Հերոս բառը չեմ ընդունում. Արկադի Կարապետյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Շաբաթվա հյուրը » Հերոս բառը չեմ ընդունում. Արկադի Կարապետյան

Հերոս բառը չեմ ընդունում. Արկադի Կարապետյան

ԼՂՀ հռչակումը, բանակի ստեղծումը ոչ հեռավոր 80-ականներին շատերի համար անհավանական էր: Ժամանակը միշտ ծնում է իր հերոսներին և այդպիսի հերոների շնորհիվ է անհավանականը հավանական դառնում, անհնարինը հնարավոր: ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը այնպիսիններից է, որին հերոսի կոչումներով չեն շռայլել, ո’չ բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել, ո’չ էլ բարձր բեմերից հայտարարել է իր գործերի մասին: Սակայն նրա դերը շատ մեծ է Արցախյան շարժման, Արցախի ինքնապաշտպանության գործում:

 

 

Այս տարի լրանում է Արցախյան շարժման, մեր նոր վերածննդի 25-ամյակը:
Տարվա ընթացքում ՙԱպառաժ՚-ը փորձելու է ընթերցողներին ներկայացնել Արցախյան շարժման եւ ազատամարտի իրական հերոսներին:
Մեր առաջին հյուր-հերոսը Արկադի Կարապետյանն է` ՙԴաշնակ Ագոն՚:

 

 

Պարոն Կարապետյան, Ձեզ համար ե՞րբ է սկսվել Արցախյան շարժումը և ինչպե՞ս:

 

 

 

Թող Աստված ների մեծամտությունս, բայց այդ շարժումը սկսվել է, կարելի է ասել, իմ ղեկավարությամբ: 1987 թվականի նոյեմբերից ընհատակյա շարժման համակարգող էի: Շարժումը ես ուրիշ տեսակ եմ ընկալում: Երբ որ ստեղծվեց Ադրբեջան շինծու պետությունը, որի սահմանները նույնիսկ պարզ չէր, և երբ որոշում կայացվեց Լեռնային Ղարաբաղին տալ ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, այն ժամանակ էլ սկսվեց շարժումը: Դա քողարկված չի եղել, այն միշտ բարձրացվել է ժողովրդի կողմից ու միշտ ճնշվել է: 1960-ականներին ավելի մեծ թափ է առել շարժումը, ահագին մարդկանց ձերբակալել են: 1960-ականներին բոլորը հիշում են Բերդաշենում ադրբեջանցիների կողմից կատարված անասնական դեպքը, երբ մորթեցին գյուղի այգեպանի պատանի որդուն, իսկ հայրը վրեժխնդիր եղավ` վառելով հանցագործներին մեքենայի մեջ: Ես երեխա էի, բայց հիշողությանս մեջ մնացին այդ դեպքերը: 16 տարեկան էի, երբ հայրենական գյուղում` Դարհազում, Ետե հանդում երդվեցի, որ Ղարաբաղը կազատեմ թուրքերից: Երդումս ապարդյուն չէր: Կամավորների խումբ ստեղծեցի. եթե ասեմ, որ գիտեինք` ինչ պիտի անեինք, կստեմ, բայց մի բան հաստատ գիտեինք, որ կռիվ պիտի լինի: 1978-1979 թթ. ավելի լրջացանք, ու պատկերացում ունեինք` ինչպես պիտի շարժվենք: Այդ ժամանակ Աշոտ Բեկորը մեր խմբի անդամ էր: Անընդհատ քննարկումներ էին տեղի ունենում, ինչպես պիտի անենք, ինչպես զենք հայթայթենք: Ինքնաշեն զենքեր էինք հավաքում, մտածում էինք ավելի մեծ քանակությամբ զենք գնելու մասին: 1985-ից արդեն ավելի մեծացավ կամավորների թիվը, կապեր հաստատեցինք Հայաստանում մեր համախոհների հետ: Սկսեցինք փաստեր հավաքել, թե ինչպես է Ադրբեջանը ճնշել, հայաթափել հայկական բնակավայրերը, հակահայ քաղաքականություն վարել ղարաբաղցիների նկատմամբ: 1987-ին ես բարեկամներիս, ծանոթներիս հորդորում էի դուրս գալ Բաքվից` մարդիկ քամահրանքով էին վերաբերվում դրան:

 

 

1987-ին ավելի լրջացավ ամեն ինչ. ամեն շրջանում ընդհատակյա խումբ ունեինք, Ստեփանակերտում` մի քանի խումբ: Ասկերանի շրջանի խումբը ամենակազմակերպված խմբերից էր, քանի որ ղեկավարը` Սլավիկ Առուշանյանը, կուսակցական էր` պարտիական, և ամեն ինչ շատ լուրջ հիմքերի վրա էր: Մեր կապը Ասկերանի խմբի հետ ապահովում էր Պատարայի ներկա գյուղապետ Կարեն Արզումանյանը: Հաճախ նույնիսկ չգիտեինք, ով է տվյալ շրջանի խմբի ղեկավարը: Հադրութի խմբի հետ կապը անմիջապես Արթուր Մկրտչյանի հետ էր:

 

 

 

Ո՞րն էր որոշիչ խթանը, որ հենց 1988-ին սկսեցիք ցույցերը:

 

 

 

Հիշում եմ, երբ Ղրիմում թաթարները բարձրացին իրենց ազգային հարցը, ցույց կազմակերպեցին 1987-ի հուլիսին Կարմիր հրապարակում, մի թաթար ինքն իրեն հրկիզեց` ի նշան բողոքի, բոլոր լրատվամիջոցներով տարածվեց այդ լուրը: Մեզ թվաց, թե նրանց հարցը կլուծվի, մեր հարցը կմնա: Սկսեցինք աշխուժանալ, ավելի սերտ կապեր հաստատել հայաստանյան խմբերի հետ: Իրավիճակը շատ արագ էր փոխվում: Մտածեցի, որ ավելի լավ կլիներ, եթե այստեղ խմբերը ավելի միավորված աշխատեին, ամեն մի որոշման համար չդիմեինք Երևան: Սկզբից դա մի քիչ դժվար ընկալվեց, սակայն ժամանակի ընթացքում հասկացանք, որ դա է ավելի օպտիմալ աշխատելու տարբերակը, քանի որ ամեն մի որոշման համար զանգել Երևան չէինք կարող, իսկ մինչ հասնենք Երևան` հնարավոր է իրավիճակը արդեն այլ լիներ: Այդ որոշման մասին առաջինը քննարկումներ եղան Մարտունու խմբի հետ, որոշումը ընդունվեց բոլոր խմբերի կողմից: Հասկացանք, որ կոնկրետ քայլեր են պետք, ու սկսեցինք ստորագրահավաքները, հավաքեցինք 80000-ից ավելի ստորագրություններ: Երևանում շարժման ղեկավարն էր Իգոր Մուրադյանը: Ես նրան չէի ճանաչում. հանդիպեցինք Երևանում, զրուցեցինք իրար հետ, անելիքները որոշեցինք: Նա ղեկավարեց Մոսկվա ուղևորված առաջին և երկրորդ պատվիրակությունները: Ռուսաստանում ոտքի կանգնեցրինք հայ ուսանողությանը, որոնք կենտրոնական կոմիտեի դիմաց ցույց կազմակերպեցին: Այցելում էինք ռուսաստանաբնակ հայ հայտնի գիտնականներին, արվետսագետներին, ազդեցիկ մարդկանց` խնդրելով աջակցել: Վերադառնալով Ղարաբաղ` սկսեցինք ավելի բացահայտ աշխատել, սկսեցինք համագործակցել ղեկավար, պաշտոնյա մարդկանց հետ` նրանց, որոնք կարող էին իրենց հետևից մարդ տանել: Խոչընդոտներ շատ կային, սակայն գործընթացն առաջ էր ընթանում: Մենք պատրաստվում էինք մեծ ցույցի: Ես, Հայրիյան Վալերին, Նորիկը գնացինք Երևան` թռուցիկներ, պլակատներ, բանաձևերը բերելու. բոլորը հայերեն էին գրված: Տեսանք, թե ինչպես սահմանին զինյալ ազերի ոստիկանները ստուգում են բոլոր մեքենաները, հետ ճամփա չկար, ընկերոջս ասացի` գազ տուր : Բարեբախտաբար մեքենան աննկատ առաջ ընթացավ: Մի քանի կիլոմետր մեքենան վարելուց հետո ճանապարհային ազերի ոստիկանը կանգնեցնում է մեքենան ու սկսում ստուգումներ անցկացնել: Հանգիստ էի, քանի որ` նախ վստահ էի, որ ոչինչ չի հասկանա այդ թռուցիկներից, նաև վստահ էի, որ կաշառքով բաց կթողնի: Այդպես էլ եղավ. 10 ռուբլի վերցնելուց հետո թույլ տվեց շարունակենլ ճանապարհը:

 

 

Այդ ընթացքում արդեն Մոսկվա ուղարկեցինք երրորդ պատվիրակությանը: 1988-ի փետրվարի 10-11-ին Ադրբեջանի երկրորդ քարտուղար Կոնովալովը պետք է գար Ղարաբաղ, և ՙպարտխոզակտիվի՚ ընթացքում որոշումներ հանեին, որ այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, որևէ կերպ կապ չունի ողջ ժողովրդի ցանկության հետ: Բոլոր շրջաններում ժողովրդին ոտքի կանգնեցրինք` ի նշան բողոքի, բացի դրանից` այդ ժողովների անմիջական մասնակիցների մեջ շատերը հենց մեր անդամներն էին: Պարտխոզակտիվի ձախողումից հետո Ադրբեջանը որոշեց, որ այդ ամենը կիրականացնեն բյուրոների օգնությամբ: Քանի որ մենք մարդիկ ունեինք, որոնք գաղտնի գործում էին կուսակցության վերին ատյաններում, այդ տեղեկությունը մեզ հասավ և որոշեցինք, որ փետրվարի 13-ին պետք է ցույց կազմակերպենք: Որոշումը կայացվեց առավոտյան` մենք բոլոր հիմնարկներում ունեինք համապատասխան ղեկավարներ, որոնք ասում էին, թե մոտավոր քանի մարդ կներկայանա ցույցին: Այսպիսով, պետական համալսարանի, գյուղատնտեսական տեխնիկումի ուսանողությունը սկսեց երթը, միացան ասկերանցիները, ճանապարհին միացան մեծ թվով մարդիկ, ընդհանուր առմամբ 7000 մարդ հավաքվեց: Փետրվարի 14-ին ցույց չեղավ, քանի որ Գևորգովը խնդրեց կանգնեցնել ցույցերը, ես էլ տղամարդու խոսք տվեցի, որ միայն մեկ օրով ցույց չի լինի. այդպես էլ եղավ: Ամսի 15-ին ցույցերը շարունակվեցին: Այդ օրը Մոսկվայի մեր պատվիրակությունը վերադարձավ և ելույթներ ունեցավ ժողովրդի առջև: Փետրվարի 20-ին համագումար անցկացրինք. պատգամավորների մի մասը պատրաստակամ եկավ, մի մասին էլ ծեծելով բերեցինք` վախենում էին: Մարդիկ հիմա, որպես Ղարաբաղյան շարժման սկիզբ, ընդունում են փետրվարի 20-ը, սակայն շարժումը սկսվել է փետրվարի 13-ին, երբ բոլորը դուրս եկան իրենց բողոքը հայտնելու: Բազմաթիվ մարդիկ, որոնք խանգարել են մեզ, ցանկացել խոչընդոտել ցույցերի անցկացումը, այսօր շարժման կարկառուն դեմքեր են իրենց հռչակել:

 

 

 

 

Ինչպե՞ս էր հնարավոր ԽՍՀՄ տարիներին մեծ քանակությամբ զենք բերել Արցախ: Ի՞նչ ուղիներով էիք զենք հայթայթում:

 

 

 

Զենք էինք հավաքում 1980-ականների սկզբից: Այդ ժամանակ Բեկորը Ստեփանակերտի գինու գործարանում էքսպեդիտոր էր աշխատում: Աշոտը Վինքնեդ գյուղի քուրդերի հետ լավ լեզու գտավ: Վագիֆ անունով քուրդ պատգամավորի հետ բանակցելու արդյունքում` նա համաձայնեց 15000 ռուբլով վաճառել 10 ինքնաձիգ: Աշոտը գինու գործարանում պայմանավորվեց, որ որոշ քանակությամբ լեվի գինի տանի վաճառի Ռուսաստանում և ստացած եկամտից որոշ բաժին էլ տա տնօրինությանը: Իհարկե, ոչ ոք չգիտեր, որ գինու վաճառքից ստացած դրամով զենք պետք է գնեինք: 3 հոգով պետք է գինին հասցնեին Սարատով` երկուսը օրինական փաստաթղթերով, իսկ Բեկորը պարզապես իր վագոնով միացավ նրանց առանց օրինական փաստաթղթերի: Մայիս ամիսն էր, բավականին շոգ էր արդեն: Աշոտենց երկաթե ավտոտնակում ես գինին խառնում էի ջրի հետ, իսկ Աշոտը վարպետորեն պիտակում էր շշերը: Այդպես մեկ վագոն գինին լրացրեցինք: Աշոտը գինու վագոնով հասավ Եվլախ, Գորբաչովի` ալկոհոլի վաճառքի սահմանափակման մասին հրամանը դուրս եկավ, սկսեցին ձերբակալել ալկոհոլ փոխադրողներին, վաճառողներին: Այն երկու գործընկերները ձերբակալվեցին, իսկ Աշոտը կարողացավ փախչել: Մինչև 1991 թվականը ոստիկանությունը հետևում էր Բեկորին, բայց այդպես էլ չի կարողացել իրեղեն ապացույցներ գտնել:
Չնայած այս ձախողված փորձին` մենք շարունակեցինք զենք հավաքել, ինքնաշեն զենքեր պատրաստել: Քուրդերից էինք զենք գնում, հին զենքեր էինք հավաքում:

 

 

 

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատարն եք. ինչպե՞ս ստեղծվեցին ինքնապաշտպանական ուժերը:

 

 

 

Շատերը, որոնք այսօր նույնիսկ գեներալներ են, չեն կարող դա հասկանալ. եթե իմանային` իրենց մի քիչ ավելի պարկեշտ կպահեին: Անցյալ տարի հոլանդացի մի գեներալ եկավ Ղարաբաղ. վեց ու կես ժամ իմ հետ զրուցեց ու այդպես էլ չհասկացավ` ինչպես մենք հաղթեցինք: Ջոկատներ ստեղծվեցին, ինքնաշեն զենքեր հավաքվեցին, սակայն դա շատ քիչ էր: Ղարաբաղում կանոնավոր զենք տեղափոխվել է Դաշնակցության շնորհիվ: Ես 1989-ին 4 ընկերներիս հետ երդում տվեցի և անցա Դաշնակցության շարքերը: Նույն թվականին Երևանում հանդիպեցի Հրայր Մարուխյանին: Նա հարցրեց, թե ինչքան գումար և զենք է անհրաժեշտ Ղարաբաղում ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, ներկայացրի` իմ պատկերացումներով ինչ է անհրաժեշտ, Մարուխյանը խոստացավ ուղարկել: Մի շարք խնդիրների պատճառով մեկ տարի ուշացումով սկսվեց դաշնակցական զենքի հոսքը: Նույնսիկ հիշում եմ առաջին խմբաքանակը: Ընդհանուր առմամբ` մինչև 1991 թիվը ստացանք 300-ից ավել զենք: Դա մեծ դեր խաղաց, մարդիկ ավելի վստահ էին. զենք ունեինք արդեն: Աղայան Սամվելը, Պետրոսյան Մուրադը և ես հավաքվեցինք, որոշեցինք կոորդինացնել մեր աշխատանքները: Որոշ ժամանակ անց ինձ նշանակեցին հրամանատար, առաջին անգամ բանակը շարեցի Տումի գյուղի անտառում: Ընդհանուր 68 հոգի էինք: Ինքնապաշտպանական առաջին մարտերն էին: Շարվել հրամանի մեջ հոգեբանական մեծ արգելք կար, շատերը դժվարությամբ էին համակերպվում դրա հետ: Ժամանակի ընթացքում այդ կարծրատիպը կոտրվեց:

 

 

 

Ըստ ձեզ` ո՞րն է մեր հաղթանակի գրավականը:

 

 

 

Երբ որ միավորված է հայ ազգը, նրան հաղթել չի լինի: Այն ժամանակ սերը շատ էր, մարդիկ միմյանց նկատմամբ սիրով ու հանդուրժողականությամբ էին լցված, այսօր հանդուրժողականություն չեմ տեսնում: Հաղթեցինք Աստծով, քանի որ սերը հենց Աստված է: Ժամանակին եթե մեր ժողովուրդը ավելի միավորված ու զգոն լիներ, մեր պատմությունն էլ այլ կլիներ: Մարդիկ առասպելներ են հնարել իրենց մասին, թե պատերազմի ժամանակ ինչպիսի հերոսություններ են արել, ինչ սխրագործություններ են կատարել, մինչդեռ դրանցից շատերին փախչելուց տեսա: Դա էլ նորմալ է, վախենալն էլ նորմալ երևույթ է, բայց առասպելներ հնարել պետք չէ: Հերոս բառը առհասարակ չեմ ընդունում. ընտանիքը, հայրենի հողը պաշտպանելը հերոսություն չէ, այլ նորմալ արարք, պարզապես կան նորմալ և աննորմալ մարդիկ: Այսօր շատ են խոսում հայրենասիրությունից, հայրենիքից, մինչդեռ քչերն են հասկանում այդ բառերի իմաստը:

 

 

 

Այսօրվա երիտասարդության հանդեպ արդյո՞ք լավատեսությամբ եք տրամադրված:

 

 

 

Միանշանակ` այո: Մեր սերունդը, չնայած որ հաղթանակած սերունդ է, սակայն անշնորհակալ սերունդ է, դրա համար այսօր դեռ այս վիճակում ենք: Ներկա սերունդն ավելի ազատ է, ուրիշի լուծը չի տեսել: Սակայն մեր սերունդը պետք է տեղ տա երիտասարդ սերնդին` ավելի ազատ գործելու համար:

 

 

 

Ցավոք սրտի, արտագաղթողներ դեռ կան. ինչպե՞ս եք վերաբերում այս հարցին:

 

 

 

Ոչ ոքի չեմ քննադատում, սակայն գնում են թույլերը: Վստահ եմ, որ մի ժամանակ կգա ու հակառակ գործընթացը կլինի, հայրենիք կվերադառնան. դրա վառ ապացույցը մեր սիրիահայ հայրենակիցներն են: Չեմ քննադատում Սփյուռքում ապրողներին, պատճառներ կային դրա համար, սակայն այդ պատճառները հիմա չկան, ու հիմա պետք է մտածել` ինչ անենք, որ մեկ ազգ, մեկ հայրենիք դառնանք:

 

 

 

Ինչպե՞ս եք տեսնում ԼՂՀ հարցի կարգավորումը, և արդյո՞ք պատերազմի վերսկսման վտանգ կա` ըստ ձեզ:

 

 

 

Վստահ եմ, որ դեռ պատերազմը պետք է շարունակվի, մենք դեռ հետ կվերցնենք այն, ինչ մեզ է պատկանում: Սա մեծամտություն չէ, ես հավատում եմ դրան: Ըստ իս` խաղաղ կարգավորման գործընթացը և Մադրիդյան սկզբունքները սուտ գաղափարներ են:

 

 

 

Փետրվարի 20-ին լրանում է Ղարաբայան շարժման 25-ամյակը: Ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:

 

 

 

Խորհուրդ կտամ` սիրել միմյանց. սա է մեր հաղթանակի գրավականը: Մեզ հայերիս ի վերուստ է տրված ընկերություն անելու շնորհը: Մարդիկ նույնիսկ պատերազմի ժամանակ չէին հասկանում` ինչ ասել է Հայրենիք, սակայն ընկերների համար կռվում էին ու նույնիսկ զոհվում հանուն ընկերների: Խորհուրդ կտամ` իսկական ընկերություն անել: Ցանկացած զինվոր պետք է հասկանա, որ կողքինը իր ազգի ներկայացուցիչն է, իր եղբայրը, իր ընկերը:

 

 

 

Պատրաստեց Արմինե ՆԱՐԻՆՅԱՆը

1