ՀՅԴ Արցախի կառույցը մեր երկրի ազդեցիկ եւ ամենակազմակերպված քաղաքական ուժերից մեկն է․ ԱՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Արցախի կառույցը մեր երկրի ազդեցիկ եւ ամենակազմակերպված քաղաքական ուժերից մեկն է․ ԱՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյան

ՀՅԴ Արցախի կառույցը մեր երկրի ազդեցիկ եւ ամենակազմակերպված քաղաքական ուժերից մեկն է․ ԱՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյան

Ստորև ներկայացնում ենք ԱՀ ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի ելույթը՝ դեկտեմբերի 14-ին Ստեփանակերտում կայացած ՀՅԴ 127 ամյակի տոնակատարությանը:

Արցախի ժողովրդավարական կուսակցության անունից շնորհավորում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցության 127-րդ տարեդարձը։ Այսուհետ եւս մաղթում ենք բեղմնավոր գործունեություն՝ ի փառս հայրենիքի զորացման ու բարգավաճման։

Հիմնադրման օրվանից Դաշնակցությունը միշտ եղել է հայ ժողովրդի կողքին, պաշտպանել եւ շարունակում է պաշտպանել Հայ Դատը ամբողջ աշխարհում, հսկայական աշխատանք է կատարում արտերկրում՝  հայապահպանության գործում։

Եկող տարի լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը։ Հայտնի է, որ Առաջին Հանրապետության հիմնադիրը ՀՅԴ-ն է, որն այդ ծանր ժամանակաշրջանում իր վրա վերցրեց այդ մեծ պատասխանատվությունը։ Ճիշտ է, Առաջին Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկուսուկես տարի, սակայն անուրանալի է նրա դերակատարությունը մեր ժողովրդի պատմության քառուղիներում։

Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, այնուհետեւ մեր հակառակորդի կողմից մեզ պարտադրվեց պատերազմ, Դաշնակցությունը, բնականաբար, չէր կարող անտարբեր մնալ հայրենիքում ծավալվող իրադարձություններին։ Բազմաթիվ դաշնակցականներ բոլոր հայ քաջորդիների հետ միասին կանգնեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում եւ, ինչպես բանաստեղծն  է ասում, իրենց սուրը փառքով դրեցին պատյան։

Հետպատերազմյան տարիներին եւ այսօր Դաշնակցության մասնակցությունը Արցախի պետական կյանքում բավականին ակտիվ է։ ՀՅԴ Արցախի կառույցը մեր երկրի ազդեցիկ եւ ամենակազմակերպված քաղաքական ուժերից մեկն է։ «Ժողովրդավարություն» խմբակցությունը ԱՀ Ազգային ժողովում սերտորեն համագործակցում է «Դաշնակցություն» խմբակցության հետ։ Ճիշտ է, որոշ հարցերում մենք ունենում ենք տարաձայնություններ, եւ դա բնական է։ Սակայն երկուսս էլ մտահոգ ենք եւ համակարծիք մեր երկրի ճակատագրին վերաբերող հարցերում, հատկապես՝ երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը։

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ։ Բարին ընդ ձեզ։

1