Հարցեր կառավարությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հարցեր կառավարությանը

Հարցեր կառավարությանը

Հունիսի 28-ին կայացած Արցախի հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում 10 պատգամավորների կողմից հնչեցվել 15 հարց, որոնց գերակշիռ մասը բարձրաձայնել են ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները:

Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը բարձրացրել է մի շարք համայնքներում ղեկավարների և ավագանու անդամների հետաձգված ընտրության հարցը: «ՏԻՄ ընտրությունների մասին օրենքը, Ընտրական օրենսգիրքը և Վարչատարածքային բաժանումների մասին օրենքը քննարկվելու են մինչև 2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները»,- նշել է պատգամավորը և հավելել, որ ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների մինչև հիմա 64 համայնքներում համայնքների ղեկավար և 15 համայնքներում ավագանի չի ընտրվել, որն ընտրողի և ընտրվողի իրավունքների ոտնահարում է:

ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը պատասխանելով հարցին նշել է, որ սահմանադրությունը նախատեսում է, որ ՏԻՄ համակարգը պետք է համապատասխանեցնել 5 տարիների ընթացքում, ինչը չի նշանակում, որ պետք է սպասենք մինչև ժամկետի լրանալը: «Կառավարությունում տեղի են ունեցել հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ, աշխատանքները հրապարակային չեն ընթանում և մինչև տարեվերջ հարցի վերաբերյալ որոշակի պատկեր ունենալու ենք, հարցը պետք է շուտափույթ լուծում ստանա»,- ավելացրել է Արարատ Դանիելյանը:

Պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանի հարցերը վերաբերում էին Քաշաթաղի շրջանին, պատգամավորին հետաքրքում էր, թե երբ կսկսվի Բերձորում բազմաբնակարան 2 շենքերից մեկի շինարարությունը, նաև Քաշաթաղի շրջանի բուժաշխատողներին ծառայողական բնակարանով ապահելու հարցը:

«Բերձոր քաղաքում սկսել ենք մեկ բնակելի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները և նախատեսում ենք 2018թ. ավարտել և ավարտելուց հետո կանդրադառնանք երկրորդ շենքին, քանի որ ֆինանսական միջոցների սղության պատճառով հնարավոր է միաժամանակ կատարել: Երկրորդ հարցի հետ կապված հարցը կքննարկենք և հնարավորության սահմաններում լուծումներ կտանք»,- նշել է ԱՀ Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Պատգամավոր Ռիտա Մնացականյանը բարձրաձայնել է գյուղաբնակ երիտասարդ ընտանիքներին բնակարանների վերանորոգման համար տրվող գումարների տրամադրումն արագացնելու հարցը, նաև հետաքրքրվել է, թե արդյո՞ք շրջկենտրոնները, գյուղական բուժկետներն ապահովված են օձերի խայթոցների դեմ համապատասխան դեղերով:

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սամվել Ավանեսյանը նշել է, որ գործընթացը ժամանակ է պահանջում ծրագիրը գործում է և ըստ հերթականության դիմողները կֆինանսավորվեն:

Առողջապահության նախարար Կարինե Աթայան տեղեկացրել է, որ 2017թ. ապրիլ ամսից սկսած Արցախում գրանցվել է օձի խայթոցի 13 դեպք, բոլոր հիվանդանոցներն ապահովված են համապատասխան հակաթույներով:

Պատգամավոր Դավիթ Իշխանյանին մտահոգում էր վերջին զանգի արարողությունների հետ կապված մթնոլորտը, առաջարկեց այն ուշադրության կենտրոնում պահել:

«Ունենք մի քանի հրամաններ, որոնցով արգելվում են նման կարգի դրամահավաքները դպրոցում, իսկ վերջին զանգի արարողությունները ծնողների նախաձեռնությունն են: Մենք միշտ շեշտում ենք, որ ամեն ինչ պիտի կատարվի չափի սահմաններում»,- նշել է ԱՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը:

Ի պատասխան պատգամավոր Վահրամ Բալայանի բարձրացրած հարցի, նախարար Կարեն Շահրամանյանը նշել է, որ արդեն առկա են Ստեփանակերտ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի նախագծանախահաշվարկային փաստաթղթերը, աշխատանքներն իրականացնում ենք ըստ հաջորդականության:

1