Հիմքն արդեն դրված է. Վարդան Օսկանյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Հիմքն արդեն դրված է. Վարդան Օսկանյան

Հիմքն արդեն դրված է. Վարդան Օսկանյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչների եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Վարդան Օսկանյանի հանդիպումն արդեն ավարտվել է: Yerkir.am-ը զրուցեց Վարդան Օսկանյանի հետ:

 

— Պարո’ն Օսկանյան, ինչպե՞ս անցավ հանդիպումը:

— Որեւէ որոշում չի կայացվել, բայց կարծում եմ, որ շատ լավ եւ արդյունավետ առաջին հանդիպում էր: Մի բան երկու կողմերի համար էլ շատ հստակ է` առայժմ խոսելու ենք օրակարգային հարցերի մասին, ոչ թե թեկնածուների, ինչն այս դեպքում երկրորդական է: Կարող եմ ասել, որ այդ առումով մենք արդեն համաձայնություն ունենք: Նախնական օրակարգային հարցերի մասին խոսելիս պարզվեց, որ իսկապես շատ ընդհանրություններ կան ե’ւ ԲՀԿ-ի, ե’ւ ՀՅԴ-ի մոտեցումներում: Կարծում եմ, որ մենք արդեն լավ հիմք ունենք` հավատալու, որ կարող է լուրջ համագործակցություն լինել նախագահական ընտրությունների ընթացքում:

 

-Իսկ, ըստ Ձեզ, կստացվի՞, արդյոք, համագործակցությունը մյուս ուժերի հետ:

— Պետք է փորձենք: Հույս ունենք, որ կլինի: Դա հասարակական պահանջ է այսօր, որովհետեւ այն օրակարգային խնդիրները, որոնք քննարկել ենք, չեմ պատկերացնում, որ լինի որեւէ քաղաքական ուժ, որ առարկություն ներկայացնի: Դրանք իսկապես մեկ կամ երկու կուսակցության մոտեցումները չեն, դրանք հասարակության դրած խնդիրներն են եւ այս տարիների ընթացքում իսկապես կուտակված հարցեր, մեր առջեւ ծառացած խնդիրներ: Այդ իմաստով` կարծում եմ, որ սա ընդհանրական օրակարգ է, եւ մենք հույս ունենք, որ այս օրակարգի շուրջ կկարողանանք հասնել քաղաքական ուժերի համախմբման, ինչն էլ էապես կնպաստի, որ լուրջ մրցակցային նախագահական ընտրություններ լինեն:

 

— Պարո’ն Օսկանյան, վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, թե ԲՀԿ-ն ինչո՞ւ  հենց հիմա որոշեց անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին,  խորհրդարանական կառավարման համակարգին:  Ոմանց աչքին անգամ ստվերներ են երեւում, ոմանք այլ պատճառներ են մատնանշում…

— Դրանք բոլորը հերյուրանքներ են: Ամեն մի գաղափար, վերջիվերջո, իր հարմար ժամանակն ունի` առաջարկվելու համար, եւ երբ նախագահական ընտրությունների նախաշեմին, բնականաբար, ձեւավորված գաղափարներն արդեն ի հայտ են գալիս, դրվում են օրակարգ: Վերջիվերջո, այդ գաղափարները ձեւավորվում են նաեւ ժողովրդի հետ հանդիպումների արդյունքում: Այնպես որ` այդ գաղափարըն հասունացել էր արդեն, դա միայն ԲՀԿ-ինը չէ, ՀՅԴ-ն երկար ժամանակ է դրա մասին խոսել,«Ժառանգությունը»` եւս:

 

— Խոսքը նրա մասին է, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն հենց հիմա խոսեց:

— Դե, որովհետեւ մեր առջեւ արդեն նախագահական ընտրություններ են, ժամանակը ճիշտ է: Առավել եւս մենք գնալով համոզվում ենք, որ այսօրվա մեր կառավարման համակարգը արդյունավետ չէ, չի աշխատում, եւ ժամանակն է լուրջ համակարգային փոփոխությունների մասին մտածելու:

 

-Պարո’ն Օսկանյան, թեեւ թե’ ՀՅԴ-ն, թե’ ԲՀԿ-ն նշում են, որ կարեւորը օրակարգային հարցերի շուրջ համախմբվելն, եւ որ նախագահի անձի ընտրությունը երկրորդական հարց է, այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ ամեն դեպքում նախագահի անձի ընտրության հարցում խնդիրներ կլինեն:

-Ես նորից եմ ասում, որ կարեւորը օրակարգի հարցերի շուրջ համախմբումն է, մյուսը երկրորդական հարց է: Վստահ եմ, որ եթե համախմբում եղավ, մյուս հարցի լուծում ավելի հեշտ կլինի:

 

Զրույցը` Ագնեսա Խամոյանի

1