ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը ամփոփեց ՀՅԴ նախընտրական քարոզարշավը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը ամփոփեց ՀՅԴ նախընտրական քարոզարշավը

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը ամփոփեց ՀՅԴ նախընտրական քարոզարշավը

Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` ամփոփելով ՀՅԴ նախընտրական քարոզարշավը:

Նա նախ անդրադարձավ ՀՅԴ կարգախոսին ու պաստառներին, ասելով, որ դրանք որակապես ու ճաշակով տարբերվում էին մյուսներից:

«Ինչու եմ սա շեշտում, որովհետև գործ ունենք մարդկանց հետ, և եթե դու քաղաքական ուժ ես, ժողովրդի մասն ես, պիտի ճաշակով բան տաս մարդկանց: Ես շնորհակալ եմ մեր լավագույն դիզայներներից մեկին` Սամվել Փարթամյանին, որը տարիներ շարունակ մեր բոլոր նախընտրական քարոզարշավների պաստառներն է կազմել, սա մշակույթ է և մարդկանց հարգելու նշան»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ ՀՅԴ քարոզչական պաստառների վրա անձ չկա, մարդու դեմք չկա,ինչը ևս առանձնացնում է ՀՅԴ-ին այլ քաղաքական ուժերից: Վարդանյանի խոսքով, ՀՅԴ-ն փորձեց քարոզչություն իրականացնել առավելագույնս` հանրապետության ամբողջ տարածքը ներառելով: Տասնյակ վայրերում բազմահավաք հանրահավաքներ տեղի ունեցան, ՀՅԴ-ն ներկայացավ իր ծանրակշիռ թիմով` Հրանտ Մարգարյան, Արմեն Ռուստամյան, Աղվան վարդանյան, Դավիթ Լոքյան,Արմենուհի Կյուրեղյան,Լևոն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան, Ռուզաննա Առաքելյան, Սպարտակ Սեյրանյան, Միքայել Մանուկյան, Արտավազդ Սահակյան,Արսեն Համբարձումյան, Կիրո Մանոյան:

Խոսելով ՀՅԴ նախընտրական ծրագրի մասին, Աղվան Վարդանյանը նշեց, որ դրանում ամփոփված են այսօրվա մեր պետականության առանցքային օրակարգային բոլոր հարցերը: Ի դեպ, դրանց հիմնական մասն այսօր դարձել է պետական քաղաքականության առանցք, ինչը շատ էական է, ըստ Վարդանյանի:

«Մենք մեր նախընտրական քարոզարշավի ժամանակ ամբոխավարություն երբեք չենք արել, չենք փորձել մարդկանց սիրաշահել` զուտ ձայն տանելու համար, և մեր քաղաքական օրակարգը այսօրվա մեր պետականության օրակարգն է: Բացի մեր կենտրոնական շտաբից, գործել են 13 տարածքային շտաբեր, ըստ 13 ընտրատարածքների, և յուրաքանչյուր ընտրատարածք ուներ իր քարոզչական ծրագիրը: Իրականացվել են հարյուրավոր հանդիպումներ»,- ասաց Աղվան վարդանյանը:

Ինչ վերաբերում է վարկանիշային թեկնածուներին, Աղվան Վարդանյանը մեծ գոհունակությամբ նշեց, որ ամեն ընտրատարածքում առաջադրված են եղել 4-5 իսկապես կայացած, իրենց ոլորտում հեղինակություն ունեցող, պրոֆեսիոնալ վարկանիշային թեկնածուներ:

«Մեր ռեյտինգային թեկնածուների 28 տոկոսը անկուսակցականներ էին, որոնք ընտրություն են կատարել մինչև քարոզարշավը և Դաշնակցության կողքին են կանգնել: Շատերին դուք ճանաչում եք, նրանք հայտնի մարդիկ են»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով` մյուս քաղաքական ուժերի նախընտրական քարոզչությունը կառուցված էր հիմնականում մեկ անձի շուրջ, իսկ եթե դաշինք էին, ապա 3, 4 կամ հինգ անձի շուրջ էր կառուցված քարոզարշավը: Իսկ Դաշնակցությունը առանձնացել է նաև նրանով, որ նախընտրական քարոզարշավը կառուցված է եղել ոչ թե մեկ կամ մի քանի անձի, այլ թիմի ու գաղափարների շուրջ:

«Ես հույս ունեմ, որ այս ընտրություններում ԸՕ փոփոխությունների շնորհիվ`տեխնիկական միջոցներով, ցուցակների հրապարակմամբ պայմանավորված, հնարավոր կլինի ընտրախախտումները նվազագույնի հասցնել ընտրատեղամասերում: Գրեթե վստահ եմ, որ տեղամասերում խախտում չի լինի, իսկ սա ենթադրում է, որ եթե մենք այս ընտրություններում մասնակիցների թվի էական փոփոխություն ունենանք, նախորդների համեմատ, եթե ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը չանցնի 1 միլիոն 200 հազարը, ապա կհամարեմ, որ սա արդեն հաղթանակ է, և որ ընտրական համակարգն արդեն իր արդյունքը տվել է: Հույս ունեմ, որ այս համակարգային փոփոխություններից հետո, երբ ԱԺ-ն դառնում է միակ բարձրագույն մարմինը, մեր հարյուրհազարավոր այն քաղաքացիները, ովքեր չէին վստահում ընտրություններին, չէին գնում ընտրության, նրանց մի մասը կմասնակցի այս ընտրություններին»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նրա համոզմամբ` այդ մարդիկ մտահոգ, շիտակ, ազնիվ են, ընտրակաշառք չեն վերցնի, որովհետև եթե ընտրակաշառք վերցնեին, ապա նախորդ ընտրություններին կգնային ընտրության: Աղվան Վարդանյանը հույս հայտնեց, որ այդ մարդկանց մի մասը կընկալի ընտրական համակարգի դրական փոփոխությունները, կհավատա, որ ընտրություններով հնարավոր է բան փոխել:

«Իմ հորդորն ու խնդրանք է, որ եթե այդ մարդիկ, ովքեր ծախվող չեն, ովքեր ընտրակաշառք չեն վերցնում, իսկապես տեր լինեն իրենց ձայնին, մասնակցեն ընտրություններին, Դաշնակցության արդյունքները ավելի բարձր կլինեն»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանի համոզմամբ` ՀՀ քաղաքացիները և’ պատճառ, ‘և իրավունք ունենք երկրի ապագային նայելու լավատեսությամբ, հույսով, վստահությամբ, որ կարող են երկիրը դարձնել զարգացող, կազմակերպված, ուժեղ երկիր: «Հույս ունեմ, որ մեր քաղաքացիների գերակշիռ մասը հուսահատությունը, հուսալքությունը, անվստահությունն այս անգամ պետք է փորձի թոթափել` հավատալով, որ կարող է երկրում բան փոխել»,- ասաց նա:

1