Հացի գինը Արցախում բարձրացել է առնվազն 10 դրամով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հացի գինը Արցախում բարձրացել է առնվազն 10 դրամով

Հացի գինը Արցախում բարձրացել է առնվազն 10 դրամով

ԼՂՀ-ում հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունն կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը հացի ներկայիս 10 դրամի թանկացումը հիմնավորված է համարում, քանի որ ըստ նրա` հաց արտադրողների մոտ մեծ կոմպոնենտ է կազմում էլեկտրոէներգիան, վերջինիս գնի թանկացման պատճառով էլ, թանկացել է հացը:

 

“Հանձնաժողովը ամեն շաբաթ համեմատություններ է անում միջազգային, հայաստանյան շուկայի հետ, ներկայումս հացը Արցախում 10 դրամ էժան է քան ՀՀ-ում: Ապրանքների թանկացումներ հնարավոր են միայն այն շուկաներում, որտեղ գնագոյացման մեջ էական են էլեկտաէներգիայի եւ գազի դերը”,- նշում է Լեւոն Մնացականյանը:

 

Հիշեցնենք, որ անցած տարի միջազգային շուկայում, երբ ցորենի գնի աճ արձանագրվեց, Արցախում հաջողվեց զսպել ցորենի գնի աճը, ինչն էլ նպաստեց, որ հացի գնի բարձրացում չլինի: Բազմիցս նշվել է, որ հացի գնի աճ չի լինի Արցախում:

Արցախում բացի հացից թանկացել են գրեթե բոլոր ապրանքները:

 

“Վերջին մի քանի օրերին բերված ապրանքը արդեն ընդունում ենք ավելի թանկ գներով, 20-30 դրամ նվազագույն տարբերությամբ, իսկ հացը վաճառում ենք 140 դրամով, որ մենք էլ գոնե մի քիչ եկամուտ ունենանք”,-նշում է խանութի աշխատողը:

Խանութներում նույնիսկ հացի գինը 150 դրամ է:

 

Այն հարցին, թե որեւէ կերպ ԼՂՀ-ում հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունն կարգավորող պետական հանձնաժողովը հետեւում կամ կարգավորում է այդ գները, հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ բոլոր հացարտադրողների մոտ հացի գինը թանկացել է 10 դրամով, իսկ եթե խանութները ավելի են բարձրացրել գինը, նրանք այդ պարագայում ոչինչ չեն կարող անել:

 

“Թոշակառու եմ, ընդհամենը 27 հազար դրամ թոշակ եմ ստանում, ու ամեն տարի թանկացումներ են, ինչպե՞ս ենք ապրելու, գոնե մեր դարը անցել է, ցամաք հաց էլ լինի կապրենք, իսկ երիտասարդնե՞րը: Աշխատավարձները ցածր են, գներն էլ ամեն օր աճում է: Հարցի լուծումը չեմ տեսնում, բացի արտագաղթից”,-ասում է Տիկին Նորան:

 

 

Պատրաստեց` Արմինե ՆԱՐԻՆՅԱՆԸ

1