Էական չէ, որ կհայտնվենք ինչ-որ ագրեսոր երկրի սև ցուցակում. ՀՅԴ հրավերով Արցախ կայցելեն 17 երկրների 27 պատվիրակներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Էական չէ, որ կհայտնվենք ինչ-որ ագրեսոր երկրի սև ցուցակում. ՀՅԴ հրավերով Արցախ կայցելեն 17 երկրների 27 պատվիրակներ

Էական չէ, որ կհայտնվենք ինչ-որ ագրեսոր երկրի սև ցուցակում. ՀՅԴ հրավերով Արցախ կայցելեն 17 երկրների 27 պատվիրակներ

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան և  ճանաչողական այցով կմեկնեն նաև Արցախի Հանրապետություն:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը, ՀՅԴ Երիտասարդական միության արտաքին հարաբերական հանձնախմբի անդամ Սարինե Աբրահամյանը և Հայաստան ժամանած հյուրերից` Իտալիայի սոցիալիստական կուսակցության վարչության անդամ Ռոզելա Պերան ու Բուլղարիայի սոցիալ-դեմոկրատական երիտասարդական կուսակցության ատենապետ Դիմիտր Միտևը համատեղ ասուլիսով հանդես եկան:

Գևորգ Ղուկասյանն իր խոսքում նշեց, որ իրենց  կապերը IUSY-ի հետ սերտ են, և այդ կապերի միջոցով է, որ կարողացել են հաջողել նաև այսօրվա միջոցառումը կազմակերպել:

«Միջոցառմանը մասնակցում են աշխարհի 17 երկրների շուրջ 27 պատվիրակներ, ովքեր իրենց երկրների սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ են,  կան նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ»,- տեղեկացրեց նա:

Գևորգը հայտնեց, որ պատվիրակներն այսօր արդեն հանդիպում են ունեցել ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի հետ, ով մանրամասն ներկայացրել է Արցախյան հիմնահարցը: Նա նշեց, որ հանդիպում կլինի նաև ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ:

«Այնուհետև նրանք կմեկնեն Արցախ: Այնտեղ հանդիպումները բազմաբնույթ կլինեն: Նախատեսված են հանդիպումներ Արցախի քաղաքական ղեկավարության հետ: Մասնակիցները կհանդիպեն նաև Արցախի ՄԻՊ-ի հետ, որպեսզի պատվիրակները ծանոթանան Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների հետ»,- ասաց Գևորգը և նշեց, որ հանդիպումներ կլինեն Արցախի ԱԳՆ-ում,  «Թումո»-ում, Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,  նախատեսված են այցելություններ  Արցախի պատմամշակութային վայրեր:

Իտալիայի պատվիրակ  Ռոզելա Պերան նշեց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան և Արցախ: «Ցանկանում եմ ավելի մանրամասն տեղեկացվել  Արցախի հիմնախնդրի մասին և փոխանցել իմ ստացած տեղեկություններն ու գիտելիքները Եվրոպայի մյուս երկրներում, որովհետև, օրինակ` Իտալիայում, շատ քիչ են տեղեկությունները Արցախի մասին, նույնիսկ Արցախի գոյության մասին շատ քիչ մարդիկ գիտեն»,- ասաց նա` միևնույն ժամանակ նշելով` ինքը տեղյակ է հիմնախնդրից, քանի որ քաղաքական գործիչ է և լրագրող:

Բուլղարիայի պատվիրակ Դիմիտր Միտևն էլ ասաց, որ սա իր երկրորդ այցն է Հայաստան, և շնորհակալություն հայտնեց  ՀՅԴ-ին հրավերի համար: «Քիչ առաջ ՀՅԴ գրասենյակից եկանք այստեղ: Մեզ մանրամասն ծանոթացրեցին հիմնախնդրին: Տեսնելով և լսելով փաստերը Արցախի մասին` հասկանում ենք, որ ողջ պատմության ընթացքում Արցախը եղել է հայաբնակ տարածք, հասկանում ենք, որ ազատ, անկախ պետություն է Արցախը` հայ բնակիչներով»,- նշեց նա, ապա օրինակ բերեց Կոսովոն, որն արդեն 17 տարի է` ճանաչված պետություն է, իսկ Արցախն ավելի շատ պատմական տվյալներ ունի, որպեսզի միջազգայնորեն ճանաչվի:

Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք տեղյակ են, որ Արցախ այցելողները հայտնվում են Ադրբեջանի «սև ցուցակում » և չեն կարող այցելել այդ երկիր, արդյո՞ք  այդ փաստը չի մտահոգում նրանց, Դիմիտրը պատասխանեց. «Այո, ես տեղյակ եմ, երկու տարի առաջ նույնպես եղել եմ Հայաստանում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մենք տեսնում ենք` ովքեր են ագրեսորները, և ովքեր` դրանցից տուժվողները: Մենք` որպես սոցիալիստներ և սոցիալիստ-դեմոկրատ  կուսակցականներ, աջակցում ենք Հայաստանի մեր ընկերներին, և մեզ համար էական չէ, որ մենք ինչ-որ ագրեսոր երկրի կողմից կհայտնվենք սև ցուցակում, մեզ համար կարևորն այն է, որ այսօր Արցախի բնակիչներն ապրեն, մնան իրենց երկրում, ապահով կյանք ունենան, և վերջիվերջո, ճանաչվի նրանց պետությունը»:

Իտալացի պատվիրակն էլ իր հերթին նշեց, որ իր համար ևս խնդիր չէ, որ կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակ»-ում:

1