ՀՅ Դաշնակցությունը կաջակցի Արցախի միջազգային ճանաչմանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՅ Դաշնակցությունը կաջակցի Արցախի միջազգային ճանաչմանը

ՀՅ Դաշնակցությունը կաջակցի Արցախի միջազգային ճանաչմանը

Հունվարի 26-28-ը ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է երկու տարին մեկ գումարվող՝ ՀՅԴ Արցախի կառույցի Շրջանային ժողովը։ ՀՅԴ Արցախի կառույցի 2018-20 թվականների գլխավոր անելիքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԿԿ-ի վերընտրված ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ։

«Որպես ռազմավարական նպատակ՝ ՀՅ Դաշնակցությունն իր համահայկական կառույցների միջոցով պետք է աջակցի Արցախի միջազգային ճանաչմանը, Արցախի քաղաքական անկախության ու տնտեսական ինքնաբավությանը, բարեկամական խմբերի եւ շրջանակների ընդլայմանը եւ երկրի անվտանգության ու պաշտպանության համակարգի ամրապնդմանը»,- ընդգծել է Դավիթ Իշխանյանը։

Ներքին քաղաքական իմաստով՝ կարեւորվել է Արցախի քաղաքական դաշտի կայացումը եւ քաղաքական ուժերի հետ փոխհարաբերությունների անհրաժեշտությունը։ «Ապագա երկամյակում լուրջ ուշադրություն ենք դարձնելու  «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» եւ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքների ընդունմանը, ինչպես նաեւ Սահմանադրությունից բխող մի շարք օրենքների»,- նշել է ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչը։

Շրջանային ժողովն ուշադրության արժանացրեց նաեւ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը միտված քայլերը։ «Կենտրոնական կոմիտեին հանձնարարվեց համատեղ աշխատանք տանել իշխանությունների հետ եւ մշակել համապատասխան ռազմավարական ծրագրեր՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման, վերաբնակեցման եւ հայրենադարձության նպատակով»,- նշել է Դ. Իշխանյանը։

Օրակարգային կարեւոր հարցերից էր նաեւ 2020 թվականին կայանալիք համապետական ընտրությունները։ Քննարկվեցին «որոշակի առաջարկներ իսկ ընտրություններին ՀՅԴ Արցախի կառույցի մասնակցության ձեւաչափի հարցը կհստակեցվի ապագա քննարկումների արդյունքում»:

«Ապառաժ»

1