Հետազոտվում են Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում հայտնաբերված գտածոները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հետազոտվում են Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում հայտնաբերված գտածոները

Հետազոտվում են Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում հայտնաբերված գտածոները

Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթներից մեկը պահպանվող հնավայրերի տարածքներում պեղումներ իրականացնելն է։ 2005-ից հնագիտական մեծածավալ պեղումներ են իրականացվում Տիգրանակերտում, ավելի վաղ սկսվել են Հադրութի շրջանի Ազոխի քարանձավի պեղումները։ Վերջին տարիներին հնագիտական պեղումներ են իրականացվել նաև Կարկառում, Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքի, Ամարասի վանքի տարածքներում, «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում և այլն:

Արգելոցի տարածքում իրականացված պեղումների արշավախմբի ղեկավար՝ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանն ասել է, որ պեղումների նպատակը եղել է մելիքական տապանատան հայտնաբերումը, վերականգնումը եւ ընդհանուր ուսումնասիրությունը.

«Նպատակ ունեինք հայտնաբերել Մելիք Եգանի եւ մի քանի այլ մելիքների, մասնավորապես Մելիք Արամի, Մելիք Եսայու, ովքեր Մելիքի որդիներն են, և Մելիք Եգանի հոր՝ Ղուկաս Վարդապետի թաղումների հստակ վայրը: Տապանաքարերը տեղաշարժված են եղել, եւ մենք պեղումներն իրականացրել ենք, որ գտնենք թաղվածների ճիշտ վայրը: Արդյունքում՝ մենք Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավ-արևմտյան հատվածում վավերագրել ենք քառակուսի հատակագծով տնտեսական նշանակության մի սենյակ, որի մեջ հայտնաբերել ենք 18-րդ դարում Արցախում գործածված 170 արծաթե մետաղադրամ, որոնք ուսումնասիրվել են դրամագետ Արամ Վարդանյանի կողմից»,- ասել է Ն.Երանյանը՝ նշելով, որ ուսումնասիրություններից պարզվել է, որ գտածոնների մի մասը ձուլվել են Գանձակում եւ Պարսկաստանում. կան նաև 3 այլ դրամներ եւս, որոնք չեն գործածվել այս տարածքում, բայց հայտնվել են դրամների մեջ:

Եկեղեցու հարավ-արևելյան հատվածում ուղղանկյուն երկայնական հատակագծով մի կառույց է հայտնաբերվել, որտեղ շուրջ 1 տասնյակ թաղումներ է բացահայտվել, որը թաղումների խտության առումով մի փոքր անտրամաբանական էր:

«Մարդաբան Հասմիկ Սիմոնյանն ուսումնասիրել ու ճշտել է թաղված մարդկանց սեռն ու տարիքը, նրանց որոշ հիվանդությունները:

Պարզվել է, որ բոլորն էլ 20-45 տարեկան տղամարդիկ են եղել, եւ նրանք բոլորն էլ թաղված են քրիստոնեական կարգով: Այլ մանրամասներ ճշտելու համար հարկավոր է շարունակել հետազոտությունները: Մենք ներկայումս պատրաստվում ենք դրանք ուղարկել կարբոնային անալիզի, որպեսզի հստակեցվի նաև թաղումների ժամանակաշրջանը»,- մանրամասնել է Ն.Երանյանը:

Պեղումների ընթացում եկեղեցու հարավային բակում հայտնաբերվել է նաեւ շուրջ 50 տապանաքար, որոնցից մի քանիսն էլ մելիքական ընտանիքի այլ անդամներինն է: Եվ չնայած եկեղեցու տարածքում պեղումների աշխատանքները հիմնականում ավարտված են, բայց հետազոտությունները դեռ պետք է շարունակվեն:

«Ցանկացած հուշարձանի պեղումներ նախևառաջ ամրապնդում է հուշարձան-համայնք կապը, ինչը ներկայումս հուշարձանի պահպանման կարևորագույն մեխանիզմներից մեկն է: Ինչ վերաբերում է Տողի Սբ. Հովհաննես եկեղեցու պեղումներին, ապա նշեմ, որ չնայած առկա են որոշակի պատմական գրավոր տեղեկություններ, այնուամենայնիվ պեղումները նոր տեղեկություններ և մանրամասներ են հաղորդում 18-20-րդ դարերի հայ ժողովրդի պատմության և մշակույթի որոշ դրվագների վերաբերյալ»,- նշել է Նժդեհ Երանյանը:

Լուսինե Թեւոսյան

1