ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի արձագանքն Ուորլիքի ելույթին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի արձագանքն Ուորլիքի ելույթին

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի արձագանքն Ուորլիքի ելույթին

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն անընդունելի եւ մտահոգիչ է համարել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը:

 

Դավիթ Իշխանյանի կարծիքով` չնայած այն հանգամանքին, որ ելույթի տեքստում չի նշվում «Մադրիդյան սկզբունքներ» բառակապակցությունը, սակայն այն բաց ենթատեքստով ներկայացվեց հանրությանը. ամբողջ ելույթի առանցքը կազմված էր Մադրիդյան սկզբունքների հիման վրա:

 

«Դաշնակցությունը բազմիցս հնչեցրել է, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ կառուցվող բանակցային գործընթացը մեզ համար անընդունելի է, եւ որեւէ քայլ, որը կարող է վնասել  Ղարաբաղի ապագային, անմիջականորեն կստանա իրեն համարժեք պատասխանը»,- ասաց նա:

 

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչը նշեց, որ բազմիցս  Արցախի իշխանությունների կողմից շատ կոշտ դիրքորոշումներ են հնչեցվել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, եւ այսօր էլ լիահույս է, որ Արցախի իշխանություններն իրենց տեսակետը ոչ միայն չեն փոխել, այլեւ կոշտ կարձագանքեն Ուորլիքի այս ելույթին, որը, ինչպես նա է ներկայացնում, ամերիկյան կողմի հստակ դիրքորոշումն ու քաղաքական գիծն է: Նրա կարծիքով` այս քաղաքական գիծը չի տարբերվում մյուս երկու` ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկրների քաղաքական գծից:

 

Նրա համոզմամբ`  սա նաեւ ԱՄՆ-ի  կողմից քայլ է` աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ընթացքին բանակցային գործընթացում  իր դերակատարությունը  ցույց տալու, առաջատար դեր ստանձնելու համար:

 

Ինչ վերաբերում է փոխզիջումներին, ապա Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի պնդմամք` Արցախի կողմից փոխզիջումային տարբերակը արդեն իսկ 20 տարի առաջ զինադադարի տեսքով եղել է, եւ բոլորն էլ, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խումբը, շատ լավ գիտակցում են այդ փաստը:

 

«Այն փոխզիջման տարբերակները, որ  պարոն Ուորլիքը փորձում է մատուցել, մեզ համար անընդունելի է, եւ ոչ միայն անընդունելի է, այլեւ մենք, հաստատակամ եւ հավատարիմ լինելով մեր որդեգրած սկզբունքներին, պայքարելու ենք այդ սկզբունքներն արմատավորելու հակառակ դաշտում: Եթե համանախագահները փորձում են իրենց սկզբունքներն արմատավորել մեր  դաշտում`  ի դեմս համերաշխության կոչերի, խաղաղության մեծ համաձայնագիր տերմինների, այս ամենով մեր հանրության մեջ նոր սերմեր են ցանկանում մտցնել, սակայն  մենք արդեն իսկ ունենք մեր տեսակետը եւ հենց դա պետք է նրանց համար ընդունելի դարձնել»,- նշեց նա:

 

Իշխանյանը համոզված է, որ  առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության անպտուղ է լինելու որեւէ բանակցային գործընթաց: Բանակցությունների ընթացքում չի կարող անտեսվել Արցախի ժողովրդի տեսակետը. ԼՂՀ-ն չի կարող տարածքային փոխզիջման տարբերակը ընդունելի համարել:

  

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ 

 

 

 

1