ՀՅԴ-ի ջանքերով Ադրբեջանը «Սոցինտերնի» համագումարում ներողություն է խնդրել հայերից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ-ի ջանքերով Ադրբեջանը «Սոցինտերնի» համագումարում ներողություն է խնդրել հայերից

ՀՅԴ-ի ջանքերով Ադրբեջանը «Սոցինտերնի» համագումարում ներողություն է խնդրել հայերից

«Սոցիալիստական ինտերնացիոնալը» միջազգային սոցիալ-դեմոկրատական հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1951 թ.-ին՝ Գերմանիայում: «Սոցինտերնի» գլխավոր ծրագրային փաստաթուղթը՝ «Ստոկհոլմյան սկզբունքների հռչակագիր»-ն է, որը գլխավոր քաղաքական արժեք է հռչակում ազատությունը, արդարությունը եւ համերաշխությունը: Օրեր առաջ Կոլումբիայում «Սոցինտերնի» 25-րդ համագումարի ժամանակ Ադրբեջանի պատվիրակները՝ Դաշնակցության ներկայացուցիչներից ներողություն են խնդրել:

«Խաղաղ աշխարհի համար` համերաշխությամբ եւ հավասարությամբ»․ այս կարգախոսով ու 86 կուսակցությունների ավելի քան 350 ներկայացուցիչներով իր 25-րդ համագումարն է անցկացրել «Սոցինտերնը»՝ Սոցիալիստական կուսակցություններին միավորող աշխարհի ամենամեծ կառույցը: 1907 թվականից «Սոցինտերնի»-ին լիիրավ անդամակցում է նաեւ ՀՅ Դաշնակցությունը: Կոլումբիական Կարթագենում տեղի ունեցած այս համագումարին էլ ՀՅԴ-ն մասնակցում էր Կանադայից, Միացյալ նահանգներից եւ Արգենտինայից ժամանած ներկայանալի կազմով:

Երկրի ձախակողմյան ուժերը ներկայացնող  Կոլումբիայի նախագահի ելույթից հետո հերթը պատվիրակներինն էր: Արցախյան հակամարտություն, առաջնագծում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների դադարեցման, ինչպես նաեւ այս երկրի սպառազինումը կասեցնելու անհրաժեշտություն` Դաշնակցության ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանի ելույթը հագեցած էր: Չանտեսվեց նաեւ Հայոց ցեղասպանության հարցը, Թուրքիայում տիրող իրավիճակն ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ իշխանությունների սկսած պայքարը:

«Ես առարկում եմ Ադրբեջանի Ընկերվար ժողովրդավար կուսակցության այս կառույցի լիիրավ անդամի կարգավիճակ տալու առաջարկը` հաշվի առնելով այս կուսակցության ներկայացուցիչների պահվածքը Ընկերվար միջազգայնականի նախորդ՝ Ժնեւյան նիստի ժամանակ ,որտեղ հայությանը մեղադրում էին ցեղասապնություն գործելու մեջ»,- ասել է Մարիո Նալբանդյանը:

Այս արտահայտության համար Ադրբեջանի պատվիրակները հրապարակային ստիպված են եղել ներողություն խնդրել, հետո արդեն լիիրավ անդամի կարգավիճակ ստացել: Համագումարի ընթացքում ՀՅԴ պատվիրակները մի շարք հանդիպումներ են ունեցել, նրանից Մարիո Նալբանդյանն էլ համագումարից հեռացել է «Սոցինտերնի» վերընտրված փոխնախագահի կարգավիճակով` մասնակիցների որոշմամբ: Դաշնակցության կանանց, երիտասարդական միություններն անդամակցում էին «Սոցինտերին» կից գործող կանանց միության եւ սոցիալիստ ուսանողների համաշխարհային կառույցներին։

1