Հզոր Արցախը մեր Ժողովրդի հարատեւությունն ապահովելու պայմանն Է. Լեռնիկ Հովհաննիսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Հզոր Արցախը մեր Ժողովրդի հարատեւությունն ապահովելու պայմանն Է. Լեռնիկ Հովհաննիսյան

Հզոր Արցախը մեր Ժողովրդի հարատեւությունն ապահովելու պայմանն Է. Լեռնիկ Հովհաննիսյան

Ամերիկահայ Մշակութային Ընկերակցության «Արցախ Ֆոնդ»-ի եւ «Հայրենիք»-ի հրավերով ԱՄՆ Արեւելյան շրջանում է  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի <<Դաշնակցություն>> խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը:
Նա այցելություններ ու հանդիպումներ է ունեցել  Նյու Յորքում, Նյու Ջերսիում եւ Չիկագոյում: Առաջիկա օրերին կայցելի   Վաշինգտոն, Պրովիտենս, Բոստոն եւ Դետրոյթ: 

Ստորեւ ներկայացնում ենք Լ. Հովհաննիսյանի հարցազրույցը «Հայրենիք»-ի խմբագրությանը:

 

— Ապրիլյան քառօրյա կայծակնային պատերազմով ի՞նչ ուզեց կատարել Բաքուն  եւ ի՞նչ եղավ արդյունքը:

 

— Բաքուն ցանկանում էր որոշակի հաջողություններ ունենալ ճակատային գծում, որպեսզի բանակցություններում հանդես գա նպաստավոր դիրքերից եւ իր պայմաններ թելադրի թե՛ մեզ, թե՛ միջազգային հանրությանը: Մեր բանակի եւ ժողովրդի միասնականության շնորհիվ Ադրբեջանի այդ ծրագրերը հօդս ցնդեցին:

 

— Բազմիցս խոսվել է հայկական ուժերի նահանջի եւ խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: Այս գծով Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը բազմիցս առաջարկներ է կատարել: Որքանո՞վ կարելի է հանդուրժել դա:

 

— Պետք է բացառել խաղաղապահ ուժերի մուտքը մեր երկիր: Մեր ժողովուրդը տեսել է այդ խաղաղապահներին դեռ 1991-ին՝ ի դեմս խորհրդային բանակի: Մեր անվտանգության հիմնական եւ միակ երաշխավորը հայկական բանակն է, որն ապացուց է, թե ինչպես կարող են ճակատել, որի փաստն են վերջին ռազմական գործողությունները: Որեւէ մէկը չի կարող կասկածի տակ դնել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

 

Մայիս 16-ին Արցախի հիմնահարցին գծով հանդիպում  կայացավ Վիեննայում: Նշվեց, որ  նմանօրինակ հանդիպումներ պիտի կրկնվեն:
Հնարավո՞ր է  այս հիմնահարցը բանակցություններով եւ դիվանագիտությամբ լուծելու:

 

— Անկեղծ ասած, մեծ ակնկալիքներ չունեմ բանակցային գործընթացից, քանի որ գործ ունենք անկանխատեսելի եւ անվստահելի հակառակորդի հետ: Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները դրա մասին են վկայում: Անհրաժեշտ է բանակցությունները նոր հիմքերի վրա դնել: Արցախյան կողմը հստակ արտահայտել եւ արտահայտում է` բանակցային գործընթացի իր ներգրավման անհրաժեշտության մասին, մանավանդ, նկատի առնելով, որ Արցախի հիմնահարցի վերաբերյալ որեւէ որոշում կամ եզրահանգում առանց արցախյան կողմի համաձայնության անհնարին է:

 

— Քառօրյա պատերազմը համախմբեց ժողովրդին: Ընդդիմությունը մի կողմ  դրավ իր տարակարծություններն իշխանությունների հետ: Ի՞նչ դասեր կարելի է քաղել այս ամենից:

 

— Իրոք, պատերազմը միավորեց մեզ բոլորիս: Արցախը հայ ժողովրդի լինելիության եւ իր հայրենիքում ապրելու, զարգանալու հիմնական գործոնն է: Արցախում անհաջողությունն անդառնալի հետեւանքներ կունենա ողջ հայ ժողովրդի համար: Հզոր Արցախը մեր ժողովրդի հարատեւությունն ապահովելու պայմանն է:

 

Հայաստանի իշխանությունները պահանջում են Արցախի ճանաչում եւ բանակցություններին Արցախին մասնակից դարձնել : Այս գծով երկար կարելի է զրուցել: Ամփոփ կերպով կարելի՞ է զեկուցել եւ կարծիք հայտնել:

 

— Եթե միջազգային հանրությունը, իրոք, ցանկանում է հարցի խաղաղ կարգավորում, ապա, ինչպես արդեն նշեցի, Արցախը պետք  է դառնա բանակցությունների լիարժեք կողմ եւ  ճանաչվի Արցախի անկախությունը: Միայն այդ դեպքում կարելի է ակնկալել բանակցային գործընթացի առաջխաղացում:

1