Հարսանիք է, հարսանիք...
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հարսանիք է, հարսանիք...

Հարսանիք է, հարսանիք…

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը 2011թ. հոկտեմբերին ընդունել է ՙՈչ նյութական մշակութային ժառանգության մասին՚ օրենքը: Այդ օրենքի նպատակասլաց կիրարկումը կարեւոր դեր կարող է կատարել մեր ազգային արժեքների պահպանման, արմատավորման եւ իրացման գործում:
Օրենքի գործունեության ոլորտները բազմազան են. անդրադառնանք միայն ՙՄարդու կյանքի շրջափուլերի (ծնունդ, հասունություն, ամուսնություն, մահ) հետ կապված ժողովրդական սովորույթներ՚ դրույթին:

 

 

Հայտնի է, որ սովորույթների եւ ավանդույթների համակարգի միջոցով յուրաքանչյուր ժողովուրդ վերարտադրում է իրեն, իր մշակույթը, բնավորությունը, սերունդների հոգեբանությունը: Որեւէ ազգի, նրա մշակույթի մասին խոսելիս պետք է նախ եւ առաջ հաշվի առնել ազգային սովորությունները եւ ավանդույթները, որոնք անպայման արտացոլվում են ժողովրդական ստեղծագործություններում:

 

 

Ավանդույթների միջոցով են հասարակական հարաբերություններումծնվում ազգային գաղափարախոսությունը եւ բարքերը: Դրանք նոր սերնդի մեջ այն հատկությունների վերարտադրության գործընթացներն են, որոնք հղկվել են պատմության ընթացքում, տվյալ ժողովրդի կողմից, ըստ ավանդական մշակույթի պահանջների: Ավանդույթներն ուսուցողական եւ դաստիարակչական դեր ունեն,եւ դրանց վերջնական նպատակը հաջորդ սերունդներին այն հունով տանելն է, որով զարգացել է տվյալ ժողովրդի ավագ սերունդը:
Ի տարբերություն ավանդույթների` սովորույթը որոշակի իրավիճակում միշտ որոշակի պահանջ է ներկայացնում մարդու հոգեւոր հատկությունների նկատմամբ: Սովորույթը մանրամասն ազդարարում է` ինչը կարելի է եւ ինչը չի կարելի անել, թեեւ չի մանրամասնում, թե ինչպես պետք է անել: Սովորույթը սերունդների վարքի ուղղորդումն է կոնկրետ իրավիճակում` գործողությունների մանրամասն կանոնակարգումով:

 

 

Սովորույթները եւ ավանդույթները հիմնականում ունեն երկու գործառույթ,
ա) հասարակական հարաբերությունների կայունացման միջոց են,
բ) իրականացնում են հարաբերությունների վերարտադրությունը նոր սերնդի կյանքում:
Զնայած իրենց տարբերություններին` սովորույթները եւ ավանդույթները կատարում են ընդհանուր` հասարակական հարաբերությունների կայունացման եւ վերարտադրության դեր: Երկուսն էլ ներկայացնում են ՙսոցիալական ժառանգության՚ սերունդների հաղորդականության մեխանիզմներ: Նրանք իրենց այդ գործառույթն իրականացնում են տարբեր ճանապարհներով եւ միջոցներով:

 

 

Սովորույթները եւ ավանդույթները ավելի վառ են արտահայտվում ամուսնությանª նոր ընտանիքի կազմավորման ամբողջ գործընթացի ժամանակ (խնամախոսություն, նշանդրեք, պսակ-հարսանիք):

 

 

Արցախյան պատերազմի հաղթանակից հետո (հաղթանակ, որը ձեռք է բերվել հազարավոր հայորդիների արյան գնով) հույժ կարեւոր խնդիր է առաջացել համայն հայության համար  վերականգնել հայ էթնոսի արցախյան հատվածի գենոֆոնդը£ Թե ինչքանով է դա հաջողվում, դժվար է մխիթարող բառեր գտնելը, բայց, այնուամենայնիվ, բռնագաղթածները, բռնատեղահանվածներն ու ինքնակամ հեռացածները մասամբ վերադառնում են իրենց բնօրրանները, բազմազավակ ընտանիքների թիվը, թեկուզ շատ դանդաղ, բայց ավելանում է, հարսանիքներն էլ չեն պակասում.  Իսկ ինչպե՞ս է կատարվում ժամանակակից հայի հարսանիքը:  Սովետական ժամանակաշրջանում ձեւափոխել են ազգային ավանդույթները, սովորույթներն ու ծեսերը£ Այն իր խորը կնիքն է թողել ժամանակակից հայի հարսանիքի վրա:  Մի կողմից վաղ անցյալի ժառանգությունը, մյուս կողմից հոգեւորի զարթոնքը (նկատի ունենք քրիստոնեությունը  ի դեմս Հայ Առաքելական Եկեղեցու, թեկուզ դանդաղ, բայց հաստատուն մուտքը հայի ապրելակերպի մեջ) ժամանակակից հայի մոտ առաջացրել է երկընտրանք  պսա՞կ (հոգեւոր իմաստով եւ ավանդական ձեւով), թե՞ հարսանիք (աշխարհիկ իմաստով ու խառն ձեւով):  Վերջերս էլ ինքնաբերաբար` առանց որեւէ հիմնավորման, ձեւավորվել է պսակի եւ հարսանիքի գռեհիկ միախառնման տարբերակը:    

 

 

Դարեր շարունակ հայ քրիստոնյան կատարել ու կատարում է Պսակի խորհուրդը:
Այր ու կին քահանայի աղոթքով ու օրհնությամբ ընտանիք կազմելու նպատակով միավորվում են եւ ստանում Սուրբ Հոգու շնորհը« որով այդ միությունը« որպես անխախտ դաշինք, ամրապնդվում է նրանց համատեղ կյանքի բոլոր օրերի համար  ունենալու զավակներ եւ նրանց դաստիարակելու քրիստոնեական ոգով: 
Պսակի սուրբ խորհրդով այր ու կին ստանում են աստվածային օրհնություն« խորհրդավորապես միանում միմյանց« դառնում մեկ մարմին եւ մշտական կենակցության ուխտի մեջ մտնելով« ըստ Քրիստոսի եւ իր Եկեղեցու միության օրինակի« նվիրվում են Աստծո արքայության առաջադիմության համար միասնաբար աշխատելուն: 

 

 

 

Այս ճանապարհին ամուսինները ոչ միայն պետք է արտաքին պարկեշտությունը պահպանեն« այլեւ ներքին  հոգեւոր:  Այնպես որ, ամուսնության մեջ մարմնականը չպետք է գերակշռի« այլ հոգեւորը:  Մասնավորապես, պսակադրության ընթացքում մատանիները, որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նշանակն են նրանց միության անխախտելիության, իսկ վառվող մոմերը   հոգեւոր ուրախության եւ աստվածատուր շնորհի:  Թագերը, որ դրվում են նորապսակների գլխին, նշանն են նրանց ողջախոհության, քանզի Պսակը սուրբ է, եւ պետք է զերծ մնալ պոռնկական ցանկություններից:  Գինի խմելը նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե° ուրախությունները եւ թե° դառնությունները միասին պետք է ճաշակեն: 

 

 

 

Եկեղեցին անհրաժեշտ է համարում, որպեսզի ամուսնության թեկնածու տղամարդն ու օրիորդը լինեն մկրտված եւ դրոշմված£ Եկեղեցին արգելում է որեւէ քրիստոնյայի ամուսնությունն այլադավանի հետ, բացառությամբ, եթե վերջինս ընդունի քրիստոնեություն: 

 

Փոխադարձ սիրո հիմքը միահավատությունն է, որովհետեւ հավատքով է աճում մարդկանց հոգեւոր կյանքը£ Տղամարդը տան գլուխն է, կինը  սիրտը, ուստի գլուխն ու սիրտը փոխադարձ համաձայնությամբ, սիրով ու նվիրումով պետք է կապվեն միմյանց հետ:
Պսակի խորհուրդն անհրաժեշտ է, որ կատարվի եկեղեցու մեջ, եկեղեցականի կողմից խաչեղբոր եւ ժողովրդի ներկայությամբ£ Գաղտնի կատարված պսակն անվավեր է:  Պսակը կրկնելի է, երբ ամուսիններից որեւէ մեկը մահանում է£ Եկեղեցին երկու անգամ թույլ է տալիս կատարել Պսակի խորհուրդը. ՙԿանոն կույսի պսակի՚ եւ ՙԿանոն երկրորդ պսակի՚:  Երրորդ պսակն անթույլատրելի է:

 

Հայոց եկեղեցին, օրինավոր պսակն անքակտելի համարելով հանդերձ  ամուսնալուծությունը թույլատրում է հետեւյալ պարագաներում.
1. Պոռնկության դեպքում
2. Երբ ամուսիններից մեկը վարակված է անբուժելի եւ վարակիչ հիվանդությամբ
3. Երբ ամուսիններից մեկը դիվահար է կամ խելագար
4. Երբ ամուսիններից մեկը 7 տարի բացակայում է տնից
Պսակն անվավեր է, երբ.
1. Գաղտնի է կատարվում
2. Բռնությամբ է կատարվում
3. Պսակվողն արդեն օրինավոր ամուսին ունի

 

 

Ամլության պատճառով ամուսնալուծում չի կատարվում:  Կրոնափոխությունն էլ ամուսնալուծության պատճառ չի ընդունվում, սակայն թույլատրելի է, եթե կրոնական բռնության դրսեւորումներ կան:
Պսակի խորհուրդը Եկեղեցին է կատարում, եւ միայն կաթողիկոսն է, ով իրավունք ունի այն լուծելու:
Եվ այսպես. պսակի խորհուրդը եկեղեցում կատարելուց հետո հայ քրիստոնյաները, ընդունված ծիսակարգի համաձայն, հավաքվելով հարսանեկան ճոխ սեղանի շուրջ, խնջույք են կազմակերպում եւ շնորհավորում պսակը:

 

 

Պատմական Հայաստանի տարբեր նահանգներում հարսանյաց ծեսը տարբեր ձեւերով են կատարվել:  Մեր պարագայում, բոլորիս սուրբ պարտականությունն էª պահպանել Արցախ աշխարհում դարերով ձեւավորված եւ հաստատված հարսանյաց ծիսակարգը, այլ ոչ թե տրվելով օտարամոլությանը եւ նորաձեւությանը, այն համապատասխանեցնել, այսպես կոչված, ՙեվրոպական կամ միջազգային չափանիշներին՚: Ի դեպ, եվրոպական ցանկացած քաղաքակիրթ ազգ ունի հստակ արմատավորված պսակի կամ հարսանիքի ծիսակարգ, եւ դժվար թե իտալացիների հարսանիքը շփոթեցվի հարեւան հունացիների, գերմանացիների կամ ֆրանսիացիների հարսանիքների հետ: 

 

 

Արցախում կատարվող հարսանիքների բացարձակ մեծամասնությունը ո°չ հայկական է, ո°չ եվրոպական եւ ո°չ էլ  աֆրիկյան: Ժամանակակից հայի հարսանիքի տարբեր հատվածներում կարելի է ականատես լինել տարբեր ազգերի, ցեղերի ու ցեղախմբերի հարսանիքների տարրերիª սկսած ռուսականից, լատինամերիկյանից, պապուասականից, մոզամբիկա-զիմբաբվեականից, վերջացրած վրացա-լեզգիականով£ Պատկերացնո՞ւմ եք` վրացական հարսանիքում գոնե մեկ հայկական երգ կամ պարեղանակ հնչի: Քավ լիցի, խոսքը նրա մասին չէ, թե մեր հարեւան վրացիները մեզ սիրում են, թե չեն սիրում, այլ նրա մասին, որ ավանդապահ վրացիները հարգում են իրենց հարսանեկան ծիսակարգը եւ այն ոչ մի հանգամանքում չեն խախտի:  Իսկ մենք հայերս… Հետաքրքիր է, այդ ո՞ր խելոքն է սահմանել ժամանակակից հայի հարսանյաց ՙծիսակարգը՚: Ախր նորմալ մարդու բանականությունից դուրս է, երբ հարսանքավորները հավաքվում են, նստում հարսանյաց սեղանի շուրջ եւ սպասում (երբեմն 1 ժամից ավելի), թե երբ են հարսանիքը նկարահանող օպերատորի հրահանգները բարեխղճորեն կատարող հարսն ու փեսան եւ նրանց ուղեկցող հարազատները ժամանելու հանդիսությունների սրահ: Եւ, ի զարմանս սեղանի շուրջ նստած հարսանքավորների, երբ նրանք գալիս են, անմիջապես չեն մտնում դահլիճ եւ ներողություն չեն խնդրում ՙհանդիսականներից՚, այլ սպասում են, որ թամադան մեկ-մեկ, կամ երկու-երկու նրանց ներս հրավիրի: ՙՆերս ենք հրավիրում հարս ու փեսային՚,- ասում է թամադան եւ բոլորը պարտադրաբար ծափահարում են: Հետո մյուս ՙուշացածներին՚ է հերթով ներս հրավիրում, իհարկե, ծափողջույնների ներքո: Եւ այդ զարմանահրաշ թատերականացված արարողությունը կարող է տեւել մինչեւ կես ժամ: Դրանից հետո սկսվում է շոու-հարսանիքը: Որպես գաղտնիք նշենք, որ հաճախ հարսանքավորներից ոմանք, 20-25 րոպե սպասելուց հետո, ներքին կարգով մի քանի կենացներ են խմում եւ երբ սկսվում է բուն հարսանիքը, իրենք արդեն ՙպատրաստ են լինում՚:

 

 

Հարսանիքը սկսված է: Թամադան, ով սովորաբար տվյալ հանդիսությունների տան մշտական ՙհաղորդավարներից՚ մեկն է լինում, հարսանքավորների ՙծափողջույնների ներքո՚, իր ուզած կարգով կենացներ է ասում: Միջանկյալ նշենք  երբ մարդուն ուզում են հանդիմանել, ասում են` ՙԿենացները խառնում է՚: Մեր թամադաները ոչ միայն կենացներն են խառնում կենացների հերթականությունն են խախտում, այլ հանդիսավորությամբ խմում են ոչ շնչավոր առարկաների, ավելի ճիշտª կերակրատեսակներիª հարսանեկան տորթի եւ խորովածի կենացները: Որոշ թամադաներ էլ, կոպտորեն խախտելով հարսանյաց ծիսակարգը, երկրորդ կենացը նվիրում են Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին բաժակներն իրար զարկելովª խմում: Հետաքրքիր է, թամադան ՙտխուր կենացը առաջ է տալիս՚, որ ուրախությանը չխանգարի՞: Ախր դա անմտություն է եւ անհարգալից վերաբերմունք զոհվածների հիշատակի հանդեպ: Անմտությունից անցնենք խեղկատակությունների շարքին: Առաջին խեղկատակությունն այն է, որ թամադան հարս ու փեսայի կենացը խմելուց հետո, նրանց հրավիրում է պարելու ՙառաջին հարսանեկան տանգոն՚:

 

 

Հետաքրքիր է այդ երբվանի՞ց է հարսը, ով խորհրդանշում է հեզությունը եւ խոնարհությունը, իր հարսանիքին ուրախությունից արբած, հարյուրավոր մարդկանց ներկայությամբ գրկախառնվում փեսային ու տանգո պարում: Երկրորդ խեղկատակությունը հարսն ու փեսան իրար ձեռքից բռնած, բաժակները ձեռքին բոլոր հարսանքավորների հետ մեկ-մեկ բաժակ են խփում: Դա ոչ միայն խեղկատակություն է, այլ նաեւ անպարկեշտություն ու աներեսություն: Երրորդ խեղկատակությունը հարս ու փեսայի պարելու հաճախականությունն է, ավելի ճիշտ պարահրապարակից չբացակայելու մարմաջը: Ասես դիսկոտեկում լինեն: Ախր, բոլորին է հայտնի, որ հարս ու փեսան մեկ կամ երկու անգամ պետք է պարեն իրենց հարսանիքում, այն էլ քավորի թույլտվությամբ: Դե, քավորի մասին չգրենք, որովհետեւ նման հարսանիքների ժամանակ նա ավելի շատ նկարահանող օպերատորի օգնականն է, քան քավոր:

 

Բոլորին է հայտնի, որ հարսանիքին ՙհամ ու հոտ բերողը՚ երաժիշտներն ու երգիչներն են, որոնք թամադայի հսկողությամբ, հերթականությամբ ՙանուշացնում են՚ կենացները: Բայց արի ու տես, որ մեր հայկական հարսանիքների ժամանակ կատարվող երգերի ու պարեղանակների գերակշռող մասը ոչ հայկական է (հայերեն ասվող երգը դեռ հայկական չէ), այլ ռուսա-հրեական կամ ՙգողական՚, որոնք կարող են անգամ ամենաֆանտաստ գրողի երեւակայությունը խաթարել: Հազվադեպ է լինում, որ հարսանիքներին զուլալ հայկական ժողովրդական կամ աշուղական 3-4 երգ են կատարվում:

 

Նորից անդրադառնանք հարսանիքի թամադային, ավելի ճիշտ հարսանյաց հանդեսը կամ շոուն վարողին, այն մարդկանց, որոնց բացարձակ մեծամասնությունը մինչեւ հարսանիքը սկսելը անգամ ծանոթ չէ հարս ու փեսայի հարազատներին, ՙշպարգալկային՚ նայելով են նրանց անունները ՙհիշում՚, ու նախօրոք մշակված սցենարի համաձայն աղավաղում հայկական ավանդական հարսանյաց ծիսակարգը: Փաստորեն, նման թամադաները (եւ ոչ միայն նրանք) խախտում են մեր երկրի ՙՈչ նյութական մշակութային ժառանգության մասին՚ օրենքը եւ մնում անպատիժ, քանի որ նշված օրենքում իրավախախտների համար պատիժ չի սահմանում, այլ ՙՈչ նյութական մշակութային ժառանգության մասին՚ օրենքի պահանջները խախտողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրում են պատասխանատվություն: Թե դա ի՞նչ պատասխանատվություն է, հայտնի չէ:

 

 

Լավ, չերկարացնենք. մարդիկ ուզում են ուրախանան, վերջին հաշվով հարսանիք է չէ՞: Այո, եկեք ուրախանանք, բայց ուրախանանք հայոց հարսանեկան ծիսակարգը խստագույնս պահպանելովª նորաստեղծ ընտանիքի հիմքը ճիշտ դնելով: Եկեք ուրախանանք, բայց ոչ հասարակական կարգը խախտելով, մանկահասակների ու մեծահասակների հանգիստը փչացնելով, հիվանդների, տառապյալների ու սգավորների հոգեվիճակն արհամարհող հարսանեկան ավտոշարասյան շչակների արձակած անտանելի աղմուկներով:
Հաշվի առնելով թեմայի լրջությունը եւ կարեւորությունը, առաջարկում եմ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարությանը` կազմակերպել ՙկլոր սեղան՚ ու հրավիրել Արցախում հայտնի թամադաներին, հարսանյաց հանդեսներ վարողներին եւ ընդհանուր ուժերով վերականգնել մեր ավանդական հարսանեկան ծիսակարգը: Հակառակ դեպքում     ՙՈչ նյութական մշակութային ժառանգության մասին՚ օրենքը մնալու է թղթի վրա:

 

 

 

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ

1