ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ուղերձը ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման կապակցությամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ուղերձը ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման կապակցությամբ

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ուղերձը ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման կապակցությամբ

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Արցախի Կենտրոնա. կան Կոմիտեի ուղերձը՝ ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման արարողության ժամանակ.

«ՀՕՄ Նշանակում է առաքելություն: Նշանակում է  մեկդարյա  ինքնամոռաց նվիրում եւ ամենօրյա անդադրում աշխատանք:

Հայ Օգնության միությունը  աշխարհ եկավ հայության  մեծ տագնապի նախօրյակին՝  գթության ձեռք մեկնելու համար  կարիքավորին ու հալածյալին, լինելու այնտեղ, ուր հույսի ու կարեկցանքի փափագ կար: Իր հարյուրյոթամյա  կենսագրությունը  միությունը  սերտորեն շաղկապեց հայ ազգի ճակատագրին  եւ եղավ հարազատ ժողովրդի հետ, թե՝ ողբերգությունների եւ թե՝ հաղթանակների ժամին: Ծառայեց  բարեսիրության գործին անկեղծ, անսակարկ գթասրտությամբ եւ որպես հատուցում արժանացավ  աշխարհասփյուռ հայության անվերապահ վստահությանն ու  վաստակած սիրուն:

Հայրենի երկրի վերանկախացման եւ Արցախ աշխարհի ազատագրման գործընթացը  Հայ Օգնության Միությունը ընկալեց, որպես  մարտահրավեր՝ կամավորապես ստանձնելով  նորացված պարտականություններ: Ազգային տեսլականների երեւակվող  նոր  հորիզոնները ոգեւորիչ  ազդակ ծառայեցին   բազմապատկված եռանդով, համարձակորեն նետվելու  գործի   հորձանուտը, լինելու  պետականակերտման  ոչ դյուրին  փորձությունների միջով անցնող հայաստանցու եւ  արցախյան բնագծերում  հայաշխարհի նոր սահմանները ամրագրող ազատամարտիկի կողքին: Հայությունը,  եւ մենք այդ թվում, ՀՕՄ-ի նվիրյալների տաք շունչը մշտապես զգացել ենք մեր կողքին, տոգորվելով այն հավատով, որ քույրական  գորովագութ ձեռքը եւ հոգնություն չունեցող կորովը  միշտ  ի սպաս կդրվեն այն նախաձեռնությանը, որի առաջնահերթությունը տվյալ պահին ի հայտ կգա:

Սիրելի ՀՕՄ-ուհիներ,  Ստեփանակերտում Սօսե մանկապարտեզի նոր շենքի կառուցումը  այն  բազմաթիվ բարի նախաձեռնություններից  մեկն է, որով եւս մեկ շյուղ է ավելացվում դեպի հավերժություն հառնող հայոց մեծ տան  պատին: Հերթական  ձեռքբերումը հերթական  առհավատչյան է, ձեր առաքելության անբեկանելիության:  Ձեր ամեն գործի մեջ խորհրդանշվում է  ՀՕՄ-ական աշխարհատարած կառույցի  ջանքը: Միաժամանակ  ակներեւ է, որ հավակնոտ ծրագրերը չէին նյութեղենանա, եթե Հայ Օգնության Միության  թիկունքում կանգնած  չլիներ  համակիրների  հավատավոր բանակը:

Առիթից օգտվելով շնորհավորում ենք  ՀՕՄ-ի ընտանիքին, միության համակիրներին, արցախցիներին եւ այն մանուկներին, որոնք  ջերմության ու հավատի ուժով խոյացած պատերի մեջ պիտի հասակ առնեն եւ ամրանան, որպես վաղվա զինվորներ եւ հայ մայրեր:

Վարձքներդ կատար, ձեր բոլոր երազանքների նվիրագործում:

ՀՅԴ Արցախի

Կենտրոնական Կոմիտե»:

1