Հարցադրումներ ԱԺ-ում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հարցադրումներ ԱԺ-ում

Հարցադրումներ ԱԺ-ում

Սեպտեմբերի 28-ին կայացել է ԱՀ Ազգային ժողովի նիստ, որի ժամանակ նախագահ Բակո Սահակյանը եւ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների կողմից բարձրացված հարցերին:

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը բարձրացրել է Ասկերանի ամրոցում ընթացող շինարարական աշխատանքների հարցը՝ նշելով, որ դրական փոփոխությունները տեսանելի են եւ գնալով ավելանում են Ասկերանի բերդ այցելող զբոսաշրջիկների քանակը, սակայն ամրոցում չկան հարմար պայմաններ: «Պետական բյուջեից հետագայում եւս միջոցներ են հատկացվելու ամրոցում շարունակական աշխատանքներ իրականացնելու համար»,- մասնավորապես հարցրել է Ալյոշա Գաբրիելյանը, ինչին ի պատասխան՝ Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Սերգեյ Շահվերդյանը նշել է. «Ասկերանի բերդի վերականգնողական աշխատանքները սկսել ենք այս տարի եւ այս ընթացքում պարտավորված էինք շտկել Խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացված սխալ վերականգնումը: Այս տարի պատվիրել ենք նաեւ բերդի ճանապարհի ձախ հատվածի նախագիծը, որն ավարտական փուլում է, եւ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին հանրությանը կներկայացնենք ամրոցի այն հատվածի նախագիծը, որի վերականգնման աշխատանքները մտադիր ենք սկսել հաջորդ տարի՝ համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման դեպքում: Ըստ մշակվող նախագծի, նախատեսում ենք նաեւ տեղադրել փոքր թանգարանատիպ շինություն՝ բերդին կենդանի շունչ հաղորդելու նպատակով»,- ասել է Ս. Շահվերդյանը՝ հավելելով, որ գարնանը նախատեսվում է նաեւ բերդի հարակից տարածքի բարեկարգում:

«Ասկերանի ամրոցի շինարարությունն իրականացնող կազմակերպությունները փնթի աշխատանք են իրականացրել. ցանկապատը չի համապատասխանում ամրոցի ճարտարապետությանը, երթեւեկությունը այդ տարածքում խափանված է»,- նշել է Բակո Սահակյանը եւ շեշտել, որ անորակ ու վտանգավոր աշխատանքը չի կարող բավարարել իշխանության պահանջները: Նախագահն առաջարկել է հավասարաչափ պատասխանատվություն կրել եւ չհամակերպվել, նաև՝ ԱԺ-ից ակնկալել ավելի ընդգծված մասնակցություն:

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը բարձրացրել է պատգամավորական հանդիպումների ընթացքում ի հայտ եկած՝ Մարտունու շրջանային հիվանդանոցի հարցը. «Երկհարկանի հիվանդանոցը չունի վերելակ եւ գեներատոր, նաեւ՝ հաշմանդամների համար նախատեսված պայմաններ: Քննարկումներ ենք ունեցել քաղաքաշինության նախարարի եւ վարչապետի հետ, ստացել ենք խնդիրը լուծելու հավաստիացում, սակայն առ այսօր հարցը չի լուծվել: Հնարավո՞ր է արդյոք լուծում տալ այդ հարցին»: Պատգամավորի հարցին պատասխանել է նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով, որ հաշվի առնելով հիվանդանոցում վերելակի անհրաժեշտությունը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այսօր իսկ համապատասխան ցուցումներ է տալու՝ վերելակ տեղադրելու համար:

Դ. Իշխանյանի բարձրացրած մյուս հարցը Իվանյանում տեղակայված զորամասի կոյուղու խնդիրն էր: Այն նախատեսված երկայնքով չի կառուցվել:

Կարեն Շահրամանյանը, պատասխանելով պատգամավորի բարձրացրած հարցին, նշել է, որ մայրաքաղաքում եւ շրջաններում առկա է կոյուղագծերի խնդիր:  «Պետք է մշակենք նախագիծ եւ երկարացնենք խողովակաշարը»,- նշել է քաղաքաշինության նախարարը:

Նույն խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանի մտահոգությունը առողջապահության ոլորտից էր: Պատգամավորը բարձրացրել է Շվեդիայից Հայաստան ներմուծված գարդասիլ տիպի պատվաստանյութերի հարցը, որը նախատեսված է աղջիկների արգանդի վզիկի քացկեղի՝ պապիլոմա հիվանդության դեմ: Ըստ ահազանգողների՝ այդ պատվաստանյութերն աղջիկների մոտ առաջացնելու են չբերություն:

«Հայաստանում դեկտեմբերից 13-ամյա աղջիկներին սկսելու են ներարկել այդ պատվաստանյութը: Նախատեսվու՞մ է արդյոք Արցախում իրականացնել այդ պատվաստումները եւ որքանո՞վ է այդ ահազանգը համապատասխանում ճշմարտությանը» հարցին՝ ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը նշել է, որ այս օրերին ընթացող ռուս-հայկական ֆորումում քննարկվում է այդ հարցը: «Արցախում դեռ չի նախատեսվում պապիլոմա վիրուսի դեմ օգտագործվող պատվաստանյութը: Ինչ վերաբերում է հետագային, ապա այդ որոշումը համատեղվելու է ՀՀ առողջապահության նախարարության հետ»,- նշել է Կ. Աթայանը:

Հարցերի համար հերթագրվել էին 9 պատգամավոր: Ընդհանուր առմամբ տրվել է 14 հարց:

Լուսինե Թեւոսյան

1