ՀՅԴ 124-ամյակի տոնակատարություն Բերձորում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ 124-ամյակի տոնակատարություն Բերձորում

ՀՅԴ 124-ամյակի տոնակատարություն Բերձորում

ՀՅԴ 124-ամյակի տոնակատարություն Բերձորում

 

Դեկտեմբերի 19-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում  հանդիսավոր նշվեց ՀՅԴ 124- ամյակը:

 

Միջոցառման սկզբում ներկաներն այցելեցին Բերձորի հուշահամալիր և  իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկներին:

 

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Քաշաթաղի  շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, պաշտոնատար այլ անձիք:

 

Շնորհավորելով ներկաներին՝ <<Միջնաբերդ>> ենթակոմիտեի ներկայացուցիչ Արին Գալստյանը նշեց, որ Բերձորի եւ Քաշաթաղի շրջանի այլ բնակավայրերի վերաբնակեցման գործին  տարիներ շարունակ ՀՅԴ-ն իր ակտիվ եւ անմիջական մասնակությունն է ունեցել:

 

‹‹ՀՅԴ  հավատամքը  հայերի երազած երկիրը կառուցելն է: Այսօր նա լծված է այդ գործին: Իսկ մենք հպարտ ենք, որ ապրում ենք այստեղ՝  որպես հաստատուն արցախցի: Երիցս հպարտ ենք, որ ապրում ենք մի հողում, որը մեր ընկերների, եղբայրների արյամբ է ազատագրված››- նշեց նա:

 

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը, անդրադառնալով Դաշնակցության առաքելությանը, նշեց, որ մեկ հարյուրամյակից ավելի է արդեն, ինչ Դաշնակցությունը կոչված է իր ուսերին տանելու հայ մարդու հոգսը, որպեսզի  հայոց երկրում՝ Մեծ Հայքի տարածքում, լինի պետականություն,  հայ մարդը ունենա արժանավայել կյանք:

 

Նա նշեց, որ Դաշնակցությունն իր գործնեության ողջ ժամանակահատվածում ապացուցեց, որ հայ մարդը կարող է եւ արժանի է պետականություն ունենալու: Այդ պետականությունը ստեղծվեց դժվարագույն պայմաններում, այդ պայմաններում կուսակցությունը կարողացավ  պատվով կատարել՝ ստեղծելով թե բանակ, թե  պետական մեխանիզմներ, որոնք կարողացան դիմակայել բազմաթիվ ճնշումների՝ թե Թուրքիայի, թե նորելուկ Ադրբեջանի, թե բոլշեւիկների կողմից:

 

‹‹Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Հայաստանում եւ Արցախում Դաշնակցությունը չդադարեց գոյություն ունենալ, նա ապրում էր մարդկանց հոգում, այն մանուկների մեջ, որոնք հետագայում դարձան զինվորներ: Դաշնակցությունը սպասեց այն օրվան , որ նորից ի զեն  կոչի հայությանը եւ նորից վերակերտի իր պետականությունը : Այդ օրը եկավ 1988 թվականին: Մի բուռ մարտիկներ կարողացան իրենց շուրջը համախմբել եւ քայլ առ քայլ ազատագրել մեր հայրենի տարածքները››,- ասաց Վահրամ Բալայանը:

 

ԼՂՀ Քաղաթաղի շրջանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ, <<Ազատ հայրենիք>> կուսակցության անդամ Ա. Մխիթարյանը, շնորհավորելով ՀՅԴ 124- ամյակի կապացությամբ, նշեց.

 

‹‹ՀՅԴ-ը ստեղծվեց մեր ազգի համար օրհասական պահին,  երբ նժարին դրված էր հայի լինելիության հարցը: Ստեղծվելով՝ ստանձնեց ազգային- ազատագրական պայքարի առաջամարտիկի դերակատարությունը, որն էլ պատվով  կատարեց: Դաշնակցությունը նպաստեց ինչպես ներցեղային բարոյականության դաստիարակման, այնպես էլ ազգային հայրենասիրական դաստիարակության իրականցմանը, իսկ մեզ նման ազգերի համար գոյության միակ առհավատչյան ազգային գաղափարախոսություն ունենալն է:

 

Արցախյան գոյապայքարի  առաջին զենքերը,  գաղտնիք չէ, որ բերվեց կուսակցության կողմից:  ՀՅԴ-ն ազգին տվեց բազում նվիրյալներ: Այսօր էլ  կուսակցությունն իր մասնակցությունն է ունենում մեր երկրի կայացման ու ամրացման գործում››:

 

Հանդիսավոր միջոցառման ժամանակ  շնորհավորանքով հանդես եկավ նաեւ ԱԺԿ Քաշաթաղի տարածքային խորհրդի անդամ Անահիտ Քոսակյանը՝ կարեւորելով  ՀՅԴ դերը  համահայկական խնդիրների լուծման գործում, հատկապես  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Հայ Դատի գործնեության տաբեր ոլորտներում:  Նա նշեց, որ այսօր ՀՅԴ-ն իր  ուրույն դերակատարումն ունի երկրի քաղաքական կյանքում՝ իր ավանդը ներդնելով Քաշաթաղի շրջանի վերբնակեցման եւ զարգացման հարցում:

 

Միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով:

 

1