Հնարավոր է, որ ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական կոալիցիայի մասին համաձայնագիրն արդեն այս շաբաթ ստորագրվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հնարավոր է, որ ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական կոալիցիայի մասին համաձայնագիրն արդեն այս շաբաթ ստորագրվի

Հնարավոր է, որ ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական կոալիցիայի մասին համաձայնագիրն արդեն այս շաբաթ ստորագրվի

Հայ Յեղափոխական Դաշնակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության միջև կոալիցիա ձևավորելու վերաբերյալ բանակցությունները գրեթե ավարտված են:

«Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Նոր ԱԺ կանոնակարգը նախատեսում է, որ բաժանվեն կառավարող ու ընդդիմադիր խմբակցությունները: Պահանջ կա, որ պետք է այս հստակությունն անպայման մտնի, ինչը ենթադրում է նաև հուշագիր ստորագրել, քաղաքական կոալիցիա ստորագրելու մասին հուշագիր, որի վրա էլ մենք աշխատում ենք»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե ե՞րբ վերջնականապես կավարտվեն բանակցությունները, ՀՅԴ-ականը պատասխանել է, թե չի բացառվում, որ դրանք այս շաբաթ էլ ավարտվեն:

«Հնարավոր է, որ քաղաքական կոալիցիայի համաձայնագիրն արդեն այս շաբաթ ստորագրվի: Մենք պատրաստ էինք ամեն պահի այդ ստորագրությունը կատարել, բայց կար Սահմանադրական դատարանի դիմումը»,- նշել է Ա. Ռուստամյանը:

Նոր փաստաթղթով, ՀՅԴ-ականի փոխանցմամբ, կկարգավորվի նաև կադրային քաղաքականությունը:

«Մինչև հիմա նշանակումները են եղել անաչառ ու ամբողջապես հիմնավոր ընտրություն կատարելու միջոցով»,- ասել է նա:

Հարցին՝ ճի՞շտ են արդյոք լուրերը, որ բանակցում են ևս մեկ նախարարի պորտֆել ունենալու հարցում, ուզո՞ւմ են արդյոք ևս մեկ նախարար էլ ունենալ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ո՞վ չի ուզում, որ ավելանան… Խնդիրը ավել կամ պակասի հարցը չէ: Կարևոր է, որ համագործակցության մեխանիզմը գործի ու որոշումները կայացվեն՝ ձգտելով բոլոր հարցերում համախոհության: Սա գլխավոր հարցն է: Նոր կառավարության գլխավոր հարցերից մեկը պետք է լինի ճիշտ կառուցվածքն ու գործունեության կարգի ամրագրումը»:

Ռուստամյանն ասաց, որ ՀՀԿ-ի հետ բանակցում են ոլորտների շուրջ, անձանց շուրջ, բայց քանի որ հանգուցալուծման դեռ չեն հասել, չի կարող բացել փակագծերը:

1