- նշել է Գասպար Ամիրխանյանը և հավելել, որ պահանջարկից ելնելով՝ նախատեսվում է ևս 200 օրինակ վերահրատարակել և ուղարկել Հայաստան, նաև հեռահար նպատակ ունեն՝մատյանը թարգմանել  անգլերեն:

Կատարած աշխատանքների համար Փերիո կրթասիրաց միությունն արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից ոսկե մեդալին:

Ստեփանոս Երեցը ծնվել է 1746թ. Իրանի Սպահանի շրջանի Փերիա գավառի Հազարջրիբ գյուղում, սերում է քահանայական տոհմից: Փերիան Սպահանի մոտակայքում գտնվող մի գավառ է, որտեղ Շահ Աբբասյան բռնագաղթի բերումով քշվել է հայ գյուղացիությունը: Հայերը շուրջ 30՝ զուտ հայկական գյուղեր են հիմնադրել: Գյուղերը հետագայում մեծացել կամ փոքրացել են՝ հասնելով երբեմն 23-ի, երբեմն 26-ի: 1946թ. Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ներգաղթ է կազմակերպվում, 7 գյուղեր ամբողջությամբ ներգաղթում են Հայաստան, որոշ գյուղերից էլ որոշ չափով: Այնուհետև, 1960-70-ական թթ. նոր ներգաղթ է կատարվում Փերիայից Հայաստան: Բոլոր գյուղերում, բացի Բոլորան գյուղից, որը մինչ հիմա զուտ հայաբնակ է, համարյա հայեր չեն մնում: Որոշ գյուղերում պահվել են հայկական եկեղեցիները, դպրոցի շենքերը:

Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու Պատմության ժամանակագրական սահմաններն ընդգրկում են 1665-1789 թվականները, այսինքն՝ Իրանում Սեֆյան հարստության Շահ Աբբաս Երկրորդի կառավարման վերջից մինչև Մուհամմադ խանի և Լութֆալի խանի ժամանակները: Նվիրված լինելով 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի պատմությանը՝ գիրքն ընդգրկում է տվյալների ավելի լայն շրջանակ: Ստեփանոս Երեցի Պատմությունը կարևորագույն տեղեկություններ է պարունակում նաև հարևան երկրների՝ Աֆղանստանի, Հարավային Կովկասի երկրների, հատկապես Վրաստանի պատմության վերաբերյալ:
«Հանգիտագիրքը» մեզ է հասել երկու ձեռագրով: Բնագիրը պահվում է Նոր Ջուղայի ձեռագրատանը:  Երկրորդ մատյանը պահվում է Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, որը 1945-1946 թվականներին Ջուղայի ձեռագրից ամբողջությամբ ընդօրինակել է իրանահայ բանասեր Լևոն Մինասյանը: Բնագիրը հրատարակվում է Ջուղայի ձեռագրի հիման վրա: Այն բաղկացած է 488 էջերից: Հիմնական մասը կազմում է քառասունմեկ գլուխներից բաղկացած Պատմագիրքը, ունի առաջաբան և հիշատակարան, անհասկանալի բառերի բառարան: Ձեռագրում տեղ են գտել նաև Ստեփանոս Երեցի հեղինակած տաղերը: Բնագիրը պատրաստել և աշխարհաբարի են փոխադրել Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Թամարա Մինասյանը և Լուսինե Թումանյանը: Առաջաբանը գրել է պգդ, իրանագետ Վահան Բայբուրդյանը, իսկ ծանոթագրությունները՝ Վահան Բայբուրդյանը և Մատենադարանի ավագ գիտաշխատող, իրանագետ Հասմիկ Կիրակոսյանը:

Գործը արժեքավոր է մանավանդ 18-19-րդ դարերի իրանահայության և Իրանի պատմությամբ հետաքրքրվողների համար:

Տաթևիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ

1