Հրադադարի խաբկա՞նք, թե՞ պատրանք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հրադադարի խաբկա՞նք, թե՞ պատրանք

Հրադադարի խաբկա՞նք, թե՞ պատրանք

Հարցն ամենևին էլ հռետորական չէ։ Այն միանգամայն իրատեսական է և բավական շոշափելի հիմքեր ունի։ Խոսքս վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահպանման պլանային դիտարկումներին, որոնք ահա տասնամյակներ ի վեր պարբերաբար անցկացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մանդատով օժտված Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ նրա գործող նախագահի անձնական ներկայացուցչի ու վերջինիս դաշտային օգնականների միջոցով։

Ի՞նչ աստիճան արդյունավետ են և, արդյոք, առհասարակ արդյունավե՞տ են դրանք։ Բանն այն է, որ այդ դիտարկումների ընթացքում գրեթե երբեք չի արձանագրվել հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտման որևէ էական դեպք։ Ասացի գրեթե, որովհետև, իրոք, եղել են առանձին միջադեպեր, երբ դիտարկման ժամանակ մեկ-երկու կրակոց է հնչել` պատճառ դառնալով, որպեսզի առաքելության մասնակիցներն անհապաղ դադարեցնեն դիտարկումն ու լքեն տվյալ տարածքը՝ ելնելով իրենց կյանքին սպառնացող հնարավոր վտանգից խուսափելու անհրաժեշտությունից։ Ինչ խոսք, հասկանալի և ընդունելի է այդ անհրաժեշտությունը։ Բայց ուզում եմ կատարել մեկ վերապահություն։ Անգամ նման սակավ արտակարգ իրավիճակներում, էլ չեմ ասում՝ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան լայնածավալ ագրեսիայի օրերին, միջազգային առաքելությունը, քար լռություն պահպանելով չի արձանագրում, թե հատկապես որ կողմից են առաջինը հնչել այդ կրակոցները։ Թեկուզ, թե իրենց և թե առանձնապես մեզ՝ հայկական կողմերի համար պարզից էլ պարզ է, որ նախահարձակ էր միայն մեկ կողմը՝ ադրբեջանականը։ Իհարկե, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն իր անմիջական ղեկավարին ընդունված կարգով հանգամանալի զեկուցում է տեղի ունեցածի մասին՝ նշելով նաև նախահարձակ կամ սադրիչ կողմին։ Բայց ահա հրապարակավ՝ ոչինչ։ Ոչ բուն դիտարկողների և ոչ էլ նրանց հակամարտության գոտի ուղարկած և ողջ տեղեկատվությանը լիովին տիրապետող ԵԱՀԿ գործող նախագահի, ինչպես նաև այդ միջազգային կազմակերպության Մինսկի խմբի համանախագահ դեսպանների կողմից։

Զորօրինակ, վերջին պլանային դիտարկումը, որը փաստորեն առաջինն էր նոր տարում՝ 2017 թվականին, անցկացվել է  հունվարի 24-ին, արցախյան կողմի հաղորդմամբ՝  Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արեւմուտքում, ադրբեջանական տեղեկատվությամբ՝ Թարթառի շրջանի Ղափանլի գյուղի մերձակայքում։ Ընդ որում՝ երկուստեք, հիմք ընդունելով առաքելության տեղեկատվությունը, հաղորդում են, որ շփման գծի դիտարկված հատվածում խաղաղ էր։ Հայկական կողմն իրավիճակը ձևակերպել է այսպես՝ <<կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել>>, իսկ ըստ ադրբեջանական լրատվության՝ ՙդիտարկումն անցել է առանց միջադեպերի՚: Երևի թե տարբերությունն այնքան էլ էական չէ։ Բայց իրականում բանն այդ չէ։ Բանն այն է, որ հատկապես դիտարկումների միջանկյալ ժամանակահատվածներում ադրբեջանական կողմը մեկ օր անգամ չի դադարեցնում 1994թ. մայիսից ի վեր հաստատված հրադադարի խախտումները՝ կիրառելով զանազան հրազեն՝ դիպուկահար հրացաններից մինչև նռնականետեր և տարբեր տրամաչափի ականանետեր՝ նոր զոհերի տեղիք տալով հրադադարի պայմանավորվածությանը հավատարիմ հայկական կողմին։

Այսպես, վերջին հերթական դիտարկումից ընդամենը երկու օր առաջ՝ հունվարի 22-ին, ադրբեջանական կողմից արձակված դիպուկահար կրակոցի հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում արցախցի զինվոր է զոհվել՝ պայմանագրային զինծառայող Կարեն Ուլուբաբյանը։ Այդ ցավալի դեպքից չորս օր առաջ էլ՝ հունվարի 18-ին Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է զինծառայող Անդրանիկ Մուսիկյանը: Իսկ դրանից երեք օր առաջ՝ հունվարի 15-ին զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը, ով  հակառակորդի կրակոցից  ծանր վիրավորվել էր  դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը: Եվս փոքր ինչ անդրադարձ կատարելով անցած ժամանակին՝ արձանագրենք Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը դեկտեմբերի 29-ին, որի հետևանքով դարձյալ զոհվեցին երեք հայորդիներ՝ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանը և Էրիկ Աբովյանը:

Անդառնալի կորուստների կապակցությամբ վշտակցելով հայրենիքի պաշտպանության դիրքերում նահատակված հայ քաջորդիների ընտանիքներին, այնուամենայնիվ, մեր հարցական հայացքը վերստին ուղղենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը համակարգող ԵԱՀԿ-ին՝ այդ կազմակերպության գործող նախագահից մինչև  Մինսկի խմբի համանախագահություն, ու կրկնենք մեր հարցը՝ արդյո՞ք ինքնախաբեություն և կամ, պարզապես, հրադադարի պահպանման պատրանքի տեսքով խաղաղության խաբկա՞նք չեն պարբերաբար իրականացվող  դիտարկումները հակամարտ զորքերի շփման գծում։ Այլապես, ինչպե՞ս կարելի է հասկանալ ու գնահատել հրադադարի բազմաթիվ, ամենօրյա և գրեթե ամենժամյա խախտումներն ադրբեջանական զորքերի կողմից։ Այլապես, ինչպե՞ս բացատրել հրադադարի խախտումների, իրավիճակը սրվելու վերաբերյալ նույն այդ հաշտարար միջազգային կազմակերպության ապրիորի, ոչ հասցեական հայտարարությունները։ Այլապես, ինչու՞ չի գործում հրադադարն անխախտ պահպանելու միջազգային պարտադրանքը։ Ինչու՞ Մինսկի խմբի համանախագահ գերտերությունների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների նախագահներն այդքան անզոր են Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններից համառորեն հրաժարվող Ադրբեջանի կամակորության առջև։ Չէ՞ որ այդ պայմանավորվածություններն էական նախադրյալ կարող են ծառայել եթե ոչ հակամարտության վերջնական կարգավորման, ապա տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Չէ՞ որ շփման գծում դիտարկման ժամանակակից սարքերի տեղադրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման և արձանագրված միջադեպերի հետաքննության իրականացման վերաբերյալ առաջարկվող այդ միջոցները, իրենց իսկ խոստովանությամբ, ի զորու են կանխելու անիմաստ, անտեղի մարդկային կորուստները։ Ասել, թե Մինսկի խմբի համանախագահները և կամ ԵԱՀԿ փոխնիփոխ գործող նախագահները չեն ցավում այդ կորուստների համար, երևի թե այնքան էլ ճիշտ չենք լինի։ Իհարկե, կորուսյալների հարազատների պես նրանք աղի արցունք չեն թափում ծանր վշտից։ Բայց ասում են, թե ցավում են։ Ասում են և այդքանով էլ բավարարվում, չմտածելով այդ ողբերգությունների դեմն առնելու գործուն միջոցների, այդ միջոցները հակամարտ կողմերի համար պարտադիր, անվերապահ վարքագիծ դարձնելու մասին։

Ասենք, արդյո՞ք նույն իրավիճակը չէր Բալկաններում՝ հարավսլավական ճգնաժամի, Մոլդովայում՝ մերձդնեստրյան, Վրաստանում՝ աբխազական և հարավ-օսական, Ուկրաինայում՝ դոմբասյան  հիմնախնդիրների կարգավորման անցյալ կամ ներկա գործընթացներում, որոնցում հաշտարար դատավորի դեր է ստանձնել նույն միջազգային ատյանը՝ անփոփոխ կերպով ամենուրեք ի հայտ բերելով, ցուցադրելով անսկզբունքայնության և անզորության իր ավանդական կեցվածքը։

Բայց վերստին դառնանք մեր խնդրին։ Մինչ Մինսկի խմբի համանախագահները ստեպ-ստեպ երթևեկում են մեր տարածաշրջանի մայրաքաղաքներում՝ ամենաբարձր մակարդակի հանդիպումներում փորձելով հող նախապատրաստել հակամարտ կողմերի առաջին դեմքերի նոր հանդիպումների համա, ու մինչ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմը հրադադարի խախտումների ապահով միջակայքում պարբերաբար դիտարկումներ է անցկացնում զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, Ադրբեջանի նախագահը շարունակում է, այսպես ասած, իր էշը քշել՝  աջ ու ահյակ սպառնալիքներ տեղալով Արցախի, Հայաստանի և, ընդհանրապես, համայն հայության դեմ` խոստանալով առաջին իսկ հարմար պահին, իր իսկ արտահայտությամբ, ՙհայերից ազատագրել Ադրբեջանի հինավուրց պատմական տարածքները՝ Ղարաբաղից մինչև Նախիջևան՚։ Թե այդ խոստումներին ի՞նչ աստիճան հավատ են ընծայում նրա ունկնդիրները Բաքվում և այդ հանրապետության այլ վայրերում, թողնենք հլու-հնազանդ հպատակների նրանց սահմանափակ, ճահճացած գիտակցությանն ու խղճին։ Բայց թե ի՞նչ արձագանք են գտնում այդ ճամարտակությունները դրսերում՝ միջազգային ատյաններում, առանձնապես՝ ԵԱՀԿ-ում, կարծում եմ, դժվար չէ պատկերացնել՝ հիմք ունենալով նախորդ բոլոր համարժեք իրավիճակները։ Համբերատար սպասելով նաև հայկական կողմերի՝ պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի անհամեմատ զուսպ, բայց և Բաքվի ախորժակը զսպող հակադարձումներին, միջազգային այդ ատյանում անմիջապես աշխուժանում ու գյուտ արածի պես՝ էվրիկա գոչելով, մեջտեղ են բերում հավասարության մաթեմատիկական նշանը՝  իրար հաջորդող բարեկամական կշտամբանքների շարանով՝ կողմերին կոչ անելով խուսափել ռազմատենչ հայտարարություններից։

Ահա այդպիսին է կամ հակամարտության կարգավորման և այդ համատեքստում՝ հրադադարի դիտարկման ողջ գործընթացը, որը, ցավոք, տարվելով համահարթեցման` երբևէ իրեն չարդարացրած սկզբունքով, առավելապես հեռացնում, քան մոտեցնում է կայուն ու վերջնական խաղաղության հաստատման բաղձալի ժամկետը։

Միքայել Հաջյան

1