ՀՅԴ 123-Ամեակի Տօնակատարութիւնը՝ Թեհրանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » ՀՅԴ 123-Ամեակի Տօնակատարութիւնը՝ Թեհրանում

ՀՅԴ 123-Ամեակի Տօնակատարութիւնը՝ Թեհրանում

123-ամեայ, բայց եւ երիտասարդական աւիւնով տոգորւած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը տօնեց իր հիմնադրման ամեակը:

 

Նոյեմբերի 21-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահը առլեցուն էր հարիւրաւոր հանդիսականներով, որոնք չնայած յորդառատ անձրեւին՝ ի մի էին եկել՝ նշելու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ռահվիրայի տօնը:

 

Միջոցառումը մեկնարկեց «Մշակ բանւոր» օրհներգով: Կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսք ասաց Մելան Սեֆեանը:

Միջոցառման յաջորդ բաժնում ցուցադրւեց փաստագրական տեսաֆիլմ՝ Իրանում ՀՅԴ-ի կառոյցի ձեւաւորման եւ գործունէութեան մասին:

 

Ապա հրաւիրւեց՝ արտայայտւելու օրւայ բանախօս ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նա իր ելոյթի ընթացքում համապարփակ ձեւով անդրադարձաւ Հայաստանի ներկայ իրավիճակին, գոյութիւն ունեցող խնդիրներին, մասնաւորաբար՝ արտագաղթին եւ արտագաղթին յանգող բազմաշերտ պատճառներին, Արցախեան հիմնախնդրին եւ բանակցային նոր գործընթացին, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին եւ Սիրիայի ու սիրիահայութեան ճգնաժամային կարգավիճակին:

 

Բանախօսը կարեւորութեամբ անդրադարձաւ Վարդենիս, Մարտակերտ ճանապարհաշինութեանը ուղղւած այս տարւայ համահայկական թելեթոնին եւ կոչ ուղղեց խուռներամ մասնակցելու այդ նախագծի իրագործման համար կազմակերպւած թելեթոնին:
Նա ասաց. «Այդ ճանապարհը, տնտեսական, ռազմական, ռազմավարական մեծ կարեւորութիւն ունի, մասնակցելով այդ նւիրահաւաքին՝ դուք մասնակցելու էք ազատագրւած հայրենիքի կրկնակի եւ վերջնական ազատագրմանը»:

 

Բանախօսը իր ելոյթի վերջին բաժնում խօսքը ուղղեց իրանահայութեանը եւ աւելացրեց. «Սիրելի իրանահայեր, դուք մեր ժողովրդի հայեցի, քաղաքականացած, պետական մտածողութիւն ունեցող հատւածներից էք: Դուք ապրում էք մի երկրում, որ մեր երկրին ու ժողովրդին հարազատ բարեկամ, եղբայր է: Մեզ համար, մեր երկրի համար, մեծ կարեւորութիւն ունի Իրանը: Իրանը դերակատարութիւն ունի տարածաշրջանում, սիրէք այս երկիրը, մասնակից եղէք այն բոլոր ճիգ ու ջանքերին, որ նպաստելու են Իրանի հողային ամբողջականութեան ու ինքնուրոյնութեան-անկախութեան պահպանմանը, դա բխում է նաեւ Հայաստանի Հանրապետութեան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ու ողջ հայութեան շահերից»:

 

Ծրագրի գեղարւեստական բաժնում ասմունքային պատկերաւոր կատարմամբ եւ գեղարւեստական համադրութեամբ՝ ասմունքեցին Սեդրակ Գոջամանեանը եւ Փրենի Գոլազիզեանը:

 

Միջոցառմանը բեմ հրաւիրւեց՝ արտայայտւելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

 

Թեմակալ առաջնորդը ողջունելով ՀՅԴ-ի 123-ամեակը՝ ասաց. «Ցանկանում եմ, որ այն ոգին եւ հոգին, որ անցնող 123 տարիներում ծածանւեց Դաշնակցութեան կեանքի երկնակամարի վրայ, լինի կամուրջը անցեալի եւ ներկայի՝ յանուն վառ ապագայի»:
Թեմակալ առաջնորդը աւելացրեց. «Ժողովուրդների կեանքում քաղաքական կազմակերպութիւնները գնահատւում են այն աշխատանքներով, իրագործումներով ու ձեռքբերումներով, որոնցով նրանք իրենց տւեալ ազգի կեանքի մէջ ներդրում են բերում:

 

Հանդիսութեանը ներկայ էին՝ Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ մշակութային հարցերով կցորդ Սահակ Եղիազարեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ՀՅԴ-ի Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ:

 

Սրբազան Հօր արտայայտութիւններից յետոյ՝ միջոցառման աւարտին յեղափոխական երգերի ոգեշունչ կատարմամբ հանդէս եկաւ «Մաշտոց» երգչախումբը. գեղարւեստական ղեկավար՝ սիմֆոնիկ նաւագախմբի եւ երգչախմբի դիրիժոր մայեստրօ Ռազմիկ Օհանեան, դաշնակահարներ՝ Ալւին Յովհաննիսեան եւ Արին Աւանէսեան:

 

Հանդիսութիւնն աւարտւեց ընդունելութեամբ:

 

«ԱԼԻՔ», Կ. Դաւթեան

alikonline.ir

1